Գլխավոր Լրահոս

Աշխարհում խորանում է անհավասարությունը․ Le Monde

Աշխարհում խորանում է անհավասարությունը․ Le Monde

Դեկտեմբերի 14-ին հրապարակվեց աշխարհի անհավասարության վերաբերյալ առաջին զեկույցը, որի պատրաստման շուրջ Հարստության և եկամուտների տվյալների համաշխարհային բազայի (WID.world) շրջանակներում համախմբվել էին հարյուրավոր տնտեսագետներ աշխարհի բոլոր երկրներից։ Զեկույցը լույս է սփռում 21-րդ դարասկզբի ամենակարևոր սոցիալական և տնտեսական խնդիրներից մեկի վրա, գրում են ֆրանսիական Le Monde թերթի հոդվածագիրներ Մարի Շարելը, Մարի դե Վերժեսը և Ֆիլիպ Էսկանդը:

Մոտ 70 երկրում բավական երկար ժամանակահատվածում (1980-2016թթ.) մանրակրկիտ հետազոտություն է անցկացվել եկամուտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Տնտեսագետների կատարած աշխատանքի հիմնական ասպեկտները հետևյալն են:

Եկամուտների անհավասարությունը խորացել է ամենուր

Զեկույցում նշվում է, որ 1980-ականներից ի վեր աշխարհում ամենահարուստ մարդկանց «թոփ 1 տոկոսը» ունեցել է եկամուտների 27 տոկոս աճ այն դեպքում, երբ աշխարհի ամենաաղքատների 50 տոկոսն ունեցել է 12 տոկոս աճ։ Այնուամենայնիվ, երկրորդ կատեգորիան եկամուտների առումով աճ ունեցել է զարգացող երկրների, մասնավորապես՝ Չինաստանի զարգացման շնորհիվ։ Ինչ վերաբերում է այս երկու խմբերի միջև գտնվող խավին՝ հիմնականում արևմտյան միջին դասին, նրանց եկամուտներն ունեցել են ամենաթույլ աճը, անգամ՝ լճացում 1980-2016թթ.:

Անհավասարություն նաև ունեցվածքի առումով

Անհավասարությունը չափվում է ոչ միայն եկամուտներով: Այն նաև կախված է մարդկանց պատկանող ունեցվածքից, մասնավորապես` անշարժ գույքից, ֆինանսական ակտիվներից և ձեռնարկություններում ունեցած մասնաբաժիններից։ Ամբողջ աշխարհում ունեցվածքային անհավասարության մակարդակը մնում է 20-րդ դարի ցուցանիշից 20-30 տոկոսով ցածր:

Անհամասեռ վիճակ տարբեր երկրներում

Պատկերը շարունակում է տարբեր մնալ աշխարհի տարբեր շրջաններում: 2016 թ. ազգային եկամտի մեջ ամենահարուստ մարդկանց 10 տոկոսի ունեցած մասնաբաժինը Եվրոպայում կազմել է 37 տոկոս՝ Չինաստանի 47 տոկոսի, Հյուսիսային Ամերիկայի 47 տոկոսի, Հնդկաստանի և Բրազիլիայի 55 տոկոսի համեմատ։

Անհավասարության աճը տարբեր երկրներում տարբեր տեմպերով է ընթանում: Զեկույցի հեղինակների կարծիքով սա նշանակում է, որ «հաստատություններն ու հանրային գործիչները կարևոր դեր են խաղում դրա զարգացման մեջ»:

Հանրային հարստության զանգվածային անցումը մասնավոր հատված

«Փառապանծ 1930-ականներին» զարգացած տնտեսություն ունեցող երկրներում զուտ պետական ակտիվները (բնակվայրեր, հողամասեր, պետական ձեռնարկություններում մասնաբաժիններ, հանած պետական պարտքը) կազմում էին ազգային եկամտի ավելի քան 40 տոկոսը: 1970-ականներից ամեն ինչ սկսեց փոխվել` սեփականաշնորհման ջանքերի և պետական պարտքի ավելացման շնորհիվ: Արդյունքում այս ցուցանիշը այժմ բացասական է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում և թույլ դրական՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Ճապոնիայում: Ռուսաստանում և Չինաստանում պետական ակտիվների մասնաբաժինը 1980-ականների 60-70 տոկոսից այսօր հասել է 20-30 տոկոսի:

Եվրոպան պաշտպանված է իր սոցիալական մոդելով

Զեկույցի շատ բաժիններում շեշտվում է՝ Եվրոպան մի տարածաշրջան է, որտեղ 0,001 տոկոս ամենահարուստների և 50 տոկոս ամենաաղքատների միջև ճեղքվածքը  նվազագույնն է։ Դա մեծապես պայմանավորված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված սոցիալական մոդելով՝ առատաձեռն վերաբաշխման և առավել առաջադեմ հարկման համակարգով, աշխատավարձի ոլորտում քաղաքականությամբ, որն առավել բարենպաստ է ժողովրդական խավերի համար, ինչպես նաև համեմատաբար էգալիտար կրթական համակարգով, կարծում են հոդվածի հեղինակները:

Ռուսաստանում «երկաթյա վարագույրի» անկումից շահեցին հարուստները

1989թ. հետո կոմունիզմի անկումը Ռուսաստանում ուղեկցվում էր կտրուկ փոփոխություններով` ապրանքների և ծառայությունների շուկայի ազատականացում, զանգվածային սեփականաշնորհում, սրընթաց գնաճ։ Աճեցին միջին եկամուտները, բայց նրանց հետ աճեց նաև անհավասարությունը, օլիգարխները տիրացան բազմաթիվ ռեսուրսների:

Արդյունքում` 50 տոկոս ամենաաղքատների ստացած ազգային եկամտի մասնաբաժինը 1989-ից իջել է 30-ից 20 տոկոսի, մինչդեռ ամենահարուստ 1 տոկոսի մասնաբաժինը 25 տոկոսից հասել է 45-ի։

Նման միտումը կշարունակվի, եթե ոչինչ չփոխվի

Պետությունների կողմից ակտիվ արձագանքի բացակայության հետևանքով անհավասարությունը կշարունակի խորանալ առաջիկա տասնամյակների ընթացքում, զգուշացնում են տնտեսագետները: Այս արագությամբ, ըստ նրանց հաշվարկների, 2050թ. ամենահարուստ 0,1 տոկոսի ունեցվածքի մասնաբաժինը (Չինաստանում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում) կլինի նույնը, ինչ միջին խավի մասնաբաժինը:

«Բայց եթե երկրները հետևեն Եվրոպայի չափավոր ուղուն, ապա անհավասարությունը կարող է կրճատվել, ինչպես և աղքատությունը»,- հավաստիացնում են տնտեսագետները։ 

 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում