Ադրբեջանն արդեն գործածել է իր նավթի պաշարների կեսից ավելին, և հեռու չէ այն օրը, որ այս երկիրն այդ առումով այլևս հետաքրքիր չի լինի գերտերությունների համար. «Արցախպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետրոս Թերզյանը՝ նավքագազային ոլորտի հետազոտությություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության տնօրենը։ Թերզյանը՝ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ, ապրիլին այցելել էր Արցախ։
«Անցած տարի Ադրբեջանը սեփական կարիքների համար Թուրքմենստանից գազ է գնել: Եթե կառուցվող գազատարով 2019 կամ 2020 թվականին գազ ուղարկի Եվրոպա, շատ երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի կատարված ներդրումները կարողանան ետ ստանալ: Ադրբեջանում գազի ունեցած ծավալները մեծ չեն. ունեցածից 6 մլրդ խորանարդը ծրագրում է վաճառել Թուրքիային, 10 մլրդ-ը՝ Եվրոպային, ինչը Եվրոպայի համար քաղաքական իմաստով ոչինչ է և այլընտրանք չէ:
Մյուս կողմից՝ ադրբեջանցիները ստիպված են այդ գազը հասցնել Իտալիայի սահմանները, որովհետև արդեն ստորագրված պայմանագրերը շատ խիստ պայմաններ են թելադրում և հեռու են գազային պայմանագրերի տրամաբանությունից: Հետևաբար` Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ, հատկապես, որ ներդրումային առումով այն այնքան թանկարժեք ծրագիր է, որ շահույթը լինելու է անհամեմատ փոքր»,- ասել է Պետրոս Թերզյանը:
Թերզյանի խոսքով՝ ժամանակն անվերադարձ կերպով ի վնաս Ադրբեջանի է գործում, բայց դա չի նշանակում, որ դա հօգուտ մեզ է: «Որպեսզի այդ ժամանակը մեզ համար լինի շահավետ, մենք պետք է արդյունավետ աշխատենք՝ զարգացնելով մեր երկիրը»»,- ասել է Պետրոս Թերզյանը:
Civilnet











