Գլխավոր Լրահոս

Կիրականացվի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիր՝ $150-180 միլիոն արժեքով

Կիրականացվի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիր՝ $150-180 միլիոն արժեքով
«Հայաստանի ներդրողների ակումբը» կիրականացնի «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը, որը ակումբի առաջին խոշոր ծրագիրն է։ Օգոստոսի 10-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբի» միջև 2017թ. ապրիլի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Վերջինս, առաջնորդվելով հուշագրի դրույթներով դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագիրն իրականացնելու առաջարկով և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նախաձեռնությամբ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից, որի նպատակն է հասնել մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: «Հայտնի է, որ Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները մնում են թերօգտագործված, այս ներդրումային ծրագիրը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը: Ծրագիրը կիրականացվի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Այն «Հայաստանի ներդրողների ակումբի» առաջին խոշոր ծրագիրն է, որը քննարկվել է ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ բավականին մանրակրկիտ»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը համապատասխանում է բնապահպանական կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչներին: Ծրագրի շրջանակում ներդրումային ֆոնդը համագործակցելու է արևմտյան մասնագիտացված ընկերությունների հետ: Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է 150-180 մլն դոլար, սակայն այն կարող է լրացուցիչ ճշգրտվել: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խոսքով՝ ՀԷԿ-ն իրենից կներկայացնի ժամանակակից բարդ ինժեներական կառույց, այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և բնապահպանական տեսանկյունից հնարավորինս անվտանգ: ՀԷԿ-ը կարտադրի էլեկտրաէներգիայի երկրի ներքին սպառման հինգ տոկոսը: Այս ՀԷԿ-ի կառուցման և արդեն իսկ տրված լիցենզիաների շրջանակում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում երկրի ներքին ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կմոտենա 50 տոկոսին: Ըստ Աշոտ Մանուկյանի՝ 10 տարի առաջ նույն ցուցանիշը հասնում էր 18-20 տոկոսի: Ծրագրի վերաբերյալ ստացվել է 500-ից ավելի դիտողություն և առաջարկություն, որոնց հիմնական մասն ընդունվել է: Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կառուցապատողը պարտավորվում է կառուցել ՀԷԿ-ը: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ներկայացվել է լավ և հեռանկարային ծրագիր: «Հայաստանի ներդրողների ակումբը» ստեղծվել է 2017թ․ մարտի 25-ին՝ Ռուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Այն ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ է։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում