Գլխավոր Լրահոս

Արձանագրությունների վավերացման համար պետք է լուծել ԼՂ հարցը․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Արձանագրությունների վավերացման համար պետք է լուծել ԼՂ հարցը․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ դեկտեմբերի 13-ին Հունաստանի ԱԳՆ-ում արած այն հայտարարությանը, թե Ցյուրիխի արձանագրությունները մինչ օրս չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց «անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն»: Պաշտոնական Անկարան հայտարարել է, թե վերոհիշյալ պնդումը «չի արտացոլում ճշմարտությունն ու միտված է միջազգային հանրային կարծիքի ապակողմնորոշմանը»։

«Թուրքիան ջանքեր է գործադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մի շարք մակարդակներով՝ 1991-ին Հայաստանի անկախության հռչակումից ի վեր։ 

Այս համատեքստում արձանագրությունները, որոնց նպատակն է կարգավորել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, Շվեյցարիայի միջնորդությամբ բանակցությունների արդյունք էին։

Այդուհանդերձ, Հայաստանի Սահմանադրական դատարանը 2010թ․ հունվարի 12-ի իր որոշմամբ առաջ քաշեց լրացուցիչ նախապայմաններ և սահմանափակող դրույթներ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ․ ապրիլի 22-ին հրապարակայնորեն հայտարարեց, որ փաստաթղթերի վավերացումը կասեցվել է։ Հանրահայտ փաստ է, որ հայկական սփյուռքն ի սկզբանե դեմ էր արձանագրությունների ստորագրմանը և ճնշում է գործադրում Հայաստանի կառավարության վրա, որ չվավերացնի արձանագրությունները։

2017թ․ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում պարոն Սարգսյանը Թուրքիային անհիմն կերպով մեղադրեց արձանագրությունների վավերացման հետաձգման համար և հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների:

Չնայած արձանագրությունների հարցում Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան հանձնառու է դրանց սկզբնական դրույթներին։ Արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի օրակարգում, և դրանց վավերացման համար անհրաժեշտ է ապահովել նպաստավոր քաղաքական մթնոլորտ և խաղաղություն Հարավային Կովկասում։ 

Ինչ վերաբերում է արձանագրություններին՝ Թուրքիայի առաջնահերթ նպատակն է կարգավորել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններն այնպես, որ Հարավային Կովկասում երաշխավորվի համապարփակ խաղաղություն և կայունություն։ Այս առումով անհրաժեշտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցվի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա։ Ամեն դեպքում, Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի տարածքների նվաճմանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Պաշտոնական Անկարան անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին՝ դրա մասին պնդումները անվանելով «չարամիտ խմբերի՝ միջազգային հանրությանն իրենց միակողմ նարատիվը պարտադրելու փորձեր»։ Բացի այդ, Թուրքիան Հայաստանից «ակնկալում է», որ «հակասական պատմական դեպքերով զբաղվելու փոխարեն պատասխան տա Խոջալուի ցեղասպանության համար»։

***

Դեկտեմբերի 13-ին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն ասել էր․ «Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում