Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
Վարչապետը նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն:
«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», - նշել է կառավարության ղեկավարը:
Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ:
Հունվարի սկզբին Իրանի և Թուրքմենստանի միջև տեղի էր ունեցել առևտրային վեճ։ Թուրքմենստանը սպառանցել էր դադարեցնել Իրանի հյուսիսային շրջանների գազամատակարարումը՝ Իրանից պահանջելով փակել 2016-ի ամբողջ պարտքը։ Իրանը հայտարարել էր, որ Թուրքմենստանի դեմ հայց է ներկայացնելու միջազգային դատարան։