Գլխավոր Լրահոս

Սև դրոշներ և հաղթանակ․ 1991-ի հոկտեմբերի 16-ը

Սև դրոշներ և հաղթանակ․ 1991-ի հոկտեմբերի 16-ը

1991 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, ես այն 24 համագյուղացիներից մեկն էի, ով ընտրատեղամաս էր գնացել և ընտրել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին։ Մի քանի օր անց, արդեն Երևանում, որքան հիշում եմ՝ Բաղրամյան պողոտայում, ականատես դարձա Հայրիկյանի և ԱԻՄ-ականների՝ սև դրոշներով երթին։ Այսպես էին նրանք ընդունել ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը։

Արդեն 26 տարի է անցել, այս տարիներին բազմիցս ընտրություններ են կեղծվել, կատարվել է Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1, նախկին կոմունիստ Սերժ Սարգսյանը հասցրել է դառնալ ՀՀՇ-ական, ապա ՀՀԿ-ական, Լևոնի նվիրյալից դարձել նրա ախոյան, բազմաթիվ հանրահավաքներ ու ցույցեր են եղել ու ճնշվել, հրապարակներում բարձրացվել են զանազան դրոշներ, սակայն սև դրոշներով երթի ակատանտես այլևս չեղանք։

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական առաջին ընտրությունները, որոնք հանրության և քաղաքական շրջանակներում ընդունված է անվանել միակ չկեղծվածը հանրապետության համապետական ընտրությունների պատմության մեջ:

Նախագահական անդրանիկ ընտրություններում առաջին և վերջին անգամ քվեարկվում էր նաև փոխնախագահի պաշտոնը:

ՀՀՇ-ի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ փոխնախագահի պաշտոնի համար պայքարում էր Գագիկ Հարությունյանը, ով նախկին կոմունիստ էր և զբաղեցնում էր խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը 1990-ի օգոստոսից ի վեր: Հետագայում նա պետք է դառնար վարչապետի պաշտոնակատար, ապա երկար տարիներ՝ Սահմանադրական դատարանի անփոփոխ նախագահ ու գործող բոլոր իշխանությունների նվիրյալ:

ՀՀՇ-ից բացի, Տեր-Պետրոսյան-Հարությունյան զույգի թեկնածությունը պաշտպանեց նաև Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ): Տեր-Պետրոսյանը ստացավ քվեների շուրջ 83 տոկոսը կամ 1.260.433 ձայն: Հետագա նախագահական որևէ ընտրության որևէ (չ)ընտրված նախագահ նման մեծ առավելությամբ չպիտի հաղթեր մյուս հավակնորդներին։

Հետագայում՝ 1996-ի չարաբաստիկ, կեղծված նախագահական ընտրությունների շրջանում, Տեր-Պետրոսյանը, ով ստացավ կրկնակի պակաս ձայն՝ 647 հազար, պիտի խոստովաներ․«1991 թվականին ես հաղթել եմ ազգային ազատագրական շարժման ռոմանտիկ ալիքի վրա»։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Պարույր Հայրիկյանը՝ ստանալով քվեների շուրջ 7 տոկոսը: Նրա թեկնածությունը առաջադրել էր ԱԻՄ-ը: Փոխնախագահ պաշտոնում Հայրիկյանի հետ առաջադրվել էր Հայոց Քրիստոնեա-Ժողովրդավարական միություն ներկայացուցիչ Ազատ Արշակյանը: Երկուսն էլ խորհրդային տարիների այլախոհներ էին, ովքեր երիտասարդ տարիների մեծագույն մասը անց էին կացրել աքսորավայրերում։

Այդ ընտրությունների հիմնական աղմկահարույց պահը Տավուշի Պառավաքար գյուղի միջադեպն էր, երբ նախընտրական շրջանում հարձակման ենթարկվեց Հայրիկյանը իր համախոհների խմբի հետ միասին։

ՀՅԴ թեկնածու Սոս Սարգսյանը ստացավ քվեների 4.3 տոկոսը: Նրա հետ փոխնախագահի պաշտոնում առաջադրվել էր Վահան Հովհաննիսյանը: Հիշողությանս մեջ սիրված դերասանի և երիտասարդ քաղաքական գործչի՝ փողոցներում ամենուր փակցված նկարներն էին։ Ինչպես 1991-ի, այնպես էլ 1996-ի ընտրություններում դեռևս տարածված չէին ցուցապաստառները։ ՀՅԴ-ի նման ցածր տոկոսը շոկ էր Սփյուռքի դաշնակցական շրջանակների համար։          

Զորի Բալայանը, ով առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ, ստացավ քվեների 0.45 տոկոսը: Նրա հետ փոխնախագահի աթոռի համար պայքարում էր ԵՊՀ դոցենտ Հարություն Մարզպանյանը:          

Քաղաքացիական նախաձեռնությամբ էր առաջադրվել նաև «Ղարաբաղ» կոմիտեի ավագագույն անդամ Ռաֆայել Ղազարյանը, որի հետ փոխնախագահի աթոռի համար պայքարում էր Սուրեն Զոլյանը: Ղազարյանը ստացավ քվեների 0.39 տոկոսը:          

Ընտրություններում վերջին տեղը զբաղեցրեց ՀՀԿ-ի առաջնորդ և թեկնածու Աշոտ Նավասարդյանը՝ ստանալով քվեների 0.16 տոկոսը: Փոխնախագահի համար Նավասարդյանի հետ պայքարում էր ՍԻՄ առաջնորդ Հրանտ Խաչատրյանը:           

Հետագայում ՀՀԿ-ն իր պաշտոնական կայքում՝ Պատմություն բաժնում, չի հիշատակել, որ կուսակցությունը իր առաջնորդով որպես թեկնածու մասնակցել է նորանկախ Հայաստանի անդրանիկ նախագահական ընտրություններին:

1991-ի հոկտեմբերի 16-ի ընտրությունների նախագահի և փոխնախագահի 12 թեկնածուներից 4-ը կյանքից հեռացել են՝

Աշոտ Նավասարդյանը՝ 1997-ի նոյեմբերի 3-ին՝ 47 տարեկանում,

Ռաֆայել Ղազարյանը՝ 2007-ի նոյեմբերի 3-ին՝ 83 տարեկանում,

Սոս Սարգսյանը՝ 2013-ի սեպտեմբերի 26-ին՝ 83 տարեկանում,

Վահան Հովհաննիսյանը՝ 2014-ի դեկտեմբերի 28-ին՝ 58 տարեկանում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում