Գլխավոր Լրահոս

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ #ElectricYerevan-ի երկրորդ տարելիցի կապակցությամբ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ #ElectricYerevan-ի երկրորդ տարելիցի կապակցությամբ
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների (#ElectricYerevan) երկրորդ տարելիցի կապակցությամբ՝ ստորև։ Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժումը ուժի կիրառմամբ ճնշելու երկրորդ տարին։ Երևանի Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, ևս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո և տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու և այլ միջոցներով։ Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն առայսօր մեղադրանք է առաջադրվել և դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երևում են վայրագություններ իրականացնող մի քանի տասնյակ իրավապահներ։ Հատկանշական է, որ վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք առաջադրվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ մեկ այլ՝ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում ու Սարի թաղում կիրառված լայնածավալ բռնություններից հետո, երբ ՀՀ նախագահը հրապարակավ ներողություն խնդրեց լրագրողներից։ Մինչդեռ, եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր։ Մենք՝ ներքոստորագրյալներս, ևս մեկ անգամ արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև 2016-ի հուլիսի 17-ից 30-ը Խորենացի փողոցում ու Սարի թաղում իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ և արձանագրելով, որ այդ իրադարձությունների քննության համար ձեռնարկած միջոցներն ու դրանց արդյունքները չեն համապատասխանում բռնությունների ծավալներին, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները՝ անաչառ վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործերի նկատմամբ, ապահովել դրանց արդյունավետությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ *** Սիվիլիթաս հիմնադրամը հրապարակել է «#ElectricYerevan. Շարժման անատոմիան» խորագիրը կրող տեղեկանք, որն ամփոփում է էլեկտրաէներգիայի թանկացման, դրա դեմ սկսված շարժման հետ կապված իրադարձությունները, առաջարկում էլեկտրաէներգետիկ ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում