Գլխավոր Լրահոս

Հայաստանը հետընթաց է արձանագրել Կոռուպցիայի ընկալման համաթվում

Հայաստանը հետընթաց է արձանագրել Կոռուպցիայի ընկալման համաթվում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը պատրաստել է 2016թ․ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» զեկույցը։ Հայաստանը հետընթաց է արձանագրել՝ 2015թ․95-98-րդ տեղերից նահանջելով 113-115-րդ տեղեր և գրանցել է 33 միավոր՝ 2015թ․ 35 միավորի փոխարեն։  «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի համաթվի հաշվարկված վիճակագրական սխալի չափը (4,01) հաշվի առնելով՝ 2015թ․ համեմատությամբ 2016թ․ կոռուպցիայի ընկալումը մնացել է մոտավորապես նույնը։ Կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությամբ՝ 0 միավորը նշանակում է բացարձակ կոռումպացված, 100 միավորը նշանակում է բացարձակ մաքուր։

Հունվարի 25-ին Երևանում հրավիրված ասուլիսին «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթվի 2016թ. արժեքն է 33, և այն Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: 2015թ. Հայաստանի համաթվի արժեքն էր 35, և այդ արժեքով այն 2015թ․ 168 երկրների շարքում կիսում էր 95-98-րդ տեղերը:

«Կոռուպցիայի միջազգային դասակարգման աղյուսակում 2015թ․ համեմատ Հայաստանը 18 տեղով նահանջել է 2016 թ․, ինչը մտահոգիչ է, քանի որ մենք դոփում ենք տեղում, առաջընթաց չկա: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը Բելառուսից հետո երկրորդ նվազ կոռուպացված երկիրն է [այդ միությունում]»,- ասաց Հոկտանյանը:

2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովոն և Բելառուսը առաջ անցան Հայաստանից: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է ոչ միայն բալթյան հանրապետություններին և Վրաստանին (2016թ. Վրաստանի համաթիվը 57 է` 2015թ. 52-ի փոխարեն, որն ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում), այլև այժմ նաև Բելառուսին, որի համաթիվը 2016թ. ունեցել է տպավորիչ բարելավում ։

Իր հարևաններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակում է զիջել նաև Թուրքիային (41)։ Իսկ  Ադրբեջանը (30) և Իրանը (29) ավելի ցածր դիրքում են:

Հայաստանին զիջում են Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Ռուսաստանի համաթիվը մնացել է 29 միավոր: Չի փոխվել նաև Ղրղզստանի համաթիվը՝ 28 միավոր, իսկ Ղազախստանում համաթիվը աճել է  1 միավորով՝   29։

2016թ․ աղյուսակում ներառված 176 երկրների 69 տոկոսի համաթվի արժեքները ցածր են 50 միավորից, ինչը ցույց է տալիս, թե հանրային ոլորտում կոռուպցիան որքան խորն ու համատարած է ամբողջ աշխարհում:

Այս տարի ավելի շատ երկրներ նահանջ են արձանագրել, քան առաջընթաց` հրատապ դարձնելով շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Առաջատարները Դանիան և Նոր Զելանդիան են՝ 90 միավոր, որոնց անմիջապես հաջորդում են Ֆինլանդիան՝ 89 միավոր, Շվեդիան՝ 88 միավոր:

Ամենավերջին տեղերում են Սոմալին՝ 10 միավոր, Հարավային Սուդանը՝ 11 միավոր, Հյուսիսային Կորեան՝ 12 միավոր և Սիրիան՝ 13 միավոր։

Չնայած աշխարհի և ոչ մի երկիր զերծ չէ կոռուպցիայից, դասակարգման աղյուսակի վերին հորիզոնականներում գտնվող երկրներն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ՝ բաց կառավարում, մամուլի ազատություն, քաղաքացիական իրավունքներ և անկախ դատական իշխանություն:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթիվը հրապարակվում է 1995-ից։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում