Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 27-ի 9-րդ մահը

Հոկտեմբերի 27-ի 9-րդ մահը
«Էրեբունի» բժշկական կենտրոնում, սրտի շրջանում ունեցած ցավերից, մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը։ 2014թ. նոյեմբերին նա խոստացել էր բացահայտել ահաբեկչության հանգամանքները, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»: Տուրք չտալով դավադրությունների տեսությանը, այնդուհանդերձ պետք է ընդգծենք, որ Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված մարդկանց մահացությունները զարմանք են պատճառում: Սա արդեն իններորդ մահն է: Մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը, ով ահաբեկչության խմբի անդամ էր, 2000թ. օգոստոսի 29-ին էլեկտրահարվեց բանտախցում` դեռևս  գործի նախաքննության փուլում: Հանցախմբին զենք վաճառած Եղիազարյանը դատարան չհասավ: Վռամ Գալստյանը գլխավոր ոճրագործներ Նաիրի և Կարեն Հունանյանների քեռին էր, Նուբարաշենի մեկուսարանում 2004թ. ապրիլի 16-ին նրան հայտնաբերեցին կախված: Խմբի մեկ այլ անդամ՝ Համլետ Ստեփանյանը, ըստ պաշտոնական վարկածի հանկարծամահ է եղել 2010 թ. մայիսին: Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը գործով կալանավորված անձանցից մեկն էր, ով ազատ արձակվեց և մահացավ 2004թ. սեպտեմբերի 18-ին՝ ուշքի չգալով մայիսի 28-ին Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա պատահած ավտովթարից հետո: Ռոզա Հովհաննիսյանը գործով անցնող վկաներից էր, ԱԺ նախկին բուժքույր, տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ ավտովթարից մահացավ 2004թ. սեպտեմբերի 1-ին: Հասմիկ Աբրահամյանը Ազգային ժողովի արձանագրային բաժնի աշխատակցուհի էր, գործով վկա, ինքնասպան եղավ 2004թ.: 45-ամյա Հասմիկին գտել էին կախված` հենց Ազգային ժողովի շենքում: Հոկտեմբերի 27-ի գործով անցնող, ճիշտ է, անմիջական կապ չունեցող երկու անձինք, երկուսն էլ լրագրողներ ու Նաիրի Հունանյանի հետ նախկինում հարաբերություններ ունեցած, ևս հեռացել են կյանքից: Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում՝ ծնողների տանից դուրս գալիս։ Մարդասպանը կրակել է 7 անգամ։ Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Հոկտեմբերի 27-ի գործով անցնող առանցքային վկաներից Հ1-ի լրագրող Տիգրան Նազարյանը վախճանվել է 2014-ին ԱՄՆ-ում: 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի Հունանյանը և նրա հանցախմբի հինգ անդամներ։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։  Թաթուլ Հակոբյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում