Գլխավոր Լրահոս

Հայաստանը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղու գաղափարից

Հայաստանը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղու գաղափարից
Հայաստանի կառավարությունը չի հրաժարվում դեպի Իրան երկաթուղի կառուցելու մտքից, որի մասին դեռ 2008թ․ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: 2012թ․ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարոթյունը օֆշորային Դուբայ քաղաքում գրանցված «Ռասիա ՖԶԷ» անունով  ընկերության հետ սկսեց բանակցություններ ու ստորագրեց պայմանագիր: Երկաթուղի կառուցելու ծրագիրի կոնցեսիոն կառավարիչ դարձավ «Ռասիա ՖԶԷ»-ն: Նոյեմբերի 9-ին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է  տարածել՝ նշելով, որ այդ ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները, ժամկետները, ուստի Հայաստանը պատրաստվում է կառուցել երկաթուղին՝ «Ռասիա ՖԶԷ»-ից անկախ: «Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «Ռասիա ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «Ռասիա ՖԶԷ»-ից անկախ»,- նշված է նախարարության հայտարարությունում: Դեռ այս տարվա հունվարին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՍիվիլՆեթին տեղեկացրել էր, որ հանդիպելու է «Ռասիա ՖԶԷ»-ի ղեկավարության հետ: Հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն այդպես էլ չեղավ: «Ռասիա ՖԶԷ» ընկերության մասին տեղեկությունները սակավ են: Ընկերության տնօրենը Ջոզեֆ Բորկովսկին է, ով հանդիպումներ է ունեցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Նա հրաժարվել էր լրագրողներին մանրամասնել, թե ինչքան է «Ռասիա ՖԶԷ»-ի կապիտալը: Բացի օֆշորային Դուբայից, այս ընկերությունը գրանցված է մեկ այլ օֆշորային գոտում՝ Կայմանյան կղզիներում: Այս ընկերությանը իրավաբանական օգնություն տրամադրել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը: Նոյեմբերի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր Իրանի հետ երկաթուղի կառուցելու ծրագրին. «Տեսեք, Իրան-Հայաստան երկաթգիծը կկառուցվի թե չի կառուցվի․ դա պետք է դնել կշեռքին և հաշվարկել, եթե երկաթգիծը կառուցվի՝ ծառայության ինչպիսի գին կլինի, ինչ ծավալով մենք կարող ենք այնտեղ ծառայություն մատուցել, և եթե, օրինակի համար, լինի ավտոճանապարհ՝ թունելով ծառայության գինն ինչպիսին կլինի, քանի որ դա պետք է լինի բիզնեսի առումով տրամաբանական, որ փոխադրողն այլ ճանապարհ ընտրի: Համաձա՞յն եք: Ինքնանպատակ չէ դա: Այդ իսկ պատճառով Իրանի հետ մեր համագործակցությունը, հոսքերի ավելացումը, Հյուսիս- հարավը, ազատ տնտեսական գոտին… Երբ այդ ինդիկատորները հայտնվեն, և մենք կարողանանք այդ շուկան ապահովել, մենք կքննարկենք՝ դա կլինի երկաթգիծ, թե այլ ճանապարհ»,- հայտարարել էր վարչապետը: Այս տարվա փետրվարին ՍիվիլՆեթը հրապարակել էր հետաքննություն՝ Իրանի հետ երկաթուղու կառուցման ծրագրի մասնրամասների մասին՝ դրանում ներգրաված կազմակերպությունների, բյուջեից հատկացված միջոցների մասին: Մկրտիչ Կարապետյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում