Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: Ինչպես նշված է կառավարության տարածած հաղորդագրությունում, զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ։
«Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք հարցեր կարող են ընդգրկվել միջկառավարական հանաձնաժողովի օրակարգում, որպեսզի երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանց իրականացման ուղղությամբ:
Մասնավորապես, անդրադարձել է կատարվել հայ-իրանական սահմանին բացվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հետ կապված հարցերին: Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծում ներգրավելու վերաբերյալ:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, գյուղտեխնիկայի մատակարարմանը և մի շարք այլ հարցերի»:
Հոկտեմբերի 24-ին՝ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպմանը ռուսական կողմը հայտարարել էր Մեղրիի ազատ տնտեսական գոտում իր հետաքրքրության մասին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի