Գլխավոր Լրահոս

Ի՞նչ չի արել կառավարությունը 100 օրում

Ի՞նչ չի արել կառավարությունը 100 օրում

Մկրտիչ Կարապետյան

Կառավարությունը ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա կաբինետի 100 օրվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։ 

Կառավարության ծրագրում կային որոշ խնդիրներ, որոնք լուծվելու էին եռամսյա ժամկետում։ Այժմ տեսնենք, թե դրանցից որոնք ինչ ճակատագրի են արժանացել.


Կառավարությունն իր ծրագրում հստակ նշել էր, որ եռամսյա ժամկետում ապահովելու է յուրաքանչյուր դպրոցի բյուջեի ու ծախսերի կատարման վերաբերյալ հանրային հաշվետվություն։ Կառավարությունն իր 100 օրվա հաշվետվությունում նշել է, որ ստեղծվել է հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզը՝ http://map.schoolnet.am։ Այն ստեղծվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից։Այստեղ, սակայն որևէ տեղեկություն չկա դպրոցների բյուջեների և ծախսերի վերաբերյալ, փոխարենը կարելի է տեսնել, թե Հայաստանի որ դպրոցը ինչ շենքային պայմաններ, քանի աշակերտ և ուսուցիչ ունի։ 100 օրն անփոփող հաշվետվությունում կառավարությունը տեղեկացնում է, որ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմում 66 հաստիք կրճատվել է, ինչի արդյունքում կտնտեսվի 141 միլիոն դրամ։


Կառավարության ծրագրում նշված էր, որ եռամսյա ժամկետում համաֆինանսավորելու են նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված միջոցառումները։ Այս նոր հաշվետվությունից, սակայն պարզ չի դառնում՝ համաֆինանսավորումը կատարվել է թե ոչ։ Խորհրդարանի պետա-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «ՍիվիլՆեթ»-ի հարցին պատասխանելով նշել է, թե ինքը նույնպես ստույգ տեղեկություններ չունի՝ Հայաստանի կողմից ֆինանսավորումը կատարվել է թե ոչ։ Երեք ամսվա ընթացքում կառավարությունը մտադրվել էր նաև քրեականացնել «ապօրինի հարստացումը»։ Նոյեմբերի 18-ին կառավարությունը հավանություն տվեց ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծին, իսկ դեկտեմբերին այն ընդունվեց խորհրդարանում։


Կառավարության ծրագրով նախատեսվում էր երեք ամսում ամբողջովին գործարկել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների ստացման էլեկտրոնային համակարգը։ Այս համակարգի ամբողջական գործարկում տեղի չի ունեցել, ավելին՝ կառավարության 100 օրվա հաշվետվությունից բացակայում է «քաղաքաշինություն» գլուխն ու հայտնի չէ, թե այդ ոլորտում 100 օրում ինչ է կատարվել։


Կառավարությունը պարտավորվել էր եռամսյա ժամկետում փոփոխել անապահովության գնահատման ու մեթոդաբանության համակարգը։ Համակարգի փոփոխության որևէ նախագիծ կառավարության նիստերում չի քննարկվել։ Հաշվետվությունից ուղղակի պարզ է դառնում, որ այս ոլորտում փոփոխությունների համար եղել են առաջարկություններ։


Գյուղատնտեսության բնագավառում երեք ամսում պետք է հայեցակարգեր ընդունվեին սննդամթերքի անվտանգության, անտառային ոլորտի բարեփոխումների, բնակլիմայական աղետների կանխարգելման և  ոռոգման ջրամատակարարման ոլորտի կառավարման մասին։ Բացի ջրամատակարարման ոլորտի հայեցակարգի մշակումից, մյուսներն արվել են։ Կառավարությունը հայտարարել էր նաև խմելու ջրի համակարգում ներգրավել միջազգային հեղինակավոր միասնական օպերատոր։ Նոյեմբերի 17-ին «Վեոլիա ջուր»-ը պաշտոնապես գրանցվեց որպես Հայաստանի տարածքում խմելու ջրի միասնական օպերատոր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում