Գլխավոր Լրահոս

Հռչակագիրը Հայաստանը դրեց անկախության ճանապարհին

Հռչակագիրը Հայաստանը դրեց անկախության ճանապարհին
1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին: Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայց եթե նույն տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն, չհաղթեր Կոմունիստական կուսակցությանը, ապա Անկախության որևէ հռչակագիր դժվար թե ընդունվեր: Ճիշտ է նաև, որ Հայաստանը անկախություն ստանալու էր, քանի որ մեկ տարի անց պետք է փլուզվեր հոգևարք ապրող Խորհրդային Միությունը: Փաստաթղթի նախաբանում ասվում էր, որ Հայաստանը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկ. ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները: Հռչակագրի առաջին կետով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը: Երկրորդ կետն ասում էր, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, իսկ վեցերորդ կետը՝ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ: Ութերորդ կետով՝ Հայաստանն իր տարածքում ապահովում էր խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում, բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում: Հռչակագրի ամեն մի կետը ընդունվում էր առանձին քվեարկությամբ: Հռչակագրի ընդունման ընթացքում ամենից երկար բանավեճը ընթացավ այն հարցի շուրջ, թե պետք է՞ Հայոց ցեղասպանության խնդիրը տեղ գտնի իրավական փաստաթղթում: Խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից  Հայոց ցեղասպանության հարցը Անկախության Հռչակագրում դնելը ճիշտ չէ և որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Սակայն քանի որ պատգամավորների մեծամասնությունը կողմ էր 1915-ը մտցնել Հռչակագիր, Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները տեղի տվեցին: Հռչակագրում 1915թ․ հիշատակելու դեմ քվեարկեց 25 պատգամավոր: Անկախության հռչակագրում, որի տակ դրված է Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ասվում է. Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Ահա հենց այս կետն էին նաև թուրքերը մատնանաշում ու, դա դարձնելով մատի փաթաթան, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Հռչակագրի վերջին՝ 12-րդ կետն ասում էր, որ այս փաստաթուղթը հիմք է ծառայում Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար: Այսպիսով, Անկախության հռչակագիրը ինչ-որ տեղ կատարում էր Մայր օրենքի՝ Սահմանադրության գործառույթ: Մինչև 1995թ․ հուլիսը, երբ ընդունվեց Սահմանադրությունը, Հայաստանի օրենսդրության հիմքը հենց Հռչակագիրն էր: 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել էր Անկախության հանրաքվե՝ ժողովրդական քվեարկություն: Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում