Բարբարոսությու՞ն. իյա, իրո՞ք

Սերժ Սարգսյանը Դավթաշենի ծառահատումն անվանել է բարբարոսություն: Հիմա արդեն ոչ միայն կարելի է հանգիստ քնել, այլև արթնանալ: Ոչ միայն հաց ուտել, այլև՝ կշտանալ: Ոչ մի դեպքում չի կարելի սկզբից կշտանալ, հետո հաց ուտել, սկզբից արթնանալ, հետո քնել: Այլապես երբեք չեք ընկալի, որ Դավթաշենում տեղի ունեցածը բարբարոսություն էր:
Իսկ ի՞նչ է արել այդ 51-ամյա մարդը: Նա թաղապետից կամ նրա ենթակայության տակ գործող մարմնից հավաստիացել է, որ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին աշխատելուց հետո կարող է ծառերի հերն անիծել: Աշխատել է և անիծել: Որտե՞ղ է բարբարոսությունը: Ընտրողին սոված պահել կարելի է, եթերը հնդկական հեռուստասերիալներով լցնել կարելի է, ի վերջո Տարոն Մարգարյանի նման «ինտելեկտուալին» քաղաքապետ դարձնել կարելի է, Միհրան Պողոսյանի նման օֆշորայինին կարելի է դարձնել պատգամավոր, իսկ Դավթաշենի ծառերի հերն անիծել չի կարելի: Այսինքն, դրանք տարբեր բաներ են:
Տղե՛րք, դուք վա՞տ եք: Դուք ուզում եք ասել, որ մարտի 1-ի 10 զոհերին ոստիկաններն առանց հրահանգի՞ են սպանել, բոլոր ընտրությունների բոլոր հանցագործություններն առանց հրահանգի՞ են արվել: Ուզում եք ասել՝ Սերժ Սարգսյանը քնած էր, Դավթաշենի ծառերը կտրվեցի՞ն: Ինչպես Սյունիքի մարզի Տեղ գյուղում են ասում՝ էդքան խելոք ձեր տանը քանի՞ հոգի կա: Դավթաշենի ծառաջարդը հանցագործություն չէ, եթե ջարդարարը ավելի մեծ հանցագործության շղթայի մեկ օղակը չէ: Որովհետև ինչու՞ ընտրություններից առաջ չէր անում: Այդ մարդը պարգևատրվել է, ասում եմ ձեզ: Այդ տղան քիլեր չէ, որին բացահայտել են, որպես ծառասպանի: Այդ մարդը կոնկրետ պարգև է ստացել ավելի վաղ արված որևէ հանցանքի համար: Հլը իրեն հարցրեք՝ տեսեք իր արածը բարբարոսությու՞ն է: Գուցե ապրիլի 9-ը այսուհետև սահմանեք Դավթաշենի ծառերի ցեղասպանության օ՞ր: Գուցե նոր անմոռուկնե՞ր պատրաստեք:
Ծառաջարդը բոլոր առումներով է ձեռք տալիս Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին: Նախ դա մեզ շեղում է ընտրական հանցագործություններից: Երկրորդ, քավության նոխազ միշտ պետք է արդարության «հաղթանակի» համար: Ինչ-որ մեկը պետք է պարտավորվի ինչ-որ հանցանք կատարել ինչ-որ պատժի համար: Էդ 51-ամյա մարդը 23 բարդի է սղոցել: Հլը ասեք բարդի: Բայց վերջին անգամ ե՞րբ եք ասել բարդի: Ընդհանրապես ովքե՞ր են նկատում ծառերը: Դրանք միշտ նույն տեղում են, բացարձակապես իրենց մասին զգացնել չտվող արարածներ են: Եթե կացնով խփես կամ սղոցով հատես, ծառերը քեզ չեն հակադարձի: Այ էդքան «չկան» որպես գոյություն ունեցող արարած: Իսկ 51-ամյա Ա. Ս.-ն և ՀՀԿ տականքը կա ու կա: Նրանք տեղից տեղ են գնում, միջավայրը հարմարեցնում են իրենց ճաշակին, որովհետև ոչ թե իրենց ճաշակն է սպառնալիք միջավայրի համար, այլ միջավայրը՝ իրենց ճաշակի: Իսկ դուք ասում եք՝ մայրաքաղաք: Սա Հանրապետականն է, տղանե՛ր:
Եվ ասում եմ ձեզ, այնքան վատ է լինելու Հայաստանի և Երևանի համար, որ շնչահեղձ լինելն այս հողում համարվելու է առողջ ապրելակերպի ստույգ վկայություն: Այնքան վատ է լինելու, որ հողի անապատացումը մեզ շատ է համարվելու, և օրենքով են զբաղվելու այս հողը ապականելով: Եթե դուք դեռ Հանրապետականի ախորժակը չսովորեցիք դեմքով ճանաչել, ձեզ կստիպեն այն ճանաչել Հայաստանի ամայությամբ: Եվ այդ ժամանակ, դուք արդեն տրտնջալու տեղ չեք ունենա, հայրենակիցներ, որովհետև ձեր տրտնջոցը չափվել և կտրտվել է 10 հազար դրամով: Այդ ծառերը ձեր վզին են, ոչ թե Հանրապետականի: Եվ երբ Սերժ Սարգսյանը դա բարբարոսություն է համարում, ինձ թույլ եմ տալիս մտածել, որ դա Հանրապետականի գոյությունը միանգամայն բնական համարող Հայաստանի քաղաքացու, պարզ հայաստանցու բարբարոսությունն է, ոչ թե՝ 51-ամյա Ա. Ս.-ի, որը գուցե չէր էլ ուզում այդ ծառերի հերն անիծել:
Թեմա
Մհեր Արշակյան










