Վրաստանում պաշտոնական այցով գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը և նրա վրաց պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Ստորև հատվածներ Կվիրկաշվիլիի և Կարապետյանի հայտարարություններից։
Գիորգի Կվիրկաշվիլի․ Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է մի պետություն, որի հետ մեզ կապում են բարիդրացիական դարավոր ավանդույթները, իսկ 2017 թվականը կարևորվում է նրանով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Այս ընթացքում մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և կառուցել փոխշահավետ համագործակցություն: Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և մենք համոզված ենք, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով՝ միջազգային չափորոշիչներին և ժողովրդավարական արժեքներին համապատասխան:
Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առևտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևորագույն հարցեր: Հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձել ենք տարածաշրջանում առկա մարտահրավերներին և ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրների զարգացման գործում:
ՀՀ վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք և խրախուսելու ենք մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը:
Կարեն Կարապետյան․ Ինչպես նշեց իմ գործընկերը, եղել է շատ առարկայական զրույց բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որոնք հետաքրքիր են երկու երկրներին: Մենք պայմանավորվել ենք նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին: Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, և վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական և հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն: Օգտվելով առիթից, կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և պատիվ ունեմ պաշտոնական այցով իմ գործընկերոջը հրավիրել Երևան՝ իրեն հարմար ժամանակ, որպեսզի այն նոր ներուժը, որն այսօր դրվում է մեր հարաբերությունների հիմքում՝ կարողանանք զարգացնել: Համոզված եմ, որ ունենք շատ հետաքրքիր հնարավորություններ:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 23-ին ընդունել է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Civilnet











