Գլխավոր Լրահոս

Քարտեզը միայն աշխարհագրություն չէ, միայն այսօրը չէ

Քարտեզը միայն աշխարհագրություն չէ, միայն այսօրը չէ
Արմավիրի քրեակատարողականի պաշտոնյան հրաժարվել է թույլ տալ Ժիրայր Սեֆիլյանին փոխանցել Արևմտյան Հայաստանի քարտեզը։ Բանտի պաշտոնյան իր արարքը պատճառաբանել է այսպես՝ քարտեզը հակասում է մեր Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ սահմաններին։ 1937-ի խորհրդային բանտապահներն էլ էին այսքան «ինտելեկտուալ»։ Բայց տեղի ունեցածով թող մտահոգվի նժդեհական ՀՀԿ-ն։ Որովհետև եթե բանտապահը, այսինքն, պետության ներկայացուցիչը բանտում, կարծում է, որ քարտեզը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ուրեմն պատմության դասագրքերից մաքրեք էդ քարտեզը, գաղափարական թշնամի հայտարարեք Դաշնակցությանը և ոչ թե համագործակցեք նրա հետ։ Եզակի հնարավորություն ունեք մարդ լինելու ու է՞դ եք։ Թե՞ Թուրքիային եք քծնում։ Իսկ հայ ժողովրդի պատմության դասագրքե՞րը, որոնք Արևմտյան Հայաստանով «տռզած» են։ Իսկ հեռուստատեսային հակաթուրքական քարոզնե՞րը։ Քարտեզը միայն աշխարհագրություն չէ, միայն այսօրը չէ։ Սահմանադրությանը կարող է հակասել թմրամիջոցը, որը հիվանդանոցներում տալիս են որոշակի դոզայով։ Սահմանադրությանը կարող էր հակասել հիմարությունը բանտապահի դեմքով, բայց Սահմանադրությունը նույնիսկ մարդասպանին չի սիրում օրենքից դուրս հայտարարել։ Սահմանադրությանը կարող էր հակասել դպրոցը, որը «կրթել» է էդ բանտապահին, բայց էդ դպրոցում մարդիկ են կրթվել, որոնք բանտապահ չեն դարձել։ Նույնիսկ Թալեաթի նամակները և հրամանները կարդալը չի հակասում Սահմանադրությանը։ Սահմանադրությանը կարող էր հակասել ընտրակեղծիքը, բայց հիմա այնքան մարդ է ներգրավված էդ գործի մեջ, որ արդեն Սահմանադրությունն է հակասում անբարոյականությանը և քրեականությանը։ Այս հակասության մեջ Սահմանադրությունը որբ է, ինքը պետք է սթրվի, ասենք, Աշոտյանի դարակում ու չհիշեցնի իր մասին։ Իսկ բանտապահը հիշում է։ Հիշում է, որպեսզի մտածենք, որ Սահմանադրությունը սովորական ապուշություն է և կարող է արգելել բանականության ձայնը։ Հիշում է, որպեսզի ընդունենք, որ կա նաև ապուշության խրախուսման մասին օրենք։ Եվ քեզ պատեպատ տուր, որ պետությունը չի կարող նման օրենք ունենալ, եթե նույնիսկ այդ պետությունում խրախուսվել են միայն ապուշները, որոնց Սահմանադրությունն անգամ թույլ չէր տա անվանել ՀՀԿ-ական։ Պարզ է, որ բանտապահի կամ բանտի պաշտոնյայի արարքում օրենքի տառը կապ չունի։ Հանրապետականի պարզ վախն է, որ քարտեզը սնում է հեղափոխականություն։ Այդ մարդիկ այլ բանտ, այլ բանտարկյալ և այլ բանտապահ չգիտեն։ Սահմանադրությունն այդ ամենի հետ կապ չունի։ Տասնյակ տարիներով նրանք բանտի այլ կառավարում չեն ունեցել։ Բանտի պաշտոնյա կամ բանտապահ են դարձել բռնության ադրենալինի ավելցուկով տառապողները։ Սահմանադրությանը հակասելու պատճառով չէ, որ մեր պետությունում դատապարտվում է հանցավոր արարքը։ Այլապես ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը վաղուց բանտում պիտի լինեին։ Վայ էն երկրին, որի Սահմանադրությունը գրվել է Ժիրայր Սեֆիլյանին Արևմտյան Հայաստանի քարտեզն արգելելու հագով։ Սակայն նույնիսկ Հյուսիսային Կորեայի Սահմանադրությունը չի շարադրվել որևէ մեկի ապուշության կանխավարկածով։ Ինչու՞։ Որովհետև ապուշության կանխավարկածի համար կա հոգեբուժություն և ոչ թե Սահմանադրություն։ Չես կարող մի ամբողջ պետություն մատաղ անել մեկի ապուշության կանխավարկածի ոտքերի տակ։ Հանրապետականն այդ մատաղն արել է։ Ահա ինչու Սերժ Սարգսյանից բացի տղամարդու և մարդու այլ անուն (400) չգիտեն։ Սահմանադրությունը Ժիրայր Սեֆիլյանի համար է, իրենց համար ամբողջ պետությունն է իր փողով ու ընտրազանգվածով։ Եվ այդ մարդիկ՝ պետությունով մեկ սփռված ապուշության կանխավարկածի պաշտոնական հովանավորները, Նժդեհի գերեզմանափորներից ամենամետաֆիզիկները, բոլոր հանցագործներից կրեատիվները, պարզվում է` գիտեն գործող Հայաստանի և նախկին Հայաստանի սահմանները։ Չգիտեն միայն, որ բոլոր Հայաստաններն ունեցել են մի անսահման բան՝ կործանարար հիմարություն, որ այսօր կկոչվի ՀՀԿ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում