Ստալինյան մաքրագործումների առաջին հայ զոհի՝ Աղասի Խանջյանի առանձնատունը կարող է հին Երևանի եզակի շինություններից լինել, որը քաղաքապետարանի գործողություններին զոհ չի դառնա։ Օրեր շարունակ շենքը շրջապատված է «Ավելի բարեկարգ Երևան» պաստառով, որը շարքային երևանցու համար շենքի քանդման և ապամոնտաժման ահազանգ է հիշեցնում։ Սակայն Աբովյան 8 հասցեում գտնվող հուշարձան-շենքի արտաքին տեսքին վտանգ չի սպառնում։ Երևանի քաղաքապետարանը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նշել է ՝ շենքի ուղղությամբ կատարվող աշխատանքները առավելապես վերաբերում են ներքին վերանորոգմանն ու մաքրմանը։
Այնուամենայնիվ, մշակույթի նախարարության կողմից հաստատված նախագծի համաձայն՝ շենքի առավելապես վնասված երեսքարերը ապամոնտաժվելու են, սև տուֆով իրականացվելու է նոր տաշուշար, մաքրվելու և վերանորոգվելու են գլխավոր ճակատները, երկրորդ հարկում 1970-ական թվականների վերջին իրականացված պատուհանի բացվածքը լրացվելու է նոր տաշուշարով։ Խոնավությունից ուռած շենքի դուռը մինչև տարեվերջ հանվելու և տեղափոխվելու է՝ ռեստավրացիոն աշխատանքների նպատակով։ Աշխատանքային նախագծում հաշվի են առնված 2015-ի մայիսի 27-ին կատարված մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի առաջարկությունները։

Շենքի ներսն այժմ հիմնանորոգման է ենթարկվում, կատարվում են ջերմամեկուսացման աշխատանքներ։ Շենքի կառուցապատող սեփականատեր Ֆոքսֆորդ ՍՊԸ-ի ներկայացուցիչը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ վերանորոգվելուց հետո շենքում տեղակայվելու է Նոյան Տապան գրախանութը։

Շենքը 130 տարվա հարուստ պատմություն ունի։ 1884 թվականին այն կառուցվել է գործարանատեր եղբայրներ Գրիգոր և Բարսեղ Եղիազարյանների պատվերով, մինչև Հայաստանի խորհրդայնացումը եղել է նրանց առանձնատունը։ Խորհրդային Միության սկզբնավորման տարիներին՝ 1923-1927 թթ., շենքը եղել է ՀԿԿ կենտկոմի գրասենյակը։ 1930-1936թթ.՝ մինչև իր կյանքի վերջը, շենքում ապրել և աշխատել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Հետագայում շենքում տեղակայվել է «Գիտելիք» ընկերությունը։ Անկախ Հայաստանի տարիներին շենքը զգալի օգտագործման չի ենթարկվել։
Civilnet











