Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից Գյումրիի ճանապարհների ու լուսավորության արդիականացման համար տրամադրված 23.5 միլիոն եվրոյի վարկային ծրագրի շինարարության փուլը կարող է մեկնարկել հոկտեմբերին․ այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշում է` ընդհանուր առմամբ հիմնանորոգվելու է ավելի քան 16 հազ․ մետր փողոց, ներառյալ փողոցի՝ կահավորանքը` մայթեր, եզրաքարեր, լուսավորության սյուներ: Վերանորոգվելու են 5400 լուսավորության հենասյուներ ու տեղադրվելու են 1500 նորերը:
Ընդհանուր առմամբ վերակառուցվելու է 10 փողոց: «Ծրագրի խորհրդատու կազմակերպության մրցույթն արդեն իրականացվել է․ հաղթել է` «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն: Շուտով ինքը մեզ տրամադրելու է նախագծային աշխատանքներն ու նախահաշիվը, ուսումնասիրություններն արդեն սկսվել են, ու դրանց ավարտից հետո նորից ՎԶԵԲ-ի միջոցով հայտարարվելու է շինաշխատանքների մրցույթ: Սա երեք տարվա ծրագիր է, մեկ տարվա չէ»,- ասում է Սանոյանը:
Գյումրիի փոխքաղաքապետը հույս ունի, որ որոշ խնայողությունների հաշվին ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն նաև այլ փողոցներում. «Եթե գրունտները ամուր են, ու դա թույլ է տալիս խճապատում անել ոչ թե 20 սանտիմետր, այլ 15, մենք ՎԶԵԲ-ի հետ պայմանավորվել ենք, որ եթե խնայողություններ անենք, մենք կունենանք 4.2 միլիոն եվրո խնայողություն, որը կուղղելենք մնացած փողոցներին: Բայց դա չենք անելու որակի հաշվին: Քաղաքապետի կողմից այդ խնդրանքն արդեն եղել է»:
Ծրագրի շրջանակներում քաղաքի լուսավորության ամբողջ ցանցն ուսումնասիրության է ենթարկվելու: Տեղադրվելու են էներգաարդյունավետ LED լամպեր: Գյումրիում ժամանակին իրականացվել է պիլոտային ծրագիր, ու Երևանյան խճուղում նմանատիպ լամպեր արդեն տեղադրվել են:
Ծրագրի ընթացքում փոփոխվելու են ջրագծային ու մալուխային համակարգերը:
ՎԶԵԲ-ի կողմից վարկը տրամադրվել է 15 տարի ժամկետով, 3 տարի արտոնյալ ժամկետով, տարեկան՝ 1 տոկոսով: Փոխքաղաքապետն ասում է, որ ըստ պայմանավորվածության, վարկի մայր գումարը մարելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ տոկոսային գումարը` Գյումրիի քաղաքապետարանը: Սանոյանը չի կարծում, որ սա մեծ բեռ կլինի քաղաքապետարանի համար:
«Ասեմ, որ սա աննախադեպ է: Այսպիսի ծրագիր երբեք չի եղել, երեք տարի անընդհատ ասում էին, թե ծրագիրն ինչ եղավ, ուր հասավ, ու հիմա, որ արդեն աշխատանքներ կան, ուսումնասիրություններ են ընթանում, մարդիկ էլի չեն հավատում»:
Փոխքաղաքապետը բացառում է, որ ծրագրում կարող են լինել կոռուպցիոն դրսևորումներ։ Նա քաղաքացիական հանրությանը և լրատվամիջոցներին առաջարկում է աջակցել իրենց այդ գործում․ «Նախ` մրցույթները հայտարարում է ՎԶԵԲ-ը, մրցույթների մասնակիցների ցանկն ուղարկվում է ՎԶԵԲ-ին, մրցույթն անցկացվում է, մեզ ասում են` գնահատեք այս կամ այն մասնակցին, մենք գնահատում ենք, ու հետո իրենք վերագնահատում են, ու այստեղ կոռուպցիոն ռիսկ լինել չի կարող: Մենք վերահսկողի դերում ենք լինելու, չի կարող այնպիսի մի կազմակերպություն հաղթի, որ վաղը կամ մյուս օրը գա, խայտառակ անի հանրապետությունն էլ, մեզ էլ հետը»:
Ներկայում Գյումրիում շինաշխատանքներ են ընթանում Ռուսթավելու և Շիրազի փողոցներում: Փետրվարին վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի կատարած այցի ընթացքում ծանոթացել էր այս փողոցներին, այնտեղ տեղակայված պատմական հին շենքերին ու հայտարարել, որ իր ընտանիքը պատրաստ է ներդրումներ կատարել: Վարչապետի այցից հետո ստեղծվեց «Կումայրիի վերածնունդ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդը, ներկայացվեցին այն ենթակառուցվածքների նախագծերը, որոնք լինելու են, վարչապետի ընտանիքը գնեց Շիրազի փողոցում գտնվող երկհարկանի շենքերից մեկը, սկսվեցին շինաշխատանքներ: Այս ծրագրի հիմնական նպատակը ենթակառուցվածքները հզորացնելն ու զբոսաշրջիկներին դեպի Հին Կումայրի ուղղորդելն է:
Փոխքաղաքապետ Սանոյանն ասում է, որ ներկայում աշխատանքներ են ընթանում փողոցների կոմունիկացիաների` գազի, լույսի, ջրի նոր խողովակաշարերի ուղղությամբ:
***
Գյումրիում վարկային ծրագրով շինաշխատանքներ իրականացնելու գործընթացի մասին հայտարարվել էր դեռ 2014թ․: 2015թ․ սահմանադրական հանրաքվեից օրեր առաջ Սերժ Սարգսյանն ընդունեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին և հայտարարեց, որ ինքն արդեն համապատասխան ցուցում է տվել ներգրավելու 23 միլիոն եվրո Գյումրիի համար: Շատերը Սարգսյանի այս հայտարարությունը համարեցին հանրաքվեից օրեր առաջ գյումրեցիներին սիրաշահելու և այո-ի օգտին ձայներ ապահովելու քայլ:
2016թ․ մայիսի 11-ին Լոնդոնում Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով ՎԶԵԲ-ի տնօրեն Ֆրանսուա Մալիժը ստորագրեցին եռակողմ համաձայնագիր: Դրանից հետո վարկային ծրագիրը հաստատվեց Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի կողմից:
Մկրտիչ Կարապետյան
Շապիկի լուսանկարում՝ Ռուսթավելու փողոցը
Լուսանկարները՝ Մկրտիչ Կարապետյանի
Civilnet











