Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպանության հետ քննարկել է «հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ հիմնելու հարցը:
Հունվարի 14-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է Իրանի դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հետ կապված հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք:
Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարևորել է Հայաստան-Իրան համագործակցությունը և նշել, որ երկու երկրների միջև գործակցությունը զարգացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են:
Նա նաև նշել է, որ Հայաստանում «հալալ»-ի գրասենյակ բացելը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար: «Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակվորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը:
Տարասյանը կարևորել է նաև Հայաստանում և Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը և համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, ինչը փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար:
Աբաս Ղորբանին իր հերթին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ և ջանք չի խնայում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Նա ևս կարևորել է Հայաստանում «հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան և այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Civilnet











