
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Ըստ այդմ՝ բնական գազի գինը ՀՀ-ի համար 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:
Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը:
Նշվել է նաև, որ այս հարցում կառավարությունը շարունակելու է տարբերակված մոտեցում ցուցաբերել սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների նկատմամբ՝ այդ խմբերի համար պահպանելով դեռ նախորդ տարի կառավարության կողմից սահմանած գազի հատուկ սակագինը:
Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի հարցը։ Որոշվել է, որ Հայաստանի համար արտոնյալ սակագինը՝ սահմանին 150 դոլար 1000 խմ-ի դիմաց, կպահպանվի նաև 2018թ․։
«Մենք այսօր քննարկել ենք մի շարք հարցեր, կապված ոչ միայն գյուղատնտեսության հետ, այլ նաև զբաղվել ենք էներգետիկայով: Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Դրա էությունն այն է, որ հաջորդ տարի Հայաստանի համար պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքի, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևի այս հայտարարությանը հաջորդ օրը Ազգային ժողովում անդրադարձավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«2013թ․ Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական խայտառակ համաձայնագիրը, որով մենք մեր ունեցած 20 տոկոս բաժնեմասը տվեցինք «ՀայՌուսգազարդ»-ին ու նաև պատավորվեցինք, որ 30 տարով չենք ընդունելու որևէ օրենք, որոշում, ընդհանրապես որևէ իրավական ակտ, որը կառնչվի «ՀայՌուսգազարդ»-ի համար սահմանված 20 տոկոս շահութահարկի դրույքաչափին կամ ընդհանրապես որևէ հարկային ռեժիմ փոխենք կամ հայց հարուցենք նրանց դեմ, եթե որևէ վնաս պատճառեն Հայաստանին»,- հայտարարեց Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ համաձայնագրի կնքումից հետո նույն խորհրդարանից որոշ պաշտոնյաներ հայտարարեցին, որ «այս զիջման դիմաց Ռուսաստանը չի թանկացնի գազը»։ Այնուհետև Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ու նորից նույն հայտարարությունները եղան, սակայն Մեդվեդևի հայտարարությունն, ըստ պատգամավորի, բացահայտեց որոշ հանգամանքներ։
«Մեկ էլ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Երևանում հայտարարում է, որ «մենք նման համաձայնության ենք հասել առ այն, որ գազը չի թանկանա այս տարի, այն դեպքում, երբ նախապես այլ նորմեր էին պլանավորվել գազի հետ կապված», ու բոլորը շատ ուրախացան։ Հիմա ուզում եմ հասկանամ՝ այս ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել, որոնց մասին մենք չգիտենք»,- հարցադրում արեց պատգամավորը։
Civilnet










