Գլխավոր Լրահոս

Վիճելի եկեղեցիներ. Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց

Վիճելի եկեղեցիներ. Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց
Վիճելի եկեղեցիների թեման Հայաստան-Վրաստան հարաբերություններում և բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացքում օրակարգի մաս է դառնում: Երբ Հայ առաքելական եկեղեցին և Վիրահայոց թեմը տարիներ առաջ սկսեցին առաջ քաշել թեմին կարգավիճակ տալու և վեց եկեղեցիներ (մեկը՝ Ախալցխայում, հինգը՝ Թբիլիսիում) թեմին վերադարձնելու պահանջը, վրացական կողմը պահանջեց Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցիներ, որոնք քաղկեդոնական են և որոնցում պահպանվել են վրացական արձանագրություններ: 2017-ի փետրվարին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Թբիլիսի այցի ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպմանը թեման կրկին դարձել է օրակարգային: Հայկական կողմը՝ Հայ առաքելական եկեղեցին, պնդում է, որ վրաց եկեղեցու կողմից պահանջվող եկեղեցիները՝ Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց, ունեն քաղկեդոնական անցյալ, բայց դրանք հայկական են՝ կառուցվել են հայի ձեռքով և հավատի տուն են եղել քաղկեդոնականություն կամ ուղղափառություն ընդունած հայերի համար: Օգոստոսի 25-27-ը՝ երեք օր, ՍիվիլՆեթը և Թբիլիսիի հայալեզու «Ալիք մեդիա»-ն համատեղ այցելեցին քաղկեդոնական եկեղեցիներ և կատարեցին նկարահանումներ: Հայկական և վրացական կողմերից եկեղեցականների և հուշարձանագետների հետ հարցազրույցներ անցկացնելուց հետո մեր համատեղ աշխատանքի արդյունքում կներկայացնենք վիճելի կամ այդպիսին համարվող եկեղեցիների մասին ամբողջական տեսանյութ: Մեր այցելությունը սկսեցինք Խուճապի վանքից, որը գտնվում է Լոռու մարզում: Հայաստանում հրատարակված քարտեզները Խուճապի վանքը տեղադրում են Պրիվոլնոյե (Հայաստան) –Ախքյոռփի (Վրաստան) ճանապարհից հարավ: Ճանապարհը անցնում է սահմանի երկայնքով: Մենք չգիտեինք, որ Խուճապ այցելելու և նկարահանումներ կատարելու համար անհրաժեշտ է թույլտվություն Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերից, որը մենք չունեինք: Մի քանի ժամ հայ-վրացական սահմանային շերտի հայկական հատվածում անցկացնելուց հետո մեզ հաղորդեցին, որ նկարահանումներ չենք կարող կատարել, քանի որ չունենք թույլտվություն: Սահմանային շերտում իմացանք, որ Հայաստան-Վրաստան սահմանում կա ոչ թե երեք, այլ չորս անցակետ: Մեզ հայտնի երեք անցակետերից բացի՝ Բագրատաշեն-Սադախլո (Տավուշի մարզ), Գոգավան-Գուգուտի (Լոռու մարզ) և Բավրա-Ժդանովական (Շիրակի մարզ), կա չորրորդ անցակետը ևս՝ Պրիվոլնոյե-Ախքյոռփի, որը բաց է միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Բայց դա ճանապարհ չէ, քանի որ երբեմն անցանելի չէ անգամ ամենագնաց մեքենաների համար: Ընդ որում, գրեթե անանցանելի է ճանապարհի ավելի քան 10-կիլոմետրանոց հատված: Տեղ-տեղ քարուքանդ վիճակում է նաև Ստեփանավան-Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե դեպի վրացական սահման ճանապարհը: Խուճապի վանք այցելողներ լինում են՝ ինչպես հայ, այնպես էլ վրացի ուխտավորներ: Վանքը, ինչպես տեղեկացանք, տեղակայված է հենց սահմանին, և եթե մի քանի մետր սխալ ուղղությամբ շարժվես, կհայտնվես Վրաստանի տարածքում, և խնդիրներ կառաջանան վրաց սահմանապահների հետ: Այդ պատճառով Խուճապ այցելելու ընթացքում հայկական սահմանային ծառայությունը այցելողների խմբին կցում է հայ սահմանապահի: Հայ-վրացական սահմանից մենք ուղևորվեցինք դեպի Հնեվանք, որը գտնվում է Ստեփանավանի Կուրթան գյուղից հարավ՝ Դեբեդի վտակ Ձորագետի կիրճում: Ճանապարհը քարուքանդ է, բայց անցանելի բոլոր մեքենաների համար: Հաջորդ օրը մենք նկարահանումներ կատարեցինք Քոբայրում և Ախթալայում (Լոռու մարզ, Ալավերդու տարածաշրջան), իսկ այցելության երրորդ օրը ամբողջովին նվիրեցինք Կիրանցի եկեղեցուն (Տավուշի մարզ, Իջևանի տարածաշրջան): Դեպի Կիրանցի եկեղեցի տանող անտառային ճանապարհը ևս դժվարանցանելի է, անգամ՝ ամենագնացների համար: Մեր այցելած չորս եկեղեցիներից երեքը՝ Հնեվանքը, Քոբայրն ու Կիրանցը, գտնվում են, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Համեմատաբար լավ վիճակում է Ախթալայի Սուրբ Աստվածածինը, որը գործող եկեղեցի է՝ իր քահանայով, և պատկանում է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմին: Սա այն եկեղեցին է, որի բակում ամեն տարի խորովածի փառատոն է կազմակերպվում: Կիրանցի եկեղեցում մենք հանդիպեցինք ուխտավորների, այդ թվում՝ զբոսաշրջիկների խմբի Իսրայելից: Մեր՝ ՍիվիլՆեթի և «Ալիք մեդիա»-ի պատրաստելիք համատեղ ռեպորտաժում փորձելու ենք վիճելի, տվյալ դեպքում՝ Վրաստանի կողմից պահանջվող եկեղեցիների թեմային անդրադառնալ հնարավորին համապարփակ, անաչառ և գիտական՝ հավասարապես ներկայացնելով երկու կողմերի տեսակետները: Գլխավոր լուսանկարում՝ Հնեվանքի եկեղեցի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում