Գլխավոր Լրահոս

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններ․ առջևում է ՀՀԿ-ն

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններ․ առջևում է ՀՀԿ-ն
Ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։ Սրանք առաջին ընտրություններն են 2015թ․ անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո, որով ընդունվեց անցումը կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականի։ Ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը և կառավարությունը 2018թ․, երբ ավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ամբողջությամբ կսկսեն գործել որպես խորհրդարանական համակարգի ինստիտուտներ։ Ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն․ «ԵԼՔ» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, «Ծառուկյան» դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք, Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Ապրիլի 2-ի առավոտյան ժամը 8։00-ին բացվել են Հանրապետության բոլոր 2009 ընտրական տեղամասերը։ Ապրիլի 1-ի երեկոյան ՕՐՕ դաշինքը և ԵԼՔ դաշինքը ահազանգեցին ծրագրվող ընտրախախտումների մասին։ Երկու քաղաքական ուժն էլ հայտնել էին, որ կաշառված քաղաքացիներին բաժանել են տարբերանշաններ, որպեսզի դրանք դրվեն քվեածրարների մեջ՝ ստուգելու, թե արդյոք կաշառքը ստանալով՝ նրանք քվեարկում են տվյալ քաղաքական ուժի օգտին։ ՍիվիլՆեթը հետևում է քվեարկության ընթացքին և ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձություններին հակադարձ ժամանակագրությամբ։ ԱՊՐԻԼ 3 10:45 Ամփոփվել են տվյալները՝ 2005 տեղամասի հաշվարկով։ «Ելք» դաշինք- 7,78 տոկոս «Ազատ դեմոկրատներ» - 0,94 տոկոս Հայկական վերածնդունդ - 3,72 տոկոս Ծառուկյան կուսակցությունների դաշինք - 27,37 տոկոս Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինք - 1,65 տոկոս ՀՀԿ- 49,15 տոկոս Կոմկուս - 0,75 տոկոս ՕՐՕ - 2,07 տոկոս ՀՅԴ - 6,58 տոկոս 10:30 Ընտրությունների նախնական արդյունքները ժամը 9։45-ի դրությամբ՝ 1946 տեղամասերի հաշվարկով։ Մշակվել է քվեաթերթիկների մոտ 97 տոկոսը։ Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝ 49,21 տոկոս. «Ելք» դաշինք- 7,75 տոկոս «Ազատ դեմոկրատներ»- 0,94 տոկոս «Հայկական վերածնունդ»- 3,73 տոկոս «Ծառուկյան» դաշինք- 27,33 տոկոս Կոնգրես-ՀԺԿ» դաշինք- 1,63 տոկոս Հանրապետական կուսակցություն- 49,21 տոկոս Կոմունիստական կուսակցություն- 0,75 տոկոս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 2,08 տոկոս ՀՅԴ - 6,59 տոկոս 10:13 Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է, որ «մենք ունենալու ենք ավելի ժողովրդավար, ավելի ուժեղ Հայաստան»: 9:00 Ընտրությունների նախնական արդյունքները ժամը 9։00-ի դրությամբ՝ 1 886 ընտրատեղամասերի հաշվարկով «Ելք» - 7.72%, 111 921 ձայն «Ազատ դեմոկրատներ» - 0.93%, 13 518 ձայն «Հայկական վերածնունդ» - 3.72%, 53 872 ձայն «Ծառուկյան» դաշինք - 27.38%, 396 954 ձայն Կոնգրես- ՀԺԿ - 1.62%, 23 531 ձայն ՀՀԿ - 49.21%, 713 380 ձայն Հայկոմկուս - 0.74%, 10 769 ձայն ՕՐՕ - 2.08%, 30 187 ձայն ՀՅԴ - 6.59%, 95 515 ձայն 07։20 Ընտրությունների նախնական արդյունքները ժամը 7։00-ի դրությամբ՝ 1547 ընտրատեղամասերի հաշվարկով «Ելք» - 7.25%, 68 910 ձայն «Ազատ դեմոկրատներ»  - 0.84%, 7910 ձայն «Հայկական վերածնունդ» - 3.65%,  36 177 ձայն «Ծառուկյան» դաշինք - 27.68%, 275 503 ձայն Կոնգրես- ՀԺԿ - 1.56%, 14 859 ձայն ՀՀԿ - 49.36%, 484 524 ձայն Հայկոմկուս - 0.70%, 6708 ձայն ՕՐՕ - 2.13%, 20 758 ձայն ՀՅԴ - 6.73%,  65 175 ձայն ԱՊՐԻԼ 2 22։30 Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը ժամը 22-ին հրավիրած ասուլիսում ամփոփեց ընտրախախտումների մասին նախնական տվյալները։ Գյումրիի Ժունռալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց խախտումների վիճակագրությունը․ Քվեարկության նախապատրաստման և բուն քվեարկության ընթացքում արձանագրված խախտումներ՝ ժամը 7։00-ից մինչև 20։00․ 1918 - խախտում, որոնք ստուգման փուլում են, 471 - խախտում ընդհանուր առմամբ, որոնցից՝ 47 - դիտորդի, լրագրողի, վստահված անձի կամ այցելուի իրավունքների խախտում, 184 - տեխնիկական սարքի խափանում, 88 - կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում, 16 - ճնշում և բռնություն, 136 - մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։ Նախապատրաստման փուլում՝ ժամը 7։00-ից մինչև 8։00՝ խախտումների թիվը ընդհանուր առմամբ՝ 300, որից․ 49 - տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում, 163 - քվեարկության սենյակի սխալ կահավորման դեպք, 19 - քարոզչական նյութերի հետ կապված դեպք, 8 - քվեարկության պարագաների հետ կապված խնդիրներ, 61 այլ դեպքեր։ Բուն քվեարկության ընթացքը՝ ժամը 8։00-ից 20։00, խախտումների թիվ՝ 1147, որից․ 54 - տեղամասային հանձնաժողովի աշխատանքի կարգի խախտում, 121 - անձի ինքնության գրանցման հաստատման խնդիրներ, 243 - քվեարկության գաղտնիության խախտում կամ խախտման փորձ, 116 - ընտրողի քվեարկելուն օգնելու փորձ, կարգի խախտում, 77 - քվեարկության պարագաների դուրս հանում կամ ներս բերում, 5 - ընտրակաշռքի բաժանման կամ խոստման դեպք, 26 - քարոզչություն կամ հակաքարոզչություն կատարելու դեպք, 178 - ընտրողների ուղղորդման դեպք 77 - բազմակի քվեարկության կամ դրա փորձի դեպք, 13 - ընտրական իրավունքի խախտման դեպք, 137  - այլ խախտումներ։ Տեղեկությունների, խախտումների վիաճակագրությունը կարող է փոխվել նաև քվեների հաշվարկի ընթացքում։ 21:10 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց տվյալներ՝ ժամը 20:00-ի դրությամբ․ Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝  2,587,785 մարդ Քվեարկության մասնակցիների թիվը՝ 1,574,947 մարդ կամ 60,86 տոկոս 20:00 Ընտրատեղամասերը փակվում են։ 19:13 Դիտորդական գործունեություն իրականացնող Արսինե Խանջյանը Ֆեյսբուքում ահազանգում է, որ Ռինդ գյուղում՝ 36/26 ընտրատեղամասում, հանձնաժողովի նախագահը և քարտուղարը չէին գրանցում դիտորդի նկատառումները. անձրևի ժամանակ տեղամասում եղած մարդկային կուտակումները, բաց քվեարկության դեպքերը, ընտրողների ուղղորդման դեպքերը։ Դիտորդների ներկայությամբ միայն քարտուղարը սկսեց գրանցել այս խախտումների մասին դիտարկումները։ 19:03 Դատախազության հաղորդագրությունը Ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317  հրապարակում:  Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են  քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին,  որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ   ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն  պարունակում: Ուսումնասիրված հրապարակումներից 226-ն են  իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ  պարունակել:  Այդ 226 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել  են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու: Նշված  226 հաղորդումներից 82-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 43-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 28 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներությանը խոչնդոտելուն, 64 ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչնդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն: 18:43 Պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանել է իր շտաբում տարեց կնոջ մահվան դեպքը։ Նա ասել է, որ քվեարկության գնացող պատկառելի տարիքի կինը հանկարծ իրեն վատ է զգացել: Շտաբի ներկայացուցիչները մոտեցել են, որպեսզի օգնություն ցուցաբերեն: «Շտապօգնություն են կանչել, տարել են մեր շտաբ, սակայն, ավաղ, հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,-ասել է Արման Սահակյանը: Զեյթունի 3/32 ընտրատեղամասում «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» դիտորդը արձանագրել է, որ մոտ 500 ընտրողի կտրոններ չեն կնքվել հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը բացատրում է, որ տեղյակ չէ օրենքին։ Նույն ընտրատեղամասում դիտորդը արձանագրել է ուղղորդման դեպքեր։
17:57 Բաց քվեարկության 52 դեպք՝ ժամը 12։00-16։00 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 12։00-ից 16:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 365 խախտում, որոնք ստուգման փուլում են: 17:50 Արտաշատի 12/02 ընտրական տեղամասում Սիվիլնեթի թղթակիցը ականատես է եղել բաց քվեարկության։ Նրա խոսքով՝ հինգ րոպեում եղել է չորս բաց քվեարկության դեպք։ ՍիվիլՆեթի լրագրողը հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանից (անկուսակցական՝ առաջադրված Հանրապետական կուսակցության կողմից) պահանջել է, որ կազմվի արձնագրություն։ Վերջինս հրաժարվել է՝ պատճառաբանելով․ «Հո մարդ չի սպանել, քվեարկություն է կատարել իրազկեված չլինելու պատճառով»։ Տեսանյութը քիչ անց։ 17:40 ՀՀ ՊՆ պաշտոնական պարզաբանումը ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ: Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»: ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար իրականացվում են զորամասերի մշտական տեղակայման վայրերից զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու աշխատանքներ: Թիվ 14/20 ընտրական տեղամասում նշված դաշինքի ներկայացուցչի արձանագրած «միջադեպը» կապված է եղել ընտրողների ցուցակում քվեարկությանը մասնակցող զինծառայողներից մեկի անվան դիմաց արդեն կատարված գրառման հետ: Նշված դաշինքի ներկայացուցչի կասկածն է հարուցել նաև տվյալ զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի` զինվորական գրքույկի ճշտությունը: Դաշինքի ներկայացուցիչը շփոթել է զինգրքույկում առկա զենքի ամրակցման վերաբերյալ գրառումը տվյալ զորամասում զինծառայողի ծառայության ժամկետը հաստատող գրառման հետ: Ընտրական տեղամասի հանձնաժողովի և ժամկետային զինծառայողներին ուղեկցող սպայի կողմից կատարվել է ճշտում, և զինծառայողին թույլատրվել է մասնակցել քվեարկությանը: Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարին: 17:30 Դատախազությունը հաղորդագրություն է տարածել Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու պնդումների առնչությամբ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաև նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու և դիտորդի աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե համապատասխան ստորաբաժանում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ: 17:25 Սերժ Թանկյանը՝ դիտորդի կարգավիճակով այցելել է Մալաթիայի 7/28 ընտրատեղամաս։ 17:15 Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա: Նշված վայրը օգտաործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից, սակայն այս օրերին գործել է որպես ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 17:10 Ինչպես վկայում է Ազատություն ռադիոկայանի տեսայութը, Սուրիկ Խաչատրյանի որդին հսկում է ընտրատեղամասերը։
17:05 ՍիվիլՆեթի լրագրողը հայտնում է, որ Արտաշատի 12/03 ընտրատեղամասում Ազատ դեմոկրատների ու Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք արձանագրել են, թե ինչպես է վերահսկվել զինվորների քվեարկությունը․ նրանք ըտրատեղամասից դուրս են հանել քվեաթերթիկները՝ որպես ապացույց։ Սկսվել է վիճաբանություն՝ պահանջելով արձանագրություն կազմել, սակայն հանձնաժողովի նախագահն ասել է, որ զինվորին խուզարկելու իրավունք չունեն, արդյունքում արձանագրություն չի կազմվել։ 16:55 Արսինե Խանջյանը հրապարակել է ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի տեսանյութը, որում նրանք բացահայտում են արձանագրված ընտրախախտումները։ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ Գագիկ Ծառուկյանի ծննդավայրում, ՍիվիլՆեթի տեսախցիկը նկատել է՝ ինչպես են ծերերին օգնողները նշումներ կատարում նրանց փոխարեն։
16:25 Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ շտաբի ներսում «Ազատության» լրագրողի և շտաբի անդամների միջև «շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել»: «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում ենք, որ շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ նշված քաշքշուկը եղել է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև, ինչը հստակ երևում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում», - ասված է հաղորդագրությունում: Շտաբը նաև հերքում է, որ ընտրակաշառք է բաժանում։ 16:20 Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Սողոմոնյանի փոխանցմամբ. Քոչարյանը Մոսկվայում մասնակցում է «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին և Երևան է վերադառնալու այսօր ուշ երեկոյան, և հետևաբար տեղամաս գնալ չի կարող։ 16:15 Դատախազության հաղորդագրությունը ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970 հրապարակում: Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում: Ուսումնասիրված հրապարակումներից 131-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 131 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու: Նշված 131 հաղորդումներից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 26-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 23-ը՝ ուղղորդման, 15-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 11-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 8-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին: 16:00 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի արևելքում և Տավուշի մարզի հյուսիսում համատարած են բաց քվեարկության դեպքերը։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Մալաթիա-Սեբաստիա ու Շենգավիթ ընտրատարածքի 7/28 և 7/29 ընտրատեղամասերում ընտրողների մեծ հոսք կար։
15:30 Անկախ դիտորդ, Թվիթերի օգտատեր Սամս Մարտիրոսյանը ահազանգում է, որ Շիրակի Արևշատ գյուղում՝ 33/15 ընտրատեղամասում, ՀՀԿ-ի վստահված անձը ընտրողներից ծրարն է վերցնում և ստուգում՝ ում են ընտրել։ 15:23 Արսինե Խանջյանը ահազանգում է․ գ. Շաքի 34/68, Սյունիքի մարզ Մեր միջամտությամբ արձանագրվեցին ընտրողների ուղղորդման դեպքերը` լրագրող ներկայացող անձի կողմից
15:18 Դատախազության հաղորդագրությունը Azatutyun.am և araratnews.am կայքերի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ: Ավելի վաղ Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը:
15:15 Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,46 տոկոսը. ԿԸՀ Ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 865 հազար 884  քաղաքացի  կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 33,46  տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը: Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով: Քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 2.587.706: Կոտայքի մարզի Առինջ գյուղում իր ընտրությունը կատարեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։ Լրատվամիջոցների հետ զրույցում նա ասաց, որ իրենց դաշինքն ընտրակաշառք չի բաժանել։
15:01 Ժամը 15։00-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր առմամբ 1210 խախտում․ Քաղաքացի դիտորդ Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կայքում ժամը 15։00-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր առմամբ 1210 խախտում, որոնցից 695-ը քվեարկության ընթացքի, իսկ 282-ը քվեարկության նախապատրաստման խախտումներ են։ Տվյալները նախնական են։ Խախտումներից 166 (14%)-ը քվեարկության գաղտնիության խախտումներն են, 110 (7%)-ը ընտրողների ուղղորդումն է, 72(6%) -ը ընտրողին քվեարկել օգնելու կարգի խախտումներն են, 66(5%)-ը անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրները: Գրանցվել է բազմակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության 27 և ընտրողին քվեարկության իրավունքից զրկման 10 դեպք։ Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը այս ընտրություններին ծածկում է ընտրատարածքների գրեթե 75%-ը։ 14:50 Լավ ընտրությունների համար մեծ աշխատանք է տարվել․ Սվիտալսկի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկացար Պյոտր Սվիտալսկին ներկա է գտնվել Երևանի 9/18 ընտրատեղամասում, որտեղ լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մեծ թիմ է աշխատել և մեծ աշխատանք է տարվել այն նպատակով, որպեսզի Հայաստանում լավ ընտրություններ անցկացվեն, որպեսզի երկրի ապագան լավը լինի»։ 14:30 «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է  «Ընտրատեղամասերում անցկացված կապի հասանելիության ծառայությունը գործում է անխափան, «Յուքոմ» ընկերությունը պատասխանատու է միայն այս ծառայության ապահավման համար, իսկ այլ հարցերը, կապված, օրինակ՝ տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետևելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ, դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից և ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով՝ ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետևում են կապի սահուն տրամադրման ընթացքին և ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի»,- ասված է «Յուքոմի» տարածած հաղորդագրության մեջ։ 14:10 Դատախազության հաղորդագրությունը Ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու: Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն: 14:05 Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Քվեարկության եկել ենք շատ լավ տրամադրությամբ, հանուն մեր կարգախոսի իրականացման: Պատկերացնում եմ տրամաբանական, խելացի և օրենքի Հայաստան»: 4/53 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է վարչապետին, որ տեղամասում ընտրողների թիվը 1853 է, ժամը 10-ի դրությամբ մասնակցել է 80-ից ավելի ընտրող: 13:59 Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Գաբրիելյանը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին նա գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ: Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ, թղթակիցը աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել: 13։23 Երևանի 9/13 ընտրատեղամասում քվեարկեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մատնահետըք ստուգող սարքը չէր կարողանում ֆիքսել Տեր-Պետրոսյանի մատնահետքը։ Նա հերթով մատները դրեց սարքի էկրանին, ապա կատակեց՝ «ձեզ միայն բութը կփրկի»։ Քվեարկելուց հետո Տեր-Պետրոսյանին հարցին՝ հանուն ինչի քվեարկեցիք։ «Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»,- ասաց նա։ Իսկ հարցին, թե ինչու իր մատները չէր ճանաչում սարքը, առաջին նախագահն ասաց, որ դա պայմանավորված է գյուղատնտեսական աշխատանքներով։ 13:20 Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ըմբռնմամբ է  մոտենում ընտրությունների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ այս ընտրություններին քաղաքական առումով տեխնիկական հեղափոխություն է իրականացվել : «Մենք այն երկրներից ենք, որտեղ ներդրվել է գերժամանակակից ընտրական համակարգ, որը ոչ միայն իրավական տեսանկյունից է լավագույնը, այլև տեխնիկական  լուծումներով բավականաչափ բարդ է: Այս մոտեցման պարագայում հասկանալի է, որ հազարավոր տեխնիկական սարքեր, տեսախցիկներ, նույնականացման սարքեր կարող են չաշխատել: Հատկապես շեշտեմ,  որ հազարավոր են սարքերը և եթե մի քանի տասնյակը չի աշխատում, ապա  դա մեծ տոկոս չի կազմում և չի կարող ստվերել ընտրությունների նորմալ կազմակերպման ընթացքը»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Աշոտյանը: 13:00 «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքում ահազանգում է, որ 29/42 ընտրատեղամասում տեսախցիկ այդպես էլ չմիացավ։ Նա գրում է, որ գիշերը կարող են թիվ խփել։ 12:30 Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ-ի, քվեարկել է 344714 քաղաքացի կամ 13,32 տոկոսը։ 12:20 Նույնականացման սարքերը խափանումներով են աշխատում Երևանի 9/18 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու էր եկել նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, մատնահետքի նույնականացման սարքը խափանվել էր։ Հաջողվել է 10-րդ փորձը:Նմանատիպ իրավիճակ ստեղծվել է նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի քվեարկության ժամանակ։ 12:05 Բաց քվեարկության դեպք Էջմիածնի 19/20 ընտրատեղամասում բաց քվեարկության երեք դեպք է գրանցվել՝ քաղաքացիների իրազեկված չլինելու պատճառով։ Քաղաքացին մտնելով ընտրախցիկ՝ դուրս է եկել քվեաթերթիկները ձեռքին և շվարած փոձել է գտնել համապատասխան թերթիկը։
Նրանցից մեկը մոտեցել է ՍիվիլՆեթի լրագրողին ու խնդրել քվեաթերթիկների միջից գտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թերթիկը և օգնել քվեարկել նրա թեկանծուի օգտին։ Լրագրողը մոտեցել է հանձնաժողովի նախագահին և խնդրել կարգավորել հարցը։ Դրանից հետո ևս երկու բաց քվեարկության դեպք է արձանագրվել և վստահված անձանց միջնորդությամբ քաղաքացիներին տրամադրվել է օգնող անձ՝ քվեարկությունը պատշաճ կազմակերպոելու համար։ 12:00 Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կայքում ժամը 12։00-ի դրությամբ գրանցվել է քվեարկության ընթացքի նախնական 436 խախտում։ Խախտումների 14%-ը քվեարկության գաղտնիության խախտումներն են, 7%-ը ընտրողների ուղղորդումն է, 5%-ը անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրներ, 5%-ը՝ ընտրողին քվեարկել օգնելու կարգի խախտում, 3%-ը՝ տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում։ Գրանցվել է բազմակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության 10 և ընտրողին քվեարկության իրավունքից զրկման 7 դեպք։ Տվյալները նախնական են։ 11:58 Արեն Մանուկյանը ահազանգում է, որ Երևանի 4/02 ընտրատեղամասում ուղղորդված քվեարկություն է տեղի ունենում, մարդկանց գազելներով բերում են քվեարկության։ 11:45 Ընտրական տեղամասերում տեղադրված տեսախցիկներից Electtionsonline.am կայքում ուղիղ հեռարձակումը չի աշխատում, քանի որ կայքը աննախադեպ մեծ թվով այցելուներ է ունեցել, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով խափանումները՝ քիչ առաջ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: «Կայքը, որտեղ դրված է ուղիղ հեռարձակումը, այնպիսի մեծ մուտքեր է միանգամից ունեցել, որ կարծես թե այնտեղ ինչ-որ տեխնիկական խնդիր կա, որը, կարծում եմ, բնական է, որովհետև այսպիսի աննախադեպ նկարահանում, օնլայն հեռարձակում Հայաստանում երբևէ տեղի չի ունեցել», - նշեl է ԿԸՀ քարտուղարը: Սմբատյանը հիշեցրել է, որ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ որևէ կապ չունի: 11:20 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան մայրաքաղաքի թիվ 9/18 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս ի՞նչ մտածեց կամ ի՞նչ հիշեց՝ զինվորների՞ն, սահմա՞նը, Հանրապետության Նախագահը ասել է. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»: Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է գնահատում քարոզարշավը և կուսակցության շանսերը, Սերժ Սարգսյանը նշել է՝ այսօր շանսերը գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է:
11:15 Ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Արսինե Խանջյանը Ֆեյսբուքում ահազանգում է, որ Գորիսի 34/8 ընտրատեղամասում երկու հոգի միաժամանակ քվեարկեցին նույն քվեախցում։
11:00 Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կայքում ժամը 11։00-ի դրությամբ գրանցվել է քվեարկության ընթացքի նախնական 264 խախտում։ Խախտումների 12%-ը քվեարկության գաղտնիության խախտումներն են, 6%-ը ընտրողների ուղղորդումն է, 6%-ը անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրներ, 4%-ը՝ ընտրողին քվեարկել օգնելու կարգի խախտում, 4%-ը՝ տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում։ Գրանցվել է բազմակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության 8  դեպք։ Տվյալները նախնական են։ 10:45 Դավիթաշենի թիվ 5/17 ընտրատեղամասում քաղաքացի Ստեփան Աթաշյանը արձանագրել է, թե ինչպես են ցուցակներով ներկա-բացակա անում։ Երբ հարցրել է, թե ինչ է կատարվում, պատասխանել են՝ ոչ մի բան։ Աթաշյանը ՍիվիԼնեթին պատմել է, որ փորձել է տեսախցիկով ֆիքսել տեղի ունեցածը, սակայն նրան հայհոյել են, հեռախոսը՝ կոտրել։ Դեպքի առթիվ արձանագրություն չի կազմվել, ոստիկանները չեն միջամտել։
10:40 Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 57 հաղորդումներից 46-ը վերաբերել են առերևույթ ընտրական կաշառք բաժանելուն. Դատախազություն Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը 01.04.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 225 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 57-ը: Այդ 57 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ դրանցում նշված հանգամանքերը պարզելու նպատակով ստուգողական գործողություններ կատարելու համար: 57-ից 42-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են: Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 57 հաղորդումներից 46-ը վերաբերել են առերևույթ ընտրական կաշառք բաժանելուն, իսկ 11-ը քաղաքացու անտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերին: 10:30 Էջմիածնի 19/20 ընտրական տեղամասում հինգ զինվոր եկել էին քվեարկելու, սակայն պարզվել է, որ նրանց փոխարեն քվեարկել են։ Հանձնաժողովի նախագահը դիտորդներին խնդրել է, որ աղմուկ չբարձրանա, որովհետև զինվորները կպատժվեն։ ՍիվիլՆեթի լրագրողը տեղամասից փոխանցում է, որ առավոտից այս տեղամասում կուտակումներ են և ուղղորդված ընտրություններ են կատարվում։ Դեպքը արձագանգրել է ՕՐՕ-ի վստահված անձ Սուսաննա Հարությունյանը։  10։25 Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կայքում ժամը 10:10-ի դրությամբ գրանցվել է քվեարկության ընթացքի 163 խախտում։ Խախտումների 10%-ը քվեարկության գաղտնիության խախտումներն են, 5%-ը ընտրողների ուղղորդումն է, 5%-ը անձի ինքնության հաստատման/գրանցման խնդիրներ, 3%-ը՝ տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի խախտում։ 10։20 Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկեց Երևանի 4/53 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողները նրան հարցրին՝ հանուն ինչի քվեարկեց։ «Դուք չգիտե՞ք մեր կարգախոսը․ հանուն դրա»,- պատասխանեց վարչապետը։ Նրան հարցրին ինչո՞ւ էր ՀՀԿ-ի քարոզարշավը մեծամասամբ ինքը վարում․ «Կուսակցությունում այդպես էինք որոշել»։ 9։57 Դերասան Հայկ Մարությանը քվեարկեց Երևանի Խուլ ու համրերի մշակույթի տանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղադրած տեսախցիկները չեն աշխատում։
Նույն ընտրատեղամասում քվեարկեց նաև պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ Նա հայտարարեց, թե ընտրություն է «լավ Հայաստանի համար»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում