HSBC Բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկերից մեկը՝ 55 մլն եվրո, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ին։
Բանկի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ֆինանսավորումը նշանավորում է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև տասնամյա համագործակցությունը:
«Գործարքը հիմնվում է գործընկերների միջև փոխվստահության ու նրանց պատրաստակամության վրա՝ նպաստելու Հայաստանի էլեկտրական ցանցի համակարգի կայուն գործունեության և արդյունավետ կառավարմանը: Վարկային միջոցները կօգտագործվեն վերակառուցելու ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը լավատես է ՀԷՑ-ի հետ ռազմավարական գործընկերության հարցում. «Այս գործարքը հիմնված է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև վստահության և երկարաժամկետ համագործակցության վրա: Սա վկայում է նաև մեր հետևողականության մասին, որով ցանկանում ենք նպաստել ներդրումներին՝ ուղղված Հայաստանում կայուն և անվտանգ էներգետիկ ոլորտի զարգացմանը»:
Գործարքը ՀԷՑ-ի ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն երկարաժամկետ հեռանկարում:
«Այս գործարքն իր դրական ազդեցությունը կունենա ՀԷՑ-ի ֆինանսական առողջացման վրա: Հարկ եմ համարում նշել նաև, որ վարկային միջոցները ներգրավվում են առանց պետական երաշխիքի: Ֆինանսավորումը կօգնի ունենալ առավել ապահով, կայուն ու արդյունավետ ընկերություն»,- ասել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Civilnet











