Բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը նախատեսում է 2017թ․ անցում կատարել Երևան-Բրյուսել կանոնավոր չվերթների, հաղորդում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի ծառայությունից։
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ընդունել է Brussels Airlines-ի ներկայացուցիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին և Օդային քաղաքականության, կառավարության և միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին:
Հանդիպմանը բելգիացի գործընկերները հաստատել են, որ Brussels Airlines ավիաընկերությունը 2016թ․ դեկտեմբերի 10-ից մինչև 2017թ․ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Երևան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթներ:
«Ընկերությունը նախատեսում է նաև 2017թ․ անցում կատարել կանոնավոր չվերթների: Այժմ իրականացվում է շուկայի համապատասխան ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը»,- ասված է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ:
Սերգեյ Ավետիսյանը ողջունել է բելգիական ավիաընկերության մուտքը Հայաստանի ավիացիոն շուկա՝ կարևորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը և շուկայի դիվերսիֆիկացումը:
Civilnet











