Այս ընտրությունները մեր ապրիլյան պատերազմն էին

Այս ընտրությունները մեր ապրիլյան պատերազմն էին, որում կորցրեցինք տարածքներ, որոնք չէինք էլ ազատագրել կամ գրավել: Մենք մեզ կորցրինք: Այս կորուստն իր Եռաբլուրն ու ողբացյալ մայրերը չունի, քանզի ողբացյալները կորուստներն առաջնորդողների մեջ էին: Նրանք ցնծացողներն էին:
Ինչե~ր զիջեցինք ներքին թշնամուն, որից այդ ամենը հետ վերցնելու բանակցային որևէ ֆորմատ չկա: Ցնծացե՛ք, մայրե՛ր և քույրիկնե՛ր: Բոլոր Հայաստաններից վատագույնը մերն է: Այն չուներ իր բարձունքները կամ ստորոտները, ոչ ոք դիվերսիայով զոհեր չկորզեց, մենք պարզապես զույգ, իսկ գուցե նաև՝ չորս ոտքով, թշնամուն մատուցեցինք Հայաստաններից վերջինը, որպեսզի ունենանք ամայիներից առաջինը: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչը նկատի ուներ ՀՀԿ-ն, երբ կորուսյալ 800 հեկտարի մասին ասում էր՝ հա, ի՞նչ, ամայի տարածքներ էին: Նրանք չէին փաստում կորուստը, նրանք իրենց ապագա նվաճումներն էին շաղ տալիս: 800 հեկտարը դարձավ մեկնարկը անվերադարձի: 800 հեկտարը ադրբեջանցի դիվերսանտի կամ դիպուկահարի տարրալուծումն էր մեր մայրերի, քույրերի, ուսուցչուհիների, բժիշկների, աշխատավորի, չարքաշի և գործազուրկի մեջ: 800 հեկտարը ստույգ անապատն է, որտեղ գոյության լավագույն փաստարկները «գիրք չկարդացող» ուղտինն են ու սողուններինը:
Իսկ նրանց ինչի՞ն է պետք խաղաղությունը կամ պատերազմը, չկաշառվողը կամ Սերժ Սարգսյանը, ավազը կամ գիրքը: Պետք չեն: Անապատում փլատակներ չկան, անապատը քաղաքացիներ չունի: Անապատում ողբը և «ատամների կրճտոցը» օազիսներ չի ծնում, և ուրախությունը նոր օրվա քարշակ չէ: Անապատը դպրոցի տնօրեններ չունի, թեպետ այդպիսին կարող ես համարել յուրաքանչյուրին: Ի՞նչ տարբերություն՝ ուղտ ես, թե քվեի մուրացկան: Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ դպրոցը, եթե տալիքդ կամ յուրացնելիքդ պետությունը, ազատ միտքը և քո կամքը չէ: Այն, ինչ պետք է արվի այս պահից, ամայության այբուբենի և ոչնչի ուղեցույցին ծանոթանալն է: Մենք մեր ամայությունն ենք: Սերժ Սարգսյանը բոլոր մեղադրանքներից ազատ է: Ապրիլի 2-ը մնաց ապրիլի 2: Հլը հաշվեք, թե քանի զոհ ունեցանք այս անգամ: Ավելի հեշտ է ողջերին հաշվելը: Ամեն ինչ տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Ոչ մի դիմադրություն, որ մարդը հաղթանակի: Ի վերջո ինչպե՞ս հաղթանակի: Ու՞մ հաղթի, եթե ինքն իրեն է պարտվել:
Մենք Հանրապետականին տեսել ենք բոլոր հնարավոր հանցագործություններով՝ սպանելիս, հոգեկան խանգարման կամ ինքնասպանության հասցնելիս, գողանալիս, բռնանալիս: Բոլոր հանցագործություններն այս պետության մեջ կատարվել են հատկապես ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի աջով: Մոտ 1 միլիոն մարդ ընտրակաշառք վերցրեց: Մոտ 1 միլիոն մարդ նույնիսկ չսակարկեց: Մոտ 1 միլիոն մարդ 2008-ից մինչև հիմա, գոնե ըստ պաշտոնական ցուցանիշների, նեղություն չկրեց հասկանալու, որ ինչ-որ մի բանով պետք է տարբերվի նրանից, ով սպանում է, կաշառում, հոգեկան աշխարհդ ոչնչացնում: Մոտ 1 միլիոն մարդ Ղարաբաղ չունի, որովհետև ընտրակաշառքը կտրում է հայացքդ, այսինքն, հարևան շենքը, հարևան թաղամասը, հարևան համայնքը, հարևան մարզը և ի վերջո Ղարաբաղը: Մոտ 1 միլիոն մարդ թքած ունի՝ Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները ազատագրվա՞ծ են, թե՞ գրավյալ: Ընտրակաշառքը որդի կորցրած մոր ողբի դեմ կառուցված պատն է և ականջների մեջ խցկած բամբակը: Ընտրակաշառքը բովանդակազերծեց նույնիսկ փողը: Մոտ 1 միլիոն մարդ կատարելացրեց Հայաստանը որպես արտագաղթի ցատկահարթակ՝ ախպեր, ինչքան ստեղից հեռու, էնքան լավ: Գրեթե ոչ ոք չի կեղծել ընտրակաշառքից հետո տված «քվեն», բոլորն ազնվորեն քվեարկել են ընտրակաշառքի իրական հասցեատիրոջ օգտին: Նրանք ազնիվ են եղել, Կառլ:
Ի՞նչ է ընտրակաշառքը՝ հուսահատության «հնդկական սերիալը», երբ արդեն գաղթելու պատճառների մեջ բարեկեցության կամ արժանապատիվ կյանքի ինտելեկտուալ հմայքն էլ չկա, մի կտոր հացն անգամ չկա, կարճ ասած՝ ինքը չկա: Երեկ Հայաստանը մերժեց որակը: Մերժեց սեփական ձեռքով, մերժեց առանց քվեի, որովհետև քվեն առանց ուղեղի չի լինում: Քվեն մտքի և կրքի աղաղակն է հանուն փոփոխության, հանուն որակի, հանուն քեզ, հանուն վաղվա, հանուն այն մեկի, որը դու չես: Հայաստանը երեկ մերժեց քվեն: Այսինքն, ինձ, քեզ, նրան, խաղաղությունը, պատերազմը, ամենը, որում մի քիչ ուղեղ է պետք: Հայաստանը անապատացրեց ինքն իրեն: Իսկ անապատում թեմաներ չկան: Հիմա մենք արդեն ունենք մեր դեմ ուղղված բոլոր զենքերի, բոլոր ատամների և բոլոր անդունդների տեսականին: Մենք արդեն դա գիտենք, հետևաբար, տղաներ, չենք լացում: Իմացությունը ուրիշ Հայաստանի մեր ցատկահարթակն է:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մհեր Արշակյան










