«Մեր երկրում պետության ղեկավարությունը, այս կամ այն ձևով, ընտրվում է օլիգարխիկ էլիտայի կողմից և ստիպված է լինում այդ էլիտայի շահերը հաշվի առնել»․ «168 ժամ» թերթի հետ զրույցում հայտարարել է «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը։ Հարցազրույցում Չալաբյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդրին։
«Մեր պետական կառավարման համակարգը, ըստ էության, ժառանգություն է Սովետական Միության պետական կառավարման համակարգից, որը հետագայում անցել է մի շարք փոփոխությունների միջով, բայց մեծ հաշվով՝ շարունակում է ապրել նույն տրամաբանությամբ: Բայց քանի որ միջավայրը նոր է, շուկայական, անգամ՝ վայրի կապիտալիստական է, այն չի կարողանում իր գործառույթները համարժեք իրականացնել:
Մեր պետական կառավարման համակարգի խորագույն արատը սերտաճումն է տարբեր բիզնես շահերի հետ, որոնք գտնվում են պետական համակարգից ֆորմալ առումով դուրս, բայց սողոսկում են նրա ներսը: Բազմաթիվ օրինակներ գիտենք, երբ պետական պաշտոնյաները ոչ միայն ունեն խոշոր բիզնես, այլև անթաքույց հովանավորում են իրենց բիզնեսը՝ օգտագործելով պետական լծակները:
Անուններ չեմ ուզում տալ, դրանք բոլորի շուրթերին են: Նաև բազմաթիվ օրինակներ կան, որոնց մասին նույնիսկ չգիտենք, քանի որ դրանք ավելի ցածր մակարդակի վրա են, բայց համատարած են:
Ըստ էության, խախտվում է մրցակցային դաշտը, ստեղծվում են մեծ քանակությամբ կոռուպցիոն ռիսկեր, բայց կա ևս մի խնդիր, որը մենք ավելի քիչ ենք պատկերացնում, և որը նույնիսկ ավելի մեծ է՝ այդ համակարգը չի իրականացնում պետական կառավարման բուն գործառույթները, քանի որ մարդկանց մեծ մասը, որ գտնվում է այդ համակարգում, ըստ էության, երկատված է սեփական բիզնես շահերի և պետության շահերի միջև: Սա շատ լուրջ խնդիր է իրականում և լուծման կարոտ է դեռ վաղուց:
Ցավոք, մինչև հիմա ՀՀ ոչ մի իշխանություն քաղաքական քաջություն չի ունեցել այս խնդիրը լուծելու: Եվ դա բոլորովին հեշտ չէ, որովհետև այդ սերտաճած շահերը պետք է կտրել, ինչը քաղաքական իմաստով ցավոտ է: Եթե մենք ունենայինք պետության ղեկավար, որը չի ընտրվում, այլ նշանակվում է «վերևից» և բացարձակ կախված չէ երկրի ներսի էլիտաների շահերից, գուցե նա գնար այդպիսի ցավալի անդամահատումների:
Սակայն իրականությունն այն է, որ մեր երկրում պետության ղեկավարությունը, այս կամ այն ձևով, ընտրվում է օլիգարխիկ էլիտայի կողմից և ստիպված է լինում այդ էլիտայի շահերը հաշվի առնել, որի հետևանքով էլ չի կարողանում խզել այդ կապվածությունները:
Բացի այդ, պետական կառավարման համակարգն ունի նաև պարզ սոցիալական սերտաճումներ: Նրանում մոտ 35 հազար մարդ է աշխատում՝ նույնիսկ չհաշված բանակը, բժիշկներին կամ ուսուցիչներին: Այսինքն՝ դա մոտ 35 հազար ընտանիք է, փոփոխությունների դեպքում առաջանում են սոցիալական դժգոհություններ ու քաղաքական ռիսկեր, և, փաստորեն մենք ստանում ենք փակ շրջան։
Հիմա եկել է պահը, երբ հասկանում ենք, որ այսպես ապրել այլևս չի կարելի, պետք է ինչ-որ բան փոխել: Եվ ամեն մեկը պետք է հասկանա, որ պետք է զոհաբերել ինչ-որ բան, որպեսզի հասնենք դրական հանրային արդյունքի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթում։
Civilnet











