Գլխավոր Լրահոս

Միհրան Պողոսյանը նույնքան անպատիժ է, որքան ադրբեջանցի դիպուկահարը

Միհրան Պողոսյանը նույնքան անպատիժ է, որքան ադրբեջանցի դիպուկահարը
ԴԱՀԿ նախկին պետ, պատվավոր պրոֆեսոր, բանանի հայկական «հայր» Միհրան Պողոսյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է, որ պանամական օֆշորային սկանդալը շոու էր, ինքը դրա հետ կապ չունի: Կապ չունի ու հրաժարական է տվել: Կապ չունի ու դեռ պետք է Սերժ Սարգսյանին, ասենք, պատգամավորի դեմքով: Սա արդեն ծիծաղելի էլ չէ: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը հանցագործ է, իսկ Միհրան Պողոսյանը՝ անմեղ: Մինչդեռ ինքը հո գիտի՞, որ կապ ունի: Գիտի, որ Սերժ Սարգսյանի ձեռագիրն է մարդկանց հիմարի տեղ դնելը, քանի դեռ օրենքը չի աշխատում: Ինքը Միհրանին տանում է այնտեղ, որտեղ չաշխատող օրենքներ են գրում: Իսկապես, ուրիշ ու՞մ տանի՝ «Հաց բերողի՞ն»: Միհրանին տանում է, որ տեսնենք՝ օրենքները շարունակելու են չաշխատել:
Միհրան Պողոսյանն արդեն անպատժելիության հուշարձան է: Այսինքն, նրա միջոցով ՀՀ քաղաքացուն հասկացնում են, որ թալանը խրախուսելի է, որ դատարան չունենալը լավ է, որ քաղաքացու վրա կրակելը պարզապես փողոցում ոտքիդ տակ հայտնված մրջյուն ճզմելու նման մի բան է
Որովհետև օրը ցերեկով ստելը հարկադիր սուտ չէ, ընկերներ, նույնիսկ անհրաժեշտ սուտ չէ, կյանքը փրկող սուտ չէ, դա ճշմարտությունն է այն իրականությունում, որտեղ պարզապես ճշմարտություն չկա: Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի ստի կայսրության ներկայացուցիչը չէ: Ինքը հենց սուտն է: Եթե Միհրանը ճշմարտությունն ասեր, ընտրակաշառք չէր կարող բաժանել, բանանի ներկրման մենաշնորհ չէր ունենա և, ի դեպ, գուցե նույնիսկ կենդանի չլիներ: Որովհետև իրենց «ստավկան» կենսունակությունն է, ոչ թե ճշմարտությունը և ուրիշ ոչինչ ճշմարտությունից բացի: Պանամական սկանդալում այնպիսի «հրեշտակներ» են խառնված հանձին Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետերի, որ Միհրան Պողոսյանն ուղղակի «պարտավոր» էր խառնվել: Աչքից և սրտից հեռու տեղ է Պանաման, ինչու՞ չպիտի այնտեղ փող լվանա ԴԱՀԿ պետը: Ո՞վ է նրա առաջ հարց դրել իրեն պահել պետական բարձրաստիճան պաշտոնյայի նման, ո՞վ է նրան խնդրել հաշվի առնել, որ դրանք, ի վերջո, իր փողերը չեն: Ինքը Պանամայում փաստորեն «գործ» էր անում մի ժամանակաշրջանում, երբ հայկական բանակի ամենաթարմ զենքերն 80-ական թվականների էին: Եվ ո՞վ է կարծում, որ Միհրան Պողոսյանը միակն է գործող պաշտոնյաներից, որ թաթախված է օֆշորային կամ բանկային որևէ սկանդալում: Պարզապես էդ փաստաթղթերը տնօրինողը «հաթաթա» տալու թեմա չունի, կգա օրը և կտա, եթե այստեղ նրան վատ հասկանան: Միհրան Պողոսյանը կարծում է, թե ժամանակը կանգ է առել այս օրվա վրա ու ինքը կարող է ասել խելքին փչածը: Ասում է՝ ես հրաժարական տվեցի, որպեսզի չկաշկանդեմ քննությունը: Քրեական սկանդալի գործով հրաժարական տվողի անմեղությունը քննությունն է պարզում, դուք քննության որևէ օրինակ ցույց տվեք: Չկա այդպիսի օրինակ: Ընդհակառակը, կա հուշարձան այն մասին, որ ամեն օր ռմբակոծվող այս պետությունում Միհրան Պողոսյանը նույնքան անպատիժ է, որքան ադրբեջանցի դիպուկահարը:
Միհրան Պողոսյանը գնահատում է Հայաստանը, որտեղ ինքը անպատժելի է, ինչպես կենդանաբանական այգում մարդու վրա թքող ուղտը
Ի՞նչ անի Հայաստանի քաղաքացին: Միհրան Պողոսյանն արդեն անպատժելիության հուշարձան է: Այսինքն, նրա միջոցով ՀՀ քաղաքացուն հասկացնում են, որ թալանը խրախուսելի է, որ դատարան չունենալը լավ է, որ քաղաքացու վրա կրակելը պարզապես փողոցում ոտքիդ տակ հայտնված մրջյուն ճզմելու նման մի բան է, որ ընտրակաշառքը դեռ պահանջված արժեք է և որ ամեն ինչ գին ունի ՀՀ քաղաքացուց բացի: Իսկ Միհրանը կարծում է, թե մենք սա չգիտենք: Աշխարհ ման եկած տղա է, ամենուր տեսել է, թե ինչպիսին է լինում քաղաքացին, ինչ է օրենքը, ովքեր են նրա զոհերը, բայց գնահատում է Հայաստանը, որտեղ ինքը անպատժելի է, ինչպես կենդանաբանական այգում մարդու վրա թքող ուղտը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում