Թուրքիայի խորհրդարանում հնարավոր է՝ արգելվի «Հայոց ցեղասպանություն», «Քրդստան» և այլ բառերի գործածությունը. զրույց Բագրատ Էսդուգեանի հետ

Թուրքիայի խորհրդարանի նախագահությանն է ներկայացվել մի նախագիծ, ըստ որի հնարավոր է արգելվի Հայոց ցեղասպանություն, Քրդիստան, Ամեդ, Դերսիմի կոտորած եզրույթները։ Ո՞վքեր են այս նախաձեռնության հեղինակները, ո՞ւմ է մտահոգում այդ բառերի գործածությունը և որքանով է հավանական, որ այն կընդունվի։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Պոլսի «Ակօս» շաբաթաթերի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էսդուգեանի հետ։
- Նախագիծը Ռեճէպ Թայյիպ Էրտողանի պահանջով օրակարգի եկաւ սոյն տարուայ Ապրիլին կայացող հանրաքուէէն ետք, գործող կանոնագիրը նոր դրութեան պատշաճեցնելու միտումով: Կատարուած փոփոխութիւններով խորհրդարանի մէջ պատգամաւորներուն քննարկման եւ արտայայտուելու հնարաւորութիւնները կը կրճատուին, գործընթացքը արագացնելու հեռանկարով: Նաեւ կ'առաջարկուի որոշ բառերու գործադրութիւնը արգիլել: Նախագիծը պատրաստուած է իշխող ԱՔՓ (Արդարություն և զարգացում կուսակցություն- խմբ.) եւ անոր զօրակցող ազգայնամոլ ՄՀՓ (Ազգայնական շարժում կուսակցություն-խմբ.) կուսակցութիւններիւ կողմէ: Հաւանաբար այս երկու կուսակցութիւնները կ'ապահովէն նաեւ նախագծի վաւերացումը:
- Կարծես, մտավախություն ունեն, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կշարունակի մեջլիսի պատգամավորներին պատմել Հայոց ցեղասպանության մասին։ Այդպե՞ս է։
- Ճիշդ այդպէս է: Յիշենք որ այդ երկու կուսակցութիւններու պատգամաւորները որքան մեծ աղմուկ բարձրացուցած էըն Փայլանի ելոյթին դէմ: Այդ օր անոնք երեք նիստերու չմասնակցելու պատիժ տնօրինեցին, որ օրինաւոր չէր: Ներկայ նախագծի ընդունմամբ օրինաւոր պիտի դառնան նման պատիժները:
- Որքան հասկանում եմ Քուրդիստան, քրդական նահանգներ, Ամեդ բառերի գործածության արգելքը ուղերձ է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։ Ասում են՝ Աբդուլ Համիդն էլ Հայաստան բառն էր արգելել։
- Թուրքիոյ պետական հասկացողութիւնը հիմնուած է արշաւի ռազմավարութեան վրայ: Եթէ երկիր մը արշաւած է, այդ կը նշանակէ թէ պետական իշխանութիւնը կործանելով վերջ տուած է երկրին ալ գոյութեան: Այդ երկրի հողերը միացուցած է իր իշխած տարածքին եւ կ'սպասէ թէ այլեւս այդ երկրի անունն ալ չնչուի քարտէսներէն եւ նոյնիսկ մարդկանց յիշողութենէն: Շատ երկար տարիներ նման զգայնութիւն ցուցաբերուած էր «Կոստանդնուպոլիս» անունին դէմ: Եկուր տէս որ քաղաքի այժմու անունը՝ «Իսթանպուլ» առհասարակ չէ գործածուած կայսրութեան շրջանին, քանի կ'օգտագործուէր «Կոստանդինիյէ» եզրը: Այդ իսկ պատճառաւ կայսերական խորհրդարանի մէջ խորդ չէր հնչեր «Քիւրտիստան» կամ «Լազիստան» տեղանունները: Սակայն այդ ժամանակ ալ որոշ վերապահութիւն եղած է «Հայաստան» անուանումի դէմ: Այդ բառը շրջանցելու յարմարագոյն միջոցը եղած է «Վիլայեթ ի սիտտէ» (վեց նահանգներ) բացատրութիւնը, որ իրականութեան մէջ կը բնութագրեր հայկական բարձրավանդակը:
Հ․Գ․
«Ակօս»-ին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը այն գնահատել է որպես խոսքի ազատությանն ու Թուրքիայի ժողովրդավարությանը մեծ հարված։
Գոռ Երանյան
Տեղադրություն
Civilnet










