Գլխավոր Լրահոս

Բուհերի խորհուրդները կապաքաղաքականացվեն․ ԿԳ փոխնախարար

Բուհերի խորհուրդները կապաքաղաքականացվեն․ ԿԳ փոխնախարար
Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ապաքաղաքականացնել բուհերի կառավարման խորհուրդները։ ՍիվիլՆեթի հետ զրույցում ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանն ասել է, որ նոր օրենքով [Բարձրագույն և հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքը - խմբ․] բացառվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կամ մարզպետի գտնվելը բուհերի խորհրդի կազմում։ Ներկայում, որպես կանոն, բուհերի կառավարման խորհուրդներում նախագահում են պետական բարձր պաշտոնյաները, օրինակ՝ ՀՀ նախագահը երկար տարիներ է՝ նախագահում է Երևանի պետական համալսարանի կառավարման խորհուրդը։ Նմանապես՝ ԱԺ խոսնակը նախագահում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհուրդը, վարչապետը՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը և այլն։ Փոխնախարարն ասել է, որ ԿԳՆ-ն փորձ է անելու բուհը փոխկապակցել բիզնես ոլորտի հետ։ Այս մասին խոսել էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։ ԿԳ փոխնախարարը նշել է, որ այդ նպատակով բուհի խորհրդի կազմում 30 տոկոս կտրամադրվի գործարար հատվածին, ինչը նշանակում է, որ բուհի և այդ տնտեսական բաղադրիչի միջև էական կապ կլինի։ Իսկ արդյոք կապաքաղաքականացվե՞ն բուհերի ուսանողական խորհուրդները։  Վահրամ Մկրտչյանն ասել է, որ այդ հարցը քննարկվող օրենքի և քաղաքականության համատեքստից դուրս է։ Ըստ ԿԳ նախարարի տեղակալի՝ ներկայում քննարկվում է նաև բուհերի խոշորացման հարցը․ «Փոքր համակազմ ունեցող բուհը գոյատևելու և որակյալ կրթություն տալու հնարավորություն չունի, և տարբեր մարդկանց մտքով տարբեր ավանտյուրաներ են անցնում։ Եթե բուհերը խոշորանան ու բազմահազար ուսանողներ ունենան, բուհի ղեկավարությունը կախված չի լինի մեկ-երկու հոգուց»։ Փոխնախարարն ասել է, որ ԿԳՆ-ն գնալու է խստացման ճանապարհով, մանր բուհերը կա՛մ պետք է խոշորանան՝ միավորվելով, կա՛մ փակվեն։ Հայաստանում այսօր կա 66 բուհ, որից 31-ը մասնավոր է, իսկ 7-ը գործում է պետական պայմանագրով։ Կան նաև օտարերկրյա բուհեր։ Բուհերից 23-ը պետական է։ Ուսանողների ընդհանուր թիվը 94,000 է։ Այդ թվից մասնավոր բուհերում սովորում է ընդամենը 10,000 հոգի, ընդ որում՝ 6,000-ը՝ հինգ բուհում։ Ըստ փոխնախարարի՝ մնացած 26 բուհերը պարապուրդի մատնված վիճակում են։ ԿԳՆ-ն պատրաստվում է կոշտ քաղաքականություն վարել և խստացնել լիցենզավորման չափորոշիչները։ Ըստ փոխնախարի՝ ԿԳՆ-ն դրական է վերաբերվում  պաշտպանության նախարարության՝ տարկետման ձևի փոփոխությոան նախաձեռնությանը։ (Տե՛ս՝ Տարկետում․ վնաս գիտությա՞նը, թե՞ փախուստ բանակից)։ «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության համար տարկետում կտրվի Հայաստանում հավատարմագրված բուհերում սովորող քաղաքացուն, եթե նա ՊՆ-ի հետ կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո զինվորական ծառայության անցնելու մասին։ Վահրամ Մկրտչյանը պարզաբանել է, որ իրենք համակարծիք են ՊՆ-ի հետ, որ տարկետման ձևի փոփոխմամբ չի խաթարվի կրթության շարունակականությունը, և կրթության որակը չի ընկնի։ Գևորգ Թոսունյան Լուսանկարում՝ ՀՀ նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում