Գլխավոր Լրահոս

ՊԱԿ-ի օրը

ՊԱԿ-ի օրը

Հայաստանի հատուկ ծառայությունների՝ Պետական անվտանգության մարմինների ստեղծումը հասնում է մինչև 1918 թվական, երբ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում սկսեց գործել հետախուզական բաժանմունքը: 1918 թվականի օգոստոսի 8-ին Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում ծառայության նշանակվեց պորուչիկ Արտեմի Հովհաննիսյանը, ով Գլխավոր շտաբում հակահետախուզական բաժնի առաջին ղեկավարն էր: Իսկ հետախուզական աշխատանքների գծով առաջին ղեկավար է դարձել փոխգնդապետ Ալեքսանդր Շնեուրը:

Համաձայն Հայաստանի ԱԱԾ կայքի, 1919 թ. սեպտեմբերից մինչև 1920 թ. ապրիլ հետախուզական բաժանմունքը ղեկավարել է կապիտան Վահագն Մուրադյանը, որին այնուհետ փոխարինել է կապիտան Տիգրան Դևոյանը: Նշված բաժանմունքում եղել են հետախուզությամբ, հակահետախուզությամբ, ինչպես նաև գործակալների աշխատանքի ղեկավարմամբ զբաղվող ստորաբաժանումներ:

Ռազմական նախարարության Գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքը փորձում էր աշխատանքներ ծավալել նաև արտասահմանում, առաջին հերթին՝ Անդրկովկասում, Ռուսաստանի հարավում և Հյուսիսային Կովկասում: Արտասահմանում, այդ թվում Օսմանյան կայսրության և Իրանի տարածքում հակահետախուզություն իրականացնելու նպատակով կարևոր դեր էր վերապահված արտգործնախարարությանը և դեսպանատներին ու հյուպատոսություններին։

1920 թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հասատատվելուց 4 օր անց Հայհեղկոմի դեկրետով ստեղծվեց Խորհրդային Հայաստանի Արտակարգ հանձնաժողովը, որը տխուր դերակատարություն է ունեցել իշխանությունից հեռացված ՀՅԴ-ականների նկատմամբ իրականացված բռնությունների մեջ:

Խորհրդային Հայաստանի Արտակարգ հանձնաժողովի առաջին նախագահ է նշանակվել Նիկոլայ Այվազովը: 1921 թ. հունվարից այն ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը (մինչև 1924 թ.), որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929 թթ ղեկավարել է համակարգը):

1929 թ. մարտից մինչև 1930 թ. հոկտեմբեր ընկած կարճ ժամանակահատվածում Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայությունները ղեկավարել են  Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օթյանը, որոնք, ինչպես նաև Սերգեյ Մելիք-Օսիպովը 1937-1938 թթ. դարձան ստալինյան տեռորի զոհեր:

Հայրենական պատերազմի տարիներին Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել է գեներալ-մայոր Գեորգի Մարտիրոսովը: Մինչև 1991 թվականը, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել են գնդապետ Նիկիտա Քրիմյանը, Գեորգի Մարտիրոսովը՝ երկրորդ անգամ, Սերգեյ Կորխմազյանը, Գեորգի Բադամյանցը, Արկադի Ռոգոզինը, Հրայր Միքայելյանը, Մարիուս Յուզբաշյանը, և Վալերի Բադամյանցը:

Մարիուս Յուզբաշյանը սպանվեց 1993 թ. ամռանը Երևանում։

Հայաստանի անկախությունից հետո անվտանգության մարմինների առաջին ղեկավար դարձավ Հուսիկ Հարությունյանը (1991-1992), ով 2006-ի մայիսի 3-ին դարձավ Երևան-Սոչի օդանավի աղետի զոհերից։ Նրան հաջորդեց Վալերի Պողոսյանը (1992-1993), ապա Էդուարդ Սիմոնյանցը (1993-1994)։ Վերջինս մահացել է տարիներ առաջ հիվանդությունից։

Ապա Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարեցին Դավիթ Շահնազարյանը (1994-1995), Սերժիկ Սարգսյանը (1995-1999), Կառլոս Պետրոսյանը (1999-2004) և Գորիկ Հակոբյանը (2004-2016)՝ Հայաստանի բոլոր ժամանակների ամենաերկարակյաց անվտանգության մարմինների ղեկավարը։ Նա մահացել է բոլորովին վերջերս՝ ծանր հիվանդությունից հետո։

2016-ի փետրվարի 12-ից համակարգտ գլխավորում է Գեորգի Կուտոյանը։

Հայաստանի հատուկ ծառայությունները, անկասկած, առանցքային և անփոխարինելի դերակատարություն ունեն հանրապետության անվտանգության ապահովման և վերահաս վտանգների կանխարգելման գործում։

Մյուս կողմից, ցավալի է, որ իշխանությունները երբեմն հատուկ ծառայությունները օգտագործում են ներքաղաքական նպատակներով։ Կարելի է հիշել մի քանի աղմկահարույց դեպք, մասնավորապես Հայաստանի նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության, Ալեքսանդր Արզումանյանի և նրա ստեղծած անհնազանդության շարժման և Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթասի» դեմ։ Պետք է նաև հիշել առաջին հերթին Մարտի 1-ը։

անկախ Հայաստանում ԱԱԾ օրը նշվում է դեկտեմբերի 20-ը, քանի որ 1917 թ. այդ օրը բոլշևիկյան Ռուսաստանի Ժողկոմխորհի նիստում որոշում էր կայացվել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ էր նշանակվել Ֆելիքս Ձերժինսկին:



Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում