ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին ուղերձ է հղել, որում խոսել է Հայաստանի և Ռուսաստանի միջև «բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման» մասին։
«Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեր երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում:
Համագործակցության ընդլայնման գործում ակտիվ դեր են խաղում մեր երկրների տարածաշրջանները, որոնց համար հայ-ռուսական համաժողովը դարձել է տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման հարթակ: Ուրախալի է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային նախորդ համաժողովների ընթացքում մշակված առաջարկները կյանքի են կոչվում համատեղ նախաձեռնությունների միջոցով»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության շնորհիվ ապակենտրոնացած փոխգործակցությունը բարձրացել է «նոր, ավելի բարձր մակարդակի»:
«Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին: Մեր ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրը նրանում է, որ ողջ նախաձեռնածն ու առաջիկա ծրագրերն իրականացնելը հանգեցնի կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու և տարածաշրջանի համար»,- ասել է ՀՀ նախագահը:
Civilnet











