Գլխավոր Լրահոս

Խաղաղապահները չեն կարող խաղաղություն բերել Արցախին

Խաղաղապահները չեն կարող խաղաղություն բերել Արցախին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու և Երևան այցի շրջանակներում ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ հակամարտության կողմերը հիմնականում համաձայն են Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջաններից հինգը Ադրբեջանին վերադարձնելուն և այնտեղ խաղաղապահների տեղակայմանը։ Վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրներ, թերթը նշում է, որ կողմերի միջև վիճելի են մնում Արցախի միջանկյալ ու վերջնական կարգավիճակի, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջանցքի հարցերը։ Ղարաբաղյան՝ մոլորակի դժվար լուծելի հակամարտություններից մեկը, յուրահատուկ է նրանով, որ 1994-ից ի վեր հաստատված անժամկետ զինադադարը (բազմաթիվ խախտումներով, դիվերսիոն փորձերով, Ապրիլյան պատերազմով) պահպանվում է բացառապես երեք կողմերի և ստեղծված ռազմական հավասարակշռության շնորհիվ։ 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերով, ինչպես նաև 1997-ից ի վեր հակամարտության կողմերին ներկայացված կարգավորման առաջարկներով ենթադրվում է խաղաղապահների մուտք տարածաշրջան։ Խնդրահարույց է խաղաղապահների կազմի թեման։ Հետխորհրդային չորս հակամարտություններից երեքում՝ Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Ռուսաստանը ներկա է իր խաղաղապահներով։ 1994-ի աշնանը ռուսական կողմը ամեն ինչ անում էր, որպեսզի ԼՂ հակամարտության գոտի մտցնի իր խաղաղապահներին՝ ԱՊՀ մանդատի ներքո, ինչը հաջողությամբ իրականացրեց նույն տարվա սեպտեմբերին Աբխազիայում։ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների բազմաթիվ փուլերը, սակայն, երևան հանեցին մի իրողություն, որը տարօրինակ կարող է թվալ անգամ այսօր։ Ե՛վ Երևանը, և՛ Ստեփանակերտը, և՛ Բաքուն մերժեցին ու համատեղ ուժերով տապալեցին ռուսական նախաձեռնությունը։ Այս ամենին հետևեց Բուդապեշտը, որտեղ, ի հեճուկս Ռուսաստանի, ընդունվեց ԼՂ հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու առաջարկը։ Ի կատարումն Բուդապեշտի գագաթաժողովի որոշումների, ստեղծվեց ԵԱՀԿ Բարձր պլանավորման խումբը, որը մշակեց և կողմերին ներկայացրեց խաղաղապահության չորս առաջարկներ։ Դրանք սակայն, ինչպես կարգավորման համապարփակ առաջարկները, չեն ընդունվել մինչև այսօր կողմերից մեկի, մյուսի կամ երրորդի մերժման պատճառով։ Նշենք, որ 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու ցանկություն հայտնել են երկու պետություններ՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Ադրբեջանը կտրականապես դեմ է ռուսական (Ադրբեջանում Խորհրդային Միությունից մնացած ռուսական ռազմական ներկայությունը վերացել է 1993-ին), իսկ Հայաստանը՝ թուրքական խաղաղապահությանը։ Ռուսաստանի ցանկությունը, ինչպես 1990-ական թթ կեսերին, այնպես էլ այսօր, եղել է խաղաղապահ առաքելությամբ ռազմական ներկայության հաստատումը Արցախ-Ադրբեջան գոտում, այդ թվում՝ Արաքսի ափամերձ հատվածում։ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին առաջին հերթին անհրաժեշտ են ոչ թե խաղաղապահներ, լինեն նրանք ռուսներ կամ այլազգիներ, այլ ընդհանուր լեզու և խաղաղ Կովկասի ընդհանուր տեսլական։ Խաղաղապահները չեն կարող խաղաղություն բերել Կովկասին, հայ և ադրբեջանցի ժողովուրդներին։ Խաղաղությունը պետք է կարողանան կերտել հայերն ու ադրբեջանցիները, որովհետև խաղաղությունը բխում է նրանց երկարաժամկետ շահերից և որովհետև Կովկասը նրա՛նց տունն է։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում