Գլխավոր Լրահոս

2040թ․` 4 մլն բնակիչ․ Սերժ Սարգսյանի ժողովրդագրական թիրախը՝ արտագաղթի և ծնելիության անկման պայմաններում

2040թ․` 4 մլն բնակիչ․ Սերժ Սարգսյանի ժողովրդագրական թիրախը՝ արտագաղթի և ծնելիության անկման պայմաններում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին հանդես եկավ ուղերձով։ Սերժ Սարգսյանը խոսեց ամենատարբեր խնդիրների մասին, որոնց թվում՝ սոցիալական և տնտեսական։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի։ Սա այն դեպքում, երբ 2008-ից ի վեր Հայաստանից արտագաղթել է 355 հազար մարդ և միտումը ոչ միայն պահպանվում է, այլև գնալով՝ ահագնանում։ «Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը»,- ԱԺ-ում հայտարարեց Սարգսյանը։ «Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասաց ՀՀ նախագահը։ Ծնելիության անկում, արտագաղթի ու մահացությունների աճ․ ինչպե՞ս կանխել ժողովրդագրական աղետը Մինչդեռ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2017թ․ առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ ժողովրդագրությանը վերաբերող թվերը մտահոգիչ են, իսկ միտումները հակառակի մասին են վկայում։ Եթե 2016թ․ հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել էր 9 125 երեխա, ապա 2017թ․՝ ընդամենը 8 534: Դրան հակառակ՝ աճել է մահերի թիվը․ եթե 2016թ․ առաջին եռամսյակում մահացել է 7 744 մարդ, ապա այս տարի մահերի թիվը աճել է 4 տոկոսով՝ 8 037։ Բնական հավելաճի` ծնվածների և մահացածների թվերի տարբերության մասով ցուցանիշները ևս տագնապալի են։ Ծնվածների և մահացածների թվերի տարբերությունը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 497, որն ամենամեծն է վերջին յոթ տարվա ընթացքում։ Այս ամենին զուգահեռ՝ նվազել է ամուսնությունների թիվը․ 2017թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է 3 544 ամուսնություն այն դեպքում, երբ 2015թ․ այդ թիվը 4 348 էր: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ հրապարակված այս ցուցանիշները կանխատեսվել էին դեռ 2013-ին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում