Գլխավոր Լրահոս

Հայաստանը 25 տարի անց․ Քարնեգի հիմնադրամի անդրադարձը

Հայաստանը 25 տարի անց․ Քարնեգի հիմնադրամի անդրադարձը

Ամերիկյան Քարնեգի հիմնադրամի Եվրասիայի և Ռուսաստանի հարցերով ավագ փորձագետ Փոլ Սթրոնսկին Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ծավալուն հոդված է հրապարակել՝ ամփոփելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական հիմնական իրադարձությունները։ «Հայաստանը 25 տարի անց․ խրթին ուղի» (Armenia at Twenty-Five: A Rough Ride) վերնագրված հոդվածից որոշ հատվածներ ներկայացված են ստորև։ 

Հայաստանը նախկին խորհրդային երկրների երկու խմբերից դուրս է

Եվրասիայում քաղաքական կղզյակ հանդիսացող Հայաստանը կարողացել է դիմադրել նախկին խորհրդային երկրների մեծամասնության որդեգրած զարգացման երկու գերիշխող հարացույցներին։ Առաջին խմբի երկրները, այդ թվում՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ժողովրդավարական են, ընդհանուր առմամբ՝ արևմտամետ, և ձգտում են հնարավորինս հեռու մնալ Ռուսաստանից։ Այս երկրները էական հաջողությունների են հասել ժողովրդավարական հասարակություններ կառուցելու գործում, նույնիսկ երբ հաճախ նրանց կառավարման առկա պրակտիկան տուժում է անգործությունից։

Ադրբեջանը, Բելառուսը և Կենտրոնական Ասիայի մեծ մասն ընդունել են հակառակ, ավտորիտար հարացույցը: Թեև այդ երկրներում մարդու իրավունքների վիճակը բարդացնում է Արևմուտքի հետ ավելի մոտ գործւնկերության զարգացումը, այստեղ քչերն են արտաքուստ ռուսամետ, իսկ նրանք, ովքեր այդպիսին են թվում, դա անում են ավելի շուտ անհրաժեշտությունից, քան թե ազատ կամքից դրդված։

Համեմատական առումով, ավտորիտար երկրների հետագծերը մինչ այժմ ընդհանուր առմամբ եղել են ավելի կայուն, թեև այդ կայունությունը ձեռք է բերվել այդ երկրների քաղաքացիական հասարակությունների հսկայական զոհողությունների գնով։

Հայաստանն այս երկու ճամբարներից և ոչ մեկի մեջ ամբողջությամբ չի տեղավորվում։ Անվտանգության նկատառումները պատմականորեն Հայաստանին մղել են դեպի Մոսկվայի ուղեծիրը, սակայն այդ դաշինքը դեռ չի վերածվել կտրուկ շրջադարձի դեպի ավտորիտարիզմ, ինչպիսին տեսնում ենք այլուր Եվրասիայում։  Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, ինչպես և երկրի մեծաթիվ քաղաքական կուսակցությունները, շարունակում են մնալ բավականին ամուր և ակտիվ։

Քաղաքացիական հասարակության մասին

Քաղաքացիական ակտիվիստները և ընդդիմադիր գործիչները արդյունավետ օգտագործում են սոցիալական մեդիան և դուրս գալիս փողոց, երբ ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել։ Կոռուպցիան շարունակում է մնալ երկրի քաղաքական, սոցիալական, և տնտեսական արդիականացման ամենամեծ խոչընդոտներից մեկը։

Քաղաքացիական հասարակության՝ ընտրական և սահմանադրական միջոցներով քաղաքականության վրա ազդելու կարողությունը մնում է կաշկանդված, բայց այն երբեմն ձեռք է բերում արդյունքներ, թեև ավելի հաճախ փողոց դուրս գալու շնորհիվ, քան ֆորմալ կառավարման մեխանիզմների միջոցով։ «Ֆրիդոմ Հաուզի» կողմից ներկայացվող «Ազատության վարկանիշն աշխարհում» 2016թ. զեկույցում երկիրը որպես «մասամբ ազատ» է գնահատվել։ Նույն վարկանիշն են ստացել արևմտամետ Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան։  

Սակայն Հայաստանի՝ տարածաշրջանային կղզյակի կարգավիճակը սպառնալիքի  տակ է։ Հայաստանյան քաղաքականության մեջ թափանցիկության բացակայության պատճառով աճող դժգոհությունները, ստատուս քվոյի շուրջ աճող հիասթափությունը և քաղաքական համակարգում մոտալուտ սերնդափոխությունը հարցականի տակ են դնում Հայաստանի՝ մասնակի ժողովրդավարության մոդելի կայուն լինելը։ 2014թ. Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հետևանքով Եվրոպայում առաջացած աշխարհաքաղաքական լարվածությունը Երևանի համար  ավելի է դժվարացրել Մոսկվայի հետ իր անվտանգության կապերի ու Չինաստանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հետ ավելի լայն տնտեսական կապերի հաստատման հավասարակշռման ձգտումը։  

Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը եռանդուն և աննկուն է մնում: Հայաստանն ունի մարդու իրավունքների խնդիրների իր մասնաբաժինը, սակայն մինչ օրս դիմադրում է դեպի ավտորիտարիզմ կտրուկ շրջադարձ կատարելուն, ինչին վերջին տարիներին ականատես ենք եղել այլուր Եվրասիայում: Դա պայմանավորված է Հայաստանի քաղաքացիական հասարակության դինամիկ բնույթով,  կիսաբաց քաղաքական համակարգի՝ օլիգարխիկ խմբերի հետ մրցակցելու կարևորությամբ և քաղաքական էլիտաների ընկալումով, որ նման շրջադարձը կսրի Արևմուտքի ու սփյուռքի ազդեցիկ գործիչների հետ հարաբերությունները, որը Երևանը յուրահատուկ պատնեշ է համարում Ռուսաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական գերիշխանության դեմ։

Ընտրական օրենսգրքի մասին

Այս [հետագա ընտրակեղծիքների] մտահոգություններից ելնելով՝ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ աշխատել են իշխանությունների հետ, ինչը կարող է օգնել կանխելու քվեարկության հետ կապված հնարավոր խախտումները: Իշխանությունները նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական նոր կառուցվածքը հիմնավորում են որպես հանրության ազդեցությունը որոշումների կայացման գործընթացի վրա մեծացնելու միջոց։ Բարեփոխումը կարող է հանգեցնել ավելի հաշվետու կառավարության, բայց բնակչության ստվար հատվածը դրան թերահավատոորեն է վերաբերվում։

Բաց են մնում նաև հարցերը, թե ինչպես կձևավորվի քաղաքական նոր կառուցվածքը, ով կառաջնորդի երկիրը, և թե 2018-ից հետո ինչ դեր կխաղան ներկայիս նախագահը կամ նրա երկու նախորդները, ովքեր ձգտում են պահպանել ազդեցությունը։

2017-ի ապրիլի խորհրդարանական ընտրությունները սկիզբ կդնեն դեպի նոր քաղաքական համակարգ երկամյա աստիճանական անցման: Առաջիկա ընտրական ցիկլը քաղաքական իսթեբլիշմենթի համար դժվարին ժամանակ է։ Տնտեսությունը կաղում է, նվազել են Ռուսաստանից դրամական փոխանցումները, աճում են սոցիալ-տնտեսական դժգոհությունները։ Կենտրոնական բանկը 2016թ․ հունվար-նոյեմբերին յոթ անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ կառավարությունը պատրաստվում է էլ ավելի կրճատել  ծախսերը: Հայաստանն առայժմ չի տեսել Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) իր անդամակցության օգուտները։

Իշխող կուսակցությունն ամուր կառչած է իշխանությանը, սակայն այն սպասվածից ավելի վատ ցուցանիշներ դրսևորեց 2016թ․ աշնանը ՏԻՄ ընտրություններում՝ չնայած սեպտեմբերի սկզբի կառավարության փոփոխություններին և ընտրախախտումների մասին պնդումների ֆոնին։ Հայաստանի մեծությամբ երրորդ՝ Վանաձոր քաղաքի ավագանում տարբեր կուսակցություններից ընդդիմադիր թեկնածուները ավագանում ավելի շատ մանդատ ստացան, քան իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Սակայն ավագանու մի քանի ընդդիմադիր անդամներ փակ գաղտնի քվեարկության ժամանակ խախտեցին ընդդիմադիրների միջև ձեռք բերված համաձայնությունը և աջակցեցին իշխող թեկնածուին՝ այդպիսով հնարավորություն չտալով, որ ընդդիմադիր թեկնածուն դառնա, ինչը մեծացրեց հանրության կասկածները այս ընթացակարգի անաչառության նկատմամբ։  

Ապրիլյան քառօրյա պատերազմը ցնցեց հայաստանցիներից շատերի ինքնագոհությունը և նրանց մեջ կասկածներ առաջացրեց, որ Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքներ վերահսկողության հարատևության շուրջ։ Կորուստները պատերազմում հարցականի տակ դրեցին երկրի ռազմական պատրաստվածությունը՝ մի բան, որը կառավարության լեգիտիմության հենասյուներից մեկն էր։ Կորուստները նաև հանրային քննարկումների լայն դաշտ բացեցին երկրի անվտանգության վրա կոռուպցիայի ունեցած քայքայիչ ազդեցության մասին, ինչը պաշտպանության նախարարությանը 2016-ի գարնանը դրդեց աշխատանքից հեռացնելու կամ ձերբակալելու մի քանի պաշտոնյաների։

Սասնա ծռերի մասին

Ոչ բոլոր ցուցարարներն էին սատարում խմբի բռնի մարտավարությունը, սակայն ցույցերը ցույց տվեցին, որ բազմաթիվ հայեր հիասթափված են ստատուս-քվոյից և առնվազն համակրում էին նրանց, ովքեր պատրաստ էին ծայրահեղ քայլերի գնալ:

Այդուհանդերձ, այն փաստը, որ շատ հայեր համարում էին պատանդ վերցնողների և ցուցարարների ծայրահեղ քայլերը որպես փոփոխությունների հասնելու լեգիտիմ միջոց, անհանգստացնող է։ Սա ենթադրում է, որ իշխանության և ժողովրդի միջև անդունդը շարունակում է խորանալ, և որ իշխանական ինստիտուտները լուծում չեն տալիս հանրային մտահոգություններին։

Տնտեսություն․ Հայաստանը նման է Ուկրաինային

Հայաստանի տնտեսությունը վերահսկում են մի քանի օլիգարխներ, որոնք երկրի աշխարհաքաղաքական մեկուսացումից օգտվել են՝ ամուր վերահսկողություն սահմանելու երկրի տնտեսության վրա։ Սրանով Հայաստանը որոշակիորեն նման է Ուկրաինային, որտեղ մրցակցային քաղաքականությունը գոյակցում է օլիգարխների մենաշնորհային տնտեսությանը զուգահեռ։ Օլիգարխիկ ազդեցությունը քաղաքականության մեջ շարունակում է մնալ հիմնական խոչընդոտ թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում, իսկ ստատուս քվոյի շուրջ հասարակական հիասթափությունները բարձր են երկու երկրներում էլ։

Հայաստանն ու Ուկրաինան ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսում մոտ են իրար՝ Հայաստանը 85-րդ տեղում է, Ուկրաինան՝ 81-րդ։ Երկու երկրներն էլ շատ ավելի ցածր դիրքում են, քան Ռուսաստանը (50), և մի փոքր ավելի ցածր Հայաստանի անմիջական հարևաններից՝ Իրան (69), Թուրքիա (72) , Վրաստան (76), և Ադրբեջան (78): Համաշխարհային բանկի տնտեսական աճի կանխատեսումը Հայաստանի համար 2016 թ. կազմել է 1.9 տոկոս, ինչը 2015թ․ 3.0  տոկոսից և 2012թ․ 7.2 տոկոսից զգալիորեն ցածր է։ Հայաստանը ցածր միջին եկամուտ ունեցող երկրիր է՝ մեկ շնչին բաժին ընկնող $ 3489 ՀՆԱ-ով։  Իրարահաջորդ կառավարությունները ձախողել են արդյունավետ տնտեսություն ստեղծելու ջանքերում, ինչը կնպաստեր փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներին, կընդլայներ օտարերկրյա ներդրողների բազան և կպաշտպաներ երկրի բնակչությանը:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին

Անկախության վաղ օրերից՝ Հայաստանը փորձել է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Չնայած, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և Մոսկվայի կողմից ղեկավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ԵՏՄ անդամ, այն շարունակում է փնտրել առևտրային և անվտանգության կապեր Արևմուտքի հետ, և վերջերս դրանց թվին ավելացրեց Չինաստանը՝ որպես իր հավասարակշռող քաղաքականության մաս։ Հայաստանի հարաբերությունները սփյուռքյան հայ համայնքների հետ նպաստում են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու Ռուսաստանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և անգամ Լատինական Ամերիկայի հետ կապերի հաստատմանը։ Ադրբեջանի նավթային եկամուտները կամ Թուրքիայի քաղաքական ազդեցությունը չունեցող Հայաստանի համար մեծ է սփյուռքի կարևորությունը Կովկասի վերաբերյալ  միջազգային հանրության կարծիքի և քաղաքականություն մշակողների որոշումների վրա ազդելու համար։

Սփյուռքը, սակայն, կարող է խաղալ երկակի դեր։ Սփյուռքահայերն ավելի մեծ կարևորություն են տալիս Ցեղասպանության ճանաչման օրակարգին, քան Հայաստանի իշխանությունները։ Որքան էլ հասկանալի լինի Սփյուռքի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, որն իրականացրեց Ցեղասպանությունն ու մինչ այժմ ժխտում է այն, դա չի նպաստում Հայաստանի մեկուսացումը կամ նրա տնտեսական խնդիրները մեղմելուն, ինչը երկրի քաղաքացիների հիմնական մտահոգությունն է։

Շատերը սփյուռքում, օրինակ, նախանձախնդրորեն դեմ հանդես եկան հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններին, մինչդեռ Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ողջունեց դրանք։ Հայաստանի բնակիչները ավելի մեծ պատրաստակամություն են ցուցաբերում թուրքերի հետ միջանձնային մակարդակում շփումներ ունենալու հարցում, քան սփյուռքահայերը, և այդ ներգավվածություններն էին, որ դրեցին կարգավորման գործընթացի հիմքը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում