Երեք տնակների դիմահատվածերից կազմված բակում ոչխարները ցրտից կծկված նստած են։ Տարբեր տարողության ցիստերնները հարյուրյակի հասնող ոչխարներից ավելի շատ տեղ են զբաղեցնում։ Երիտասարդ տղամարդիկ զրուցում են իրենց լեզվով, հետո դեպի ցիստերններն ուղղված տեսախցիկը տեսնելով՝ հայերենով ասում են.

- Էս եկե՞լ եք տեսնեք՝ ոնց ենք ապրում։
- Եկել ենք տեսնենք, թե լավ ա, մենք էլ գանք ստեղ ապրենք։
Պատասխանիս վրա դառը ծիծաղում են՝ հավատները չի գալիս։ Ես, որ այցելածս գրեթե բոլոր, անգամ ամենաաղքատ գյուղերի բնակիչներից նկարահանումների վերջում լսել եմ «արի մեզ մոտ հարս, քեզ լավ կպահենք» արտահայտությունը, մի պահ լռում եմ։ «Հայ հարսը եզդիների ինչին է պետք», - փորձում եմ դրական բացատրություն գտնել, բայց հարցնում եմ.
- Ինչի՞։ Ապրելու լավ տեղ չի՞։
- Հայաստանում տեղ գիտե՞ս, որ օգոստոսին ծիրան ա աճում։
- Ստեղ աճո՞ւմ ա։
Սաքոն տեսախցիկն ուղղում է հեռուն՝ ամբողջովին սև հագած կինը ավանակի վրա ջրով ցիստերն է բարձում։
- Աճում ա։ Ստեղ ամեն ինչ էլ աճում ա՝ ձմերուկ, պամիդոր, ամեն ինչ։ Մենակ թե անձրևի հույսին ա աճում։ Ջուր չունենք։ Մեզ մենակ ջուր լինի, ուրիշ բան չենք խնդրում։ Հաց պետք չի, գործ պետք չի, մենակ ջուր։
Գոմ հիշեցնող մոխրագույն սենյակում եզդի կինը խմոր է հունցում։ Գետնին նստած երեխան հողի հետ է խաղում։ Բարևում եմ փոքրիկի, չի պատասխանում։
- Հայերեն չգիտի, - ժպտում է մայրը, երեխային եզդիերեն ինչ-որ բան ասում ու շարունակում խմոր հունցել։ Հատակին սենյակի պատերի պես մոխրագույն ջրով լի դույլեր են դրված։
- Ի՞նչ ա, - հարցնում եմ կնոջը։
- Անասունի ջուրն ա։ Մենք լողանալուց, լվացվելուց ջուրը չենք թափում։
Հիշում եմ, որ կողքի սենյակում լվացարանի տակ դույլ էր դրված։
- Երկու օր առաջ ոչխարը վիժեց։ Ջրից էր։
Սաքոն դողացնելով ներս է մտնում։ Ցածր ասում է. «Բրազիլացի էսինչ ֆատոգռըֆին գիտե՞ս։ Նավթի հանքերում աշխատողների շարք ունի։ Էսօր իրա պես ինձ զգացի… Ծուխը տվել էր քթիս… Նայի՝ ինչ եմ նկարել»։ Սաքոն հանում է մրոտված ականջակալներն ու մրոտված ժպիտով ցույց տալիս տեսախցիկի կադրերը։ Երկու վայրկյան էլ չեմ նայում, վազում եմ դուրս. ուզում եմ իմ աչքով տեսնել։
Հսկա և ժանգոտված ցիստերնից մի փոքր մաս է երևում. ամբողջությամբ ծխի մեջ է։ Թափառող սև գոլորշու ու նարջնագույն բոցերի մեջ վազվզող երեխաների եմ տեսնում։ Ուշագնացության եզրին եմ՝ չգիտեմ՝ մահվան հետ խաղացող երեխաների տեսարանից, թե վառվող անվադողերի ու համատարած կեղտի հոտից։ Հա, տղամարդիկ անվադողեր են վառում, որպեսզի ցիստերնի սառցակալած ջուրը տաքացնեն ու ջուր ունենան։ Աշխարհին նեղացած նայող սևուկ ավանակը լուռ սպասում է իր ետդարձին։ Մրոտված տղամարդիկ վառվող անվադողերն իրար վրայով այսուայնկողմ են թռցնում։ Ցիստերնից կախված նեղ խողովակից սկսում է ջուր հոսել։ Ինձ թվում է՝ ավանակն ինձ հետ հավասար խորը շունչ է քաշում։ Թվում է՝ ես էլ իր պես նեղացած եմ նայում աշխարհին, բայց իմ՝ ներսիս աշխարհին։ Հիշում եմ, որ ամեն օր քառասուն րոպե անցկացնում եմ տաք ցնցուղի տակ։ Ավանակի վրա բարձած ցիստերնը լցվում է ջրով։ Ավանակին ուղեկցող կինը առանց ձայն հանելու շարժվում է առաջ։ Կենդանին տիրուհու պես լուռ քայլում է նրա ետևից։

- Ասում են՝ Թլըքի ջուրը իրանց հերիք ա, լավն ա։ Է՞ս ա լավը, բալես։ Չորսը ռայոնի կանալիզացիա լցվում ա Ախուրյանի լիճը (հենց լիճը), հետո մենք էդ ջրով լողանում ենք, լվացվում ենք, ճաշ ենք եփում։ Ասում են՝ ֆիլտրված ա ջուրը։ Ձորի մեջ ա ֆիլտրվում, հա՞։
- Իսկ խմելո՞ւ ջուրը…
- Սերյոժայի տղեն յոթ տարի առաջ ինֆեկցիա տարավ, տարան ստուգեցին՝ ասեցին խմած ջրից ա։ Էդ վախտվանից սաղ գյուղով էլ Ախուրյանի ջուրը չենք խմում։ Առնում ենք։ Թալինից բերում են, 40 լիտրը 350 դրամ։ Էդ ջուրը մենակ խմում ենք, ուրիշ բան չենք անում, էլի չի հերիքում։ Ջուրն էլ քսան օրը մեկ են բերում, ո՞նց պահենք, որ փոշի չնստի, նորմալ ջուր մնա։ Ո՞նց անենք։
Կողքի սենյակից երեխայի լաց է լսվում։
- Թոռս ա, երկու ամսական։ Ցավից ա լացում։
Փոքրիկին ծնվելուց հետո երկու անգամ են լողացրել, երկու անգամ էլ Ախուրյանի ջրով։ Թույլատվություն ենք ստանում երեխային նկարելու։ Մայրը բարուրած երեխայից տեղ-տեղ հեռացնում է կտորը՝ փոքրիկի ամբողջ մաշկը կարմիր բծերով է պատված։
- Ջրից վրեն դուս ա տվել։ Մազ եմ քսում, չի անցնում։ Հետո էլի լողացնելու վախտն ա գալիս։ Ինչքան կարում, ձգում եմ լողանալը, բայց պիտի լողանա, չէ՞։
Փոքրիկը տեսախցիկի մեջ նայելով մի անգամ էլ է փխկացնում: Նայում եմ Սաքոյին՝ տեսախցիկից հայացքը ոչ մի վայրկյան չի բարձրացնում։ Ես էլ կուզեի այս ամենին կադրի միջով նայեի ու պատկերացնեի, որ ֆիլմում եմ, իրականությունում չեմ։ Ու հաստատ ուզում եմ մոռանալ, որ 21-րդ դարում եմ, որ Աֆրիկայում չեմ, որ իմ, գրողը տանի, իմ երկրում եմ։
- Մեզ ջուր տան, ուրիշ բան պետք չի, - ասում է մայրիկն ու լացող երեխային տանում ներս։
Երևան ետդառնալու ճանապարհին մեքենան կանգ է առնում։ Խանութից աշխատավարձիս հազարերորդականն էլ չկազմող գումարով ջուր եմ գնում՝ ցավազրկող խմելու։ Մտքազրկող չունեին։
Ժաննա Պողոսյան
Civilnet











