Գլխավոր Լրահոս

Ապրում են Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները, մեռնում է գյուղացին

Ապրում են Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները, մեռնում է գյուղացին
«Մարդկանց պետք է կշտամբել չաշխատելու համար»,- Դիլիջանում շաբաթ օրն ասել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, նույն գյուղում, որտեղ հողը նույնն է, նույն կարկուտի վտանգի տակ է, երկու երեխա ունեցող մեկի լավ ապրելու պատճառն այն է, որ ինքն աշխատում է, մյուսի վատ ապրելու պատճառն այն է, որ չի աշխատում: Ուրեմն, վատ ապրողին պետք է կշտամբել: Փորձենք: Բայց որպեսզի կշտամբենք, պետք է մի քիչ դեմքով իմանանք նրան: Որովհետև լավ ապրողներին դեմքով գիտենք: Օրինակ, Ալեքսանդր Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանի եղբորը: Տեղ գյուղում ծնված մի համեստ երեխա, որի որևէ ընդունակության մասին 61 տարվա ընթացքում հայտնի չէ, հայտնի է հատկապես քրեական պատմություններով և ուրիշների հալալ քրտինքով ստեղծված բիզնեսների մեջ հարկադիր փայատիրոջ իմիջով: Կշտամբելու արժանի բան արե՞լ է այս մարդը հարստանալու ամբողջ ընթացքում: Իհարկե՝ ոչ: Ուրեմն ինչու՞ նույնը չի անում գյուղացին: Կարո՞ղ է: Դա ոչ մեկին հետաքրքիր չէ, ինչպես Սերժ Սարգսյանին հետաքրքիր չէ, որ գյուղացու ուզելով չէ: Եթե Հայաստանում գյուղացին չի ուզում աշխատել, խնդիրը ինքը չէ: Եվ ահա թե ինչու: Լևոն Սարգսյանը՝ մյուս եղբայրը: Հաստատ վատ չի ապրում: 155 միլիոն դրամ է քաղաքապետարանը տալիս կանաչապատման հետ կապ չունեցող «Փյունիկին», որպեսզի մայրաքաղաքը կանաչապատեն 8 հազար գնդաձև ակացիաներով, ավելի քան 3 հազար կիլոգրամ խոտի սերմով, 550 հազար վարդակակաչի սոխուկներով և այլն: Իսկ ո՞վ է «Փյունիկ» հիմնադրամի խորհրդի նախագահը՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: Գյուղացին ի՞նչ պետք է անի՝ կանաչապատի՞ գյուղը, գնդաձև ակացիաներ ձեռք բերելու հա՞յտ ներկայացնի: Սերժ Սարգսյանն ի՞նչ է ուզում ասել՝ որ գյուղացին ծու՞յլ է: Նրա տատն էս մասին ոչինչ ասած չունի: Ասենք, լոդրի մասին: Ուզում է ասել, որ աղքատ լինելը գյուղացու ընտրությու՞նն է և ոչ թե ապրելու որևէ եղանակ չունենա՞լը: Ինչքա՜ն վատ գիտի էդ մարդը Հայաստանը: Կամ ինչքա՜ն իրեն հետաքրքիր չէ հայաստանցին: Հայաստանում նույնիսկ աղքատ լինելու ռեսուրս չկա, Հայաստանում հերոսություն է աղքատ լինելը: Մարդիկ հենց ջանքեր են գործադրում ապրելու, և էդ ջանքերի արդյունքը հենց աղքատությունն է: Ավելին հնարավոր չէ: Որովհետև հարստությունը բաշխված է եղբայրների միջև, օլիգարխների միջև, Միհրան Պողոսյանի և ՍԱՍ-ի Արտակի միջև: Մարդն ինչպե՞ս կարող է ընտրել աղքատ լինելը, եթե հարուստ լինելու տարբերակ ուղղակի չկա: Չի կարող: Նշանակում է, աղքատությունը նրա ձեռքբերումն է պարզապես մեռած չլինելու փոխարեն: Հայաստանում չի կարելի աղքատությունից խոսել: Հայաստանում պետք է խոսել սովից չմեռնելուց: Իսկ էդ սահմանը գծված է՝ ապրում են Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները, մեռնում է գյուղացին: Երբ Սերժ Սարգսյանը խոսում է աղքատ գյուղացուց, պետք է դեմքով իմանար նրան: Ինքը պարտավոր է դեմքով իմանալ նրան, որին դատապարտում է: Էդ գյուղի «կլուբային» կշտամբանքը ՀՀ քաղաքացու հանդեպ նույնիսկ գյուղապետը չպետք է թույլ տար իրեն, որը տեսախցիկների թիկունքում ասում է, որ «փախնում են, ախպեր, չեն մնում. ու՜ր մնան»: Իսկ ու՞ր են փախչում: Փախչում են աշխատելու: Իսկ ո՞վ ասաց, որ աշխատողն ապրում է: Ո՞վ է աշխատում՝ Սամվել Ալեքսանյա՞նը: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակա՞լը, որն իր ծառաողական պարտականությունների հետ կապ չունեցող բիզնեսներ ունի: Լավ, ի՞նչ անենք, որ էս մարդու մուննաթը Հայաստանից հեռու պահենք: Էս հողը էսքան անտրամաբանություն չի կարող տեղավորել նրանց դեմքով ու շուրթերով, որոնք նրա վրա կանգնում են երբեք չցեխոտված կոշիկներով: Եվ ես չեմ ուզում, որ էս հողը իր անարժան որդիներին դուրս թքելու «ունակություն» ձեռք բերի: Ամոթ է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում