Գլխավոր Լրահոս

Իլհամ Ալիևի PR-ը Ջոջուք Մերջանլի գյուղում

Իլհամ Ալիևի PR-ը Ջոջուք Մերջանլի գյուղում
Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է նոր հիմնավորումներ գտնել 2016-ի Ապրիլյան պատերազմի համար և իր հանրությանը համոզել, որ մարդկային, ռազմական ու նյութական այն գինը, որ վճարեց Ադրբեջանը քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, լիովին արդարացված է: Թեև Ադրբեջանում լրատվամիջոցները խիստ վերահսկողության տակ են, շարունակում են լսվել սթափ ձայներ, որ Ապրիլյան պատերազմը պյուռոսյան հաղթանակ էր և ոչ ավելին: Իրականությունն այն է, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմին հաջողվել է գրավել Թալիշին մոտակա որոշ տարածք և շփման գծի հարավային հատվածում՝ Արաքս գետից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Լելե Թեփե (Վարազաթումբ) բարձունքը՝ հարակից մի քանի բլուրներով: Մի քանի անգամ Լելե Թեփեի բարձունք այցելելուց և լուսանկարվելուց հետո՝ Ալիևը նոր PR քայլ է անում. նրա հրամանով բարձունքին մոտ գտնվող Ջոջուք Մերջանլի գյուղը բնակեցվում է, և այդ նպատակով Ադրբեջանի կառավարությունը հատկացնում է 4 մլն մանաթ՝ 50 տուն կառուցելու և ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։ Ադրբեջանի Փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով՝ Ջոջուք Մերջանլիում նախկինում ապրած 400 ընտանիքներից 190-ն է վերադառնալու պատրաստակամություն հայտնել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ջոջուք Մերջանլին 2016-ի ապրիլին ադրբեջանական բանակի «հաջող ռազմական գործողության արդյունքում ազատագրվել է»։ Սա, իհարկե, կեղծիք է, Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանին չի հաջողվել գրավել որևէ գյուղ՝ լինի բնակեցված, թե ավերակ: Ջոջուք Մերջանլի գյուղը 1993-ի աշնանը ռազմական գործողությունների ընթացքում անցել է հայկական ուժերի վերահսկողության տակ, սակայն 1994-ի հունվարին ադրբեջանցիները կռիվներով հետ են վերցրել: Այն շատ մոտ է շփման գծին, և այդ պատճառով՝ գրեթե հնարավոր չէր բնակեցնել: 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանին հաջողվեց գրավել Լելե Թեփե բարձունքն ու հարակից բլուրները, արդեն Ջոջուք Մերջանլիում վերաբնակեցման հնարավորություններ են ստեղծվել: Քանի դեռ Լելե Թեփեն արցախյան ուժերի ձեռքում էր, Ջոջուք Մերջանլին և շփման գծին մոտ բնակեցված ադրբեջանական որոշ բնակավայրեր հայկական ուժերի ափի մեջ էին: Հիմա, երբ Լելե Թեփեն անցել է Ադրբեջանին, հակառակորդն ստացել է դիրքային առավելություն: Հենց այս իրողությունը կասկածի տակ է դնում հայկական կողմի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ժամանակին արած պնդումը, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմի կորցրած տարածքները չունեն ռազմավարական և մարտավարական նշանակություն: Սա էլ Սերժ Սարգսյանի PR-ն էր՝ ամեն կերպ ապացուցել, որ կորցրած 800 հեկտարը լուրջ նշանակություն չունի: Եթե չունենար, ապա այսօր Ջոջուք Մերջանլին չէր բնակեցվի: *** Արդյոք հայկական կողմը պե՞տք է ռազմական գործողություններով փորձի հետ վերցնել Լելե Թեփեն: Ես համոզված եմ, որ հայկական բանակն այսօր նման քայլի չպետք է դիմի երկու հիմնական պատճառներով: Առաջին, դա կարող է արժենալ տասնյակ կյանքեր, մինչդեռ մենք պետք է մտածենք անգամ մեր մեկ զինվորի կյանքի մասին, երկրորդ, դա կարող է նոր կարճաժամկետ, գուցե երկարաժամկետ պատերազմի պատճառ դառնալ՝ անկանխատեսելի հետևանքներով: Լուսանկարում՝ Լելե Թեփեն
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում