Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:
ԱԶԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության նպատակին:
«ՀԷՑ- ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի և գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»,- ասել է ԱԶԲ-ի Մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը: :
Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով. 2016 թ. մոտ 10%-ից մինչև 2021թ. հասցնելով 8%-ի: ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաև ներդնել կառավարման միջազգային չափանիշներ և վերահսկման ավտոմատացված համակարգ: .
Civilnet











