Ես ձգտում եմ այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը: ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա նաև նշել է, որ նպատակ ունեն վերականգնել իշխանությունների նկատմամբ վստահությունը,
«Իզվեստիա» թերթի լրագրողն ասել է, որ տեղացիները ընտրությունների ընթացքում հետաքրքիր կարծիք են հայտնել, օրինակ, ուսանողներն ասել են, որ քվեարկելու են հօգուտ ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի՝ ի նշան իրենց բողոքի, սակայն, «եթե Կարեն Կարապետյանը ասի, որ ինքը կմնա վարչապետի պաշտոնում 2018 թ. հետո, ապա կընտրեն ՀՀԿ-ին:
«Երբ մարդիկ անկեղծորեն հավատում են քեզ, դա մեծ պատասխանատվություն է այդ մարդկանց առաջ։ Ես դա հասկանում եմ ու լրջորեն եմ վերաբերում դրան։ ՀՀԿ հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի ձեռնարկած բարեփոխումները, որը, ես կասեի, արդեն վեց ամիս է հաջողությամբ առաջ ենք տանում։
Մեր կառավարությունը բաց է և՛ քննադատության, և՛ համագործակցության համար: Մենք նպատակ ունենք վերականգնել վստահությունը իշխանությունների նկատմամբ, գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ, որոնք ապահովում են պետության կայուն զարգացումը՝ այսօրվանից սկսած և տասնամյակներ շարունակ, և կուժեղացնեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք մեր երկրի կայացման գործում։ Փոխելու շատ բան ունենք, բայց քայլ առ քայլ, միասին մենք կարող ենք հասնել մեր նպատակներին, որոնք հստակորեն նշված են, ինչը շատ կարևոր է»,- ասել է Կարապետյանը։
Հարցին, թե ինչու է թողել աշխատանքը «Գազպրոմում» և մտել քաղաքականություն, վարչապետը պատասխանել է․
«Ես շատ դրական եմ գնահատում «Գազպրոմում» իմ աշխատանքի փորձը, և այդ կազմակերպությունը համարում եմ առավել հաջողակներից մեկը։ Ինչ վերաբերում է իմ՝ վարչապետի պաշտոնում մնալուն, քանի որ ինձ վստահել են այդ պաշտոնը, ուժերիս կարեցածին չափով կաշխատեմ օգնել վերականգնել Հայաստանը, որպեսզի այն լինի ժամանակակից, առաջ ընթացող, զարգացած երկիր: Երբ ՀՀ նախագահը ստորագրեց ինձ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը, նա նշեց քաղաքական բարեփոխումների իրականացման մասին։
Ինձ վրա պատասխանատվություն դրվեց երկրի փոփոխության համար։ Դա այսպես եմ հասկանում. բարեփոխումը հիմնականում փոփոխությունն է դեպի լավը, իսկ փոփոխությունը մեր ամենօրյա անհրաժեշտությունն է։ Երբեք չի լինի այնքան կատարյալ կառավարման համակարգ, որը փոփոխությունների կարիք չունենա։ Ես ձգտում եմ այնպես կազմակերպել մեր աշխատանքը, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը»։
Civilnet











