Լևոն Իգիթյան. «Տղամարդը»

Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը վիրավորել է ավագանու անդամ մի կնոջ նրան անվանելով բարոյական օրենքներից զուրկ մեկը: Լևոն Իգիթյանը հանրապետական է: Նա վիրավորել է իր դստեր տարիքի մի աղջկա:
Ինչ է արել այդ աղջիկը, էական չէ: Նույնիսկ եթե վիրավորել է հրեշտակի լեզու ունեցող Վիլյամ Սարոյանի արձանի հեղինակին: Թեպետ չի վիրավորել: Ժամանակին այս բառը՝ բարոյական օրենքներից զուրկ, նրա եղբայր Հենրիկ Իգիթյանն է հնչեցրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորների նստաշրջանում՝ բնորոշելով ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, որը «չէր ուզում Ղարաբաղը մեզ տալ»: Եղբայրն այն ժամանակ այս բառը զրկել էր սեռից՝ հասկացնելով, որ տղամարդն էլ կարող է կորցնել բարոյականությունը: Լևոն Իգիթյանն այդքան իգիթ չէ, եթե բ.. է, ուրեմն աղջիկ է:
Ո՞վ է Լևոն Իգիթյանը: Նա հանրապետական ցանկացած անբարոյականության ծանր հրետանին է ցանկացած ամբիոնում, որտեղ «դուզ խոսք» է պետք: Այդպես այս ճարտարապետը դիմազրկել է հին Երևանի ցանկացած կառույց: Մի առիթով պարոն Իգիթյանն ասել է, որ «զզվում է ժողովրդավարությունից»: Իսկ քաղաքացիական ակտիվությունը համարում է «սիկտիրչի բան»: Իրականում Լևոն Իգիթյանը ճարտարապետ չէ, նա պատմիչ է: Հանրապետական այդ մարդը ցանկացած առիթով հասարակությանը պատմում է իր մասին: Ոչ թե բնորոշում է իրեն, այլ պատմում է իր մասին: Նա ներկայացնում է իրեն ընտանիքում, մենք տեսնում ենք, թե ինչպես է նա շփվում իր ընտանիքի անդամների հետ, ավելին, մենք տեսնում ենք, որ տանն այս մարդը խոսքի իրավունք չունի, այլապես հազիվ թե նա հասարակություն դուրս գար այդքան ագրեսիվ: Նա ասում է բառեր, որոնք երազել է ասել ավելի «հարազատ», ենթադրաբար, այդ բառերին անարժան մեկին:
Լևոն Իգիթյանը վտանգավոր է հասարակական գործունեության տեսակետից: Սակայն ո՞վ այդպիսին չէ ամբողջ Հանրապետականում: Ինքը սակայն ավելի վտանգավոր է, ասենք, արվեստի հետ ընդհանուր ոչինչ չունեցող հանրապետականից: Ինքը ճարտարապետել է Առնո Բաբաջանյանի հուշարձանը, մասնաբաժին ունի հայտնի «Տղամարդիկ» կինոնկարի «Ուշացած լուսանկար» արձանախմբում: Ինքը պատրանքն է, որ արվեստ է ստեղծվում: Լևոն Իգիթյանին վիրավորել պետք չէ, որովհետև երեխայություն է վիրավորել մարդուն, որն անձամբ է զբաղված դրանով: Այդ մարդը Խորհրդային Միության փլուզման ժամանակ մի ամբողջ 42 տարեկան էր: Լավագույն երիտասարդությունն է ապրել այն տարիներին, երբ արվեստագետների 90 տոկոսն ուներ մեկ տեսակետ: Նա քաղաքի ամենակայացած քաղքենիներից է, որը ոչ մի նոր իրավիճակ չի կարող ընդունել խաղաղությամբ:
Այսօր նա մշակույթի վաստակավոր գործիչ է: Որովհետև նա էլ գիտի, որ ոչ մի կապ չկա կոչման և մարդ լինելու միջև: Կարելի է լինել ալամ աշխարհի մշակույթի վաստակավոր գործիչ, բայց չհաղթահարել ինչ-որ մեկին վիրավորելու մղումը: Պետք չէ սարսափել աղջկան նման որակում տալուց: Պետք չէ ցնցումներ ապրել: Պետք է նույնիսկ ենթադրել, որ Լևոն Իգիթյանը բռնության զոհ է: Ուղղակի բռնությունից նա եզրահանգումներ չի արել, իր հանդեպ իրականացված բռնությունը նա փոխանցում է հասարակությանը:
Ինչպե՞ս վարվել այս մարդու հետ, ասել, որ պետք է հրաժարական տա, նշանակում է հռչակել, որ մյուս հանրապետականները կարող են մնալ իրենց տեղում և այդպես մտածել ամբողջ Երևանի մասին: Ասել, որ պետք է ներողություն խնդրի այդ արտահայտության համար, նշանակում է ցնցել այդ մարդուն, կտրել մի միջավայրից, որում ինքը դարձել է 78 տարեկան: Ասել, որ նա պարտավոր է պետությանը և նրա գործիքներին վերաբերվել քաղաքացու պես, նշանակում է վերստին ծնել նրան: Իսկ ծնողը մայր է, այսինքն, գեղեցիկ սեռ: Որի մասին պարոն Իգիթյանն այսօր ասել է՝ բ..-ի մեկը:
Մհեր Արշակյան










