Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը պատրաստ է ՀՀ կառավարությանն աջակցել կոռուպցիայի դեմ պայքարում

ԱՄՆ-ը պատրաստ է ՀՀ կառավարությանն աջակցել կոռուպցիայի դեմ պայքարում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերին: Ռիչարդ Միլսը նշել է, որ դեռևս անելիքներ կան, և ԱՄՆ-ը պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով աջակցել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերում։

Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետն անդրադարձել է մինչ օրս ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին, ընդունված որոշումներին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում կատարված աշխատանքներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել օրենսդրական մի շարք նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, գործող մեխանիզմների կատարելագործմանը, նոր ընթացակարգերի ներդրմանը, որոնց արդյունքում՝ բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: 

«Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը հաջողելու և հետևողականություն ապահովելու գործում մեծապես կարևորում եմ հասարակության ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը և գործընկեր կառույցների հետ կառուցողական համագործակցությունը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար», - ասել է վարչապետը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերից և ողջունել ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարություններն ու գործողություններն այդ առնչությամբ: Ռիչարդ Միլսը նշել է, որ դեռևս անելիքներ կան, և ԱՄՆ-ն պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով աջակցել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերում: 

«Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսևորում», - ասել է ԱՄՆ դեսպանը:

Դեսպան Միլսի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի գործունեության նպատակին և ուղղություններին վերաբերող մանրամասներ: Քննարկվել են նաև պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի բարձրացմանը և այլ ուղղություններով մշակված օրենսդրական նախաձեռնություններին առնչվող հարցեր: 

Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում