Գլխավոր Լրահոս

Արցախյան պատերազմում և 1994-ից ի վեր հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը՝ 9700

Արցախյան պատերազմում և 1994-ից ի վեր հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը՝ 9700
1991-1994 թվականների Արցախյան պատերազմում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև 1994 թվականի մայիսյան անժամկետ հրադադրից ի վեր հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, ընդհանուր առմամբ տվել են շուրջ 9700 կորուստ՝ զոհ: Այս թվերը պաշտոնական չեն, այլ արդյունք են իմ շարունակական հետազոտությունների: Այս թվերի մեջ ներառված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ՝ քաղաքացիական բնակչությունը: Վերջին ամիսներին ես մի քանի հրապարակում եմ ունեցել այս զգայացունց թեմայով, փորձելով հնարավորինս ամփոփ ներկայացնել զոհերի թվերի մասին ամբողջական տվյալներ: Ըստ իմ վերջին տվյալների, որոնք կարող են ոչ ամբողջական լինել, Արցախյան պատերազմում Արցախի զոհերի թիվը 3300-ից ավելի է: Այս թիվը ցույց է տալիս, որ պատերազմի տարիներին ամենածանր բեռը ընկած է եղել հենց արցախցի ազատամարտիկների ուսերին, ինչը բնական է, քանի որ պատերազմը ընթանում էր Արցախում, արցախցին կռվում էր իր տունը, ընտանիքը, երեխաներին, պատիվն ու հայրենիքը պաշտպանելու համար: Այս 3300-ից շուրջ 2.700-ը գրանցվել է հենց պատերազմի տարիներին, իսկ շուրջ 600-ը՝ 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր: Այստեղ պետք է նշեմ նաև, որ 3300-ի մեջ չեն ներառվել պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերը, որոնց ընդհանուր թիվը շուրջ 1.500-ի սահմաններում է: Այսպիսով, ընդամենը 140.000 բնակչություն ունեցող Արցախը ընդհանուր առմամբ տվել է 4.800 զոհ զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում: Այս թվի մեջ մենք չենք ներառել անհետ կորածներին, քանի որ, ինչքան էլ հույսը աղոտ լինի, որ նրանք կարող են ողջ լինել, այդուհանդերձ, անհետ կորածներին չի կարելի դնել զոհվածների շարքում: Գուցե նրանք կամ նրանցից մեկը մի օր ինչ-որ հրաշքով տուն դառնա: Հայաստանից Արցախյան պատերազմում և հայ-ադրբեջանական սահմաններում ռազմական գործողությունների ընթացքում զոհերի ընդհանուր թիվը, կրկին ըստ իմ հետազոտությունների, կազմում է շուրջ 6500: Այս թիվը ներառում է 26 տարվա ժամանակահատված՝ 1990-ից մինչև 2016 թվականը՝ ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս հրապարակման մեջ ես զերծ եմ մնալու դասակարգել զոհերի թիվը մինչև 1994-ը և 1994-ից հետո, քանի որ ուսումնասիրությունները շարունակում եմ և կա նաև մեթոդաբանության խնդիր: Ամենակարևորը, որ ես պատշաճ ուշադրություն չեմ դարձրել իմ նախորդ հրապարակումների մեջ, վիրավորված և հաշմանդամ դարձած ազատամարտիկներն են, որոնք հետագայում, այդ թվում՝ 1994-ի զինադադարից ի վեր, մահացել են պատերազմում ստացած վերքերի պատճառով: Այս զոհերը պե՞տք է դնել Արցախյան պատերազմի զոհերի ընդհանուր ցանկում: Իմ կարծիքով՝ այո, և այս թվերի մեջ ես ներառել եմ նաև վիրավորված և հետագա տարիներին մահացած ազատամարտիկներին: Ահա այդ պատճառով է, որ կորուստների ընդհանուր թիվը 1990-2016 թվականների համար արդեն մոտեցել է 10․000սահմաններին: Իմ նախորդ հրապարակման մեջ ներկայացված թիվը, որ 1994-ի զինադադարից ի վեր Արցախից և Հայաստանից զոհերի ընդհանուր ավելի քան 2000 է, ամբողջական չէ: Այդ թիվը 2000-ից զգալիորեն բարձր է: Այդ թվի մեջ մտնում են ինչպես մարտական, այնպես էլ՝ ոչ մարտական կորուստները: Հաշվի առնելով թեմայի զգայացունց լինելը և այն, որ դա կարող է դառնալ ներքաղաքական շահարկումների առարկա, ես նոր ամփոփ տվյալներ կներկայացնեմ ապրիլի 2-ի խորհրդարանական քվեարկությունից հետո, երբ կրքերը հանդարտված լինեն: Եվ վերջում՝ Սփյուռքից Արցախյան պատերազմում զոհերի թվի մասին, ինչը ցավալիորեն շահարկվում է նաև ներքաղաքական նպատակներով: Նախ պետք է դասակարգել, թե ինչ նկատի ունենք Սփյուռք ասելով: Ջավախքը, որ Արցախյան լեռներում տվել է մեկ տասնյակից ավելի զոհ, Սփյո՞ւռք է: Իսկ Ռուսաստանից ու նախկին խորհրդային հանրապետություններից հանուն Արցախի մարտնչածները Սփյո՞ւռք են: Իսկ ի՞նչ դասակարգման տակ դնել ազատամարտիկին, ով ծնվել է Թեհրանում, 1960-ականներին հաստատվել Խորհրդային Հայաստանում և զոհվել Արցախյան ազատագրական պատերազմում: Սա էլ հատուկ ուսումնասիրության թեմա է, որը ես շարունակում եմ և ամբողջացնելու դեպքում կներկայացնեմ այն: Կարող եմ այս պահին ասել, որ Արցախյան ազատամարտում Սփյուռքի զոհերի թիվը, ներառյալ վերոնշյալ կատեգորիաները, 20-ի սահմաններում է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում