Պաշտպանության ոլորտի խնդիրներով զբաղվող «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը քննադատում է, որ 2017թ․ պետական բյուջեում պաշտպանությանն ուղղված հատկացումները չեն ավելացել։
Ֆեյսբուքյան իր էջում նա տեղադրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ելույթը Ազգային ժողովում և գրել, որ նոր կառավարությունը շարունակում է գնալ նախորդի հետքերով։ Չալաբյանն ընդգծել է, որ Ադրբեջանը 60 տոկոս բարձրացնում է պաշտպանական ծախսերը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը մերժում է պատգամավորների բազմակուսակցական խմբի կողմից պատրաստված, մանրամասն հիմնավորված, պաշտպանական ծախսերի 10 տոկոս ավելացման փաթեթի գեթ մի առաջարկությանը՝ հղում կատարելով միջոցների բացակայությանը։
Ավետիք Չալաբյանը մատնացույց է անում, թե որտեղից կարելի է գտնել գումարներ պաշտպանության ոլորտին ուղղելու համար։
ա) կրճատել արտաքին պետական պարտքի սպասարկման մասհանումերը՝ պետական պարտքի մասնակի ներքին վերաֆինանասավորման միջոցով,
բ) կրճատել պետության կողմից իրականացվող տնտեսության սուբսիդավորումը․ այն որևէ տնտեսական արդյունքի չի բերում,
գ) պակասեցնել մանրածախ առևտրում և սպասարկման ոլորտում ստվերային շրջանառությունը,
դ) վերականգնել շքեղության հարկը, պրոգրեսիվ հարկել թանկարժեք անշարժ գույքը,
ե) մետաղների աճող գների պայմաններում ավելացնել հանքահումքային ոլորտից ստացվող ռոյալթիները։
Չալաբյանը գրում է, որ այս միջոցներն ավելի քան բավարար են պաշտպանական ծախսերի 10 տոկոս ավելացման համար։
Խնդրին արձագանքել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Եկել աշխատողներից 1000 դրամ եք հավաքում, այն դեպքում երբ մեր առաջարկների կոնկրետ ֆինանսավորման աղբյուրների տեղերը Ավետիք Չալաբյանը շատ լավ ներկայացրել է։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում, պաշտպանական ոլորտի հետ կապված մեր առաջարկները պետք է ընդունվեն»,- Ֆեյսբուքում գրել է Մարուքյանը։
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի
Civilnet











