Գլխավոր Լրահոս

Վրաստանը Հայաստանի վրայով պետք է դուրս գա ԵՏՄ շուկա, կարծում է Սերժ Սարգսյանը

Վրաստանը Հայաստանի վրայով պետք է դուրս գա ԵՏՄ շուկա, կարծում է Սերժ Սարգսյանը

Վրաստանը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար․ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Սերժ Սարգսյանը խոսել է քննարկված տնտեսական խնդիրների մասին։

«Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև իհարկե մեր երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը: Խոսեցինք զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացման մասին՝ հաշվի առնելով այստեղ առկա մեծ ներուժը: Մեր հանդիպման օրակարգում էին նաև համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, և ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաև վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն:

Անշուշտ, պարոն նախագահի հետ մենք քննարկեցինք հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Այս համատեքստում կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը: Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով:

Մեզ համար օրենք է, և ես սա ասում եմ անկեղծությամբ, մենք մեր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք ենք գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին և կարծում եմ, որ և՛ հայկական կողմից, և՛ վրացական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին»:

Ավելի ուշ Վրաստանի նախագահի անունից ի պատիվ Սերժ Սարգսյանի և տիկնոջ պաշտոնական ընթրիք է տրվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում