Գլխավոր Լրահոս

Պարույր Հայրիկյանը և ԱԻՄ-ը. անցյալից

Պարույր Հայրիկյանը և ԱԻՄ-ը. անցյալից

Պարույր Հայրիկյանը և նրա հիմնադրած Ազգային ինքնորոշում միավորումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Արամ Գասպարի Սարգսյան դաշինքով:

Հայրիկյանը քաղաքականության մեջ է 1960-ական թվականների կեսերից, երբ անդամակցեց Հայկազ Խաչատրյանի ստեղծած ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցությանը՝ ԱՄԿ-ին:

Բրեժնևյան լճացման տարիներից մինչև Միխայլ Գորբաչով Հայրիկյանը իր այլախոհական գործունեության պատճառով 17 տարի անցկացրել է խորհրդային բանտերում:

1987-ին, ազատվելով բանտարկությունից և վերադառնալով Հայաստան, Հայրիկյանը նախկին ԱՄԿ-ականների հետ ստեղծեց Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը, որին անդամակցեցին նշանավոր այլ հայ այլախոհներ ու ԱՄԿ-ականներ՝ Ռազմիկ Մարկոսյանը, Սուսաննա Ավագյանը, Մովսես Գորգիսյանը, Մեխակ Գաբրիելյանը, Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը, Հակոբջան Թաթևոսյանը:

Հենց ԱԻՄ-ի մի թևից էլ ստեղծվեց Հանրապետական կուսակցությունը:

1988-ին, երբ խորհրդային այլախոհները ազատվել էին բանտերից, Գորբաչովի հրամանով Հայրիկյանը, ով հրապարակավ և իր գործունեությամբ առաջ էր տանում Հայաստանի անկախության գաղափարը, արտաքսվեց Եթովպիա, այնտեղից անցավ Եվրոպա և Միացյալ Նահանգներ:

1990-ի նոյեմբերին նա վերադարձավ Հայաստան և իր տեղը զբաղեցրեց Գերագույն խորհրդում: Լինելով ԱՄՆ-ում, 1990-ին Հայրիկյանը ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր:

1991-ին Հայրիկյանը մասնակցեց նախագահական առաջին ընտրություններին և զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ստանալով քվեների 7 տոկոսը: 83 տոկոս քվեներով հաղթած Լևոն Տեր-Պետրոսյանի երդմանակալությանը Հայրիկյանը և ԱԻՄ-ականները պատասխանեցին սև դրոշների երթով:

1995-ի Ազգային ժողովի առաջին ընտրություններում Հայրիկյանի ԱԻՄ-ը հաղթահարեց 5 տոկոսի արգելքը և մտավ խորհրդարան:

1996-ի նախագահական ընտրություններում Հայրիկյանն իր թեկնածությունը հանեց հօգուտ ընդդիմության միասնական թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանի:

Ընտրություններից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցավ համախմբում Մանուկյանի շուրջ: Հայրիկյանից բացի՝ հօգուտ Մանուկյանի իրենց թեկնածությունը հանեցին Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը և «Արցախ-Հայաստան» միություն առաջնորդ Լենսեր Աղալովյանը: Մանուկյանին պաշտպանեց նաև ՀՅԴ-ն, որի գործունեությունը Հայաստանում կասեցված էր, իսկ նրա առաջնորդները՝ բանտարկված:

1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ Հայրիկյանի վարկանիշը դեռևս բավականին բարձր էր և ավելի բարձրացավ, երբ նա մի կողմ դրեց քաղաքական հավակնությունները և թեկնածությունը հանեց հօգուտ Մանուկյանի: Հետընտրական ցնցումների ողջ շրջանում Հայրիկյանը մնաց Մանուկյանի կողքին:

1998-ի իշխանափոխությունից հետո սկսվեց Հայրիկյանի և նրա կուսակցության հետընթացը: ԱԻՄ-ից հեռացան նրա բազմաթիվ անդամներ: 1998-1999 թթ. Հայրիկյանը Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ:

1999-ի խորհրդարանական ընտրություններում ԱԻՄ-ը ստացավ ձայների միայն 2 տոկոսը և չանցավ խորհրդարան: Դրանից հետո ԱԻՄ-ը և Հայրիկյանը այլևս լուրջ մասնակցություն և դերակատարություն Հայաստանի ներքաղաքական կյանքում չեն ունեցել:

Թերևս, արժանահիշատակ են 2013-ի նախագահական ընտրությունները, երբ նախագահի թեկնածու Հայրիկյանը ընտրություններից երեք շաբաթ առաջ փողոցում մահափորձի ենթարկվեց: Դրա կազմակերպման մեջ մեղավոր ճանաչվեց նախագահի մեկ այլ թեկնածու՝ ինքնակոչ էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Հայրիկյանը այդ ընտրություններում ստացավ քվեների 1 տոկոսից քիչ ավելին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում