Գլխավոր Լրահոս

Վրաստանի ստորագրած համաձայնագիրը կարող է բացել Աբխազիայի ու Օսիայի ճանապարհը

Վրաստանի ստորագրած համաձայնագիրը կարող է բացել Աբխազիայի ու Օսիայի ճանապարհը
Eurasianet.org կայքը հոդված է հրապարակել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները որպես առևտրային տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունների մասին։ 2018-ից մի քանի օր անց Վրաստանն արդեն դժվարությամբ է կարողանում պահել իր նոր տարվա որոշումներից մեկը՝ համաձայնագիր, ըստ որի երրորդ երկրները արտակարգ իրավիճակների պայմաններում հնարավորություն կունենան օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները որպես Վրաստանից Ռուսաստան առևտրային միջանցքներ: Դեկտեմբերի 19-ին շվեյցարական SGS սերտիֆիկացման ստուգիչ-հաստատիչ ընկերության հետ ստորագրված գործարքը բանակցությունների սեղանին է եղել 2011-ից ի վեր։ Համաձայնագիրը գործում է միայն ծայրահեղ եղանակային պայմանների դեպքում, ինչպիսիք են՝ ձյան մեծաքանակ տեղումները կամ սողանքը, ինչի ետևանքով կաթվածահար է լինում Վերին Լարսում Վրաստան- Ռուսաստան միակ պաշտոնական ճանապարհը։ Չնայած առաջին հայացքից թվացյալ մի սովորական բանաձև լինելուն, այն այնուամենայնիվ, հակասական է: Նախ, իհարկե, Վրաստանի վախն է, որ այդ համաձայնագիրը կնշանակի՝ Թբիլիսին տեղի է տվել Կրեմլին։ Այն փաստը, որ վրացական կառավարության կողմից SGS-ի հետ կնքված պայմանագրի պայմանները հրապարակված չեն, ավելի են խորացնում այդ վախերը։ Ավելին, հայկական կոնյակը Հարավային Օսիայով Ռուսաստան արտահանումը  թույլ տալը կարծես թե ևս մեկ քայլ է դեպի Հարավային Օսիան անկախ պետություն ճանաչելու և/կամ Ռուսաստանի դերը այդ տարածքում օրինականացնելու հարցում: Ի պատասխան, Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ ինքնահռչակ հանրապետությունների տարածքով դեպի Վրաստանի բուն տարածք կամ հակառակ ուղղությամբ բոլոր առաքումների պայմանները, ժամկետները կամ տեսակը կախված կլինեն միայն Վրաստանից: Բողոքների երկրորդ աղբյուրը, հավանաբար, ավելի բարդ է ՝ Ադրբեջանը: Ադրբեջանցի կառավարամետ որոշ պատգամավորներ այս  համաձայնագիրը համարում են  Բաքվի վաղեմի թշնամի Հայաստանի շահից բխող գործարք, որին Ադրբեջանը շրջափակման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Ներկայում Վերին Լարսը Հայաստանի բեռնատար մեքենաների համար Ռուսաստան՝ Հայաստանի խոշորագույն արտահանման շուկաներից մեկին հասնելու միակ ցամաքային տարբերակն է: Քանի որ բեռնատարներով երթևեկը պարբերաբար կաթվածահար է լինում, երբ ձյունը կամ մթնոլորտային այլ աղետներ փակում են վրաց-ռուսական անցակետը, Հայաստանի կառավարությունը երկար ժամանակ համոզում էր Թբիլիսիին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այլընտրանքային երթուղիների օգտագործման համար: Որպես շնորհակալություն SGS-ի հետ գործարքի համար՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին Վրաստան կատարած այցի հայտարարեց, որ Վրաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալ Հայաստանի վրայով, և կարող է օգտվել նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտուն միանալու առավելություններից: Սակայն սա տագնապի ահազանգ է Ադրբեջանի համար, որը մինչ օրս առաջատարն էր  Վրաստանի հետ տարանցիկ հարաբերություններում։ SGS-ը Ադրբեջանի համար օտար ընկերություն չէ: Ընկերության Բաքվի մասնաճյուղը նախկինում աշխատել է պետական SOCAR ընկերության հետ, իսկ ադրբեջանցի Թեյմուր Աբասովը համակարգում է SGS-ի գործունեությունը Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում: Այնուամենայնիվ, Թբիլիսիի փաստարկը, որ SGS-ի հետ գործարքը շահավետ է ոչ միայն Հայաստանի համար, Ադրբեջանում կարծես անտեսում են։ Միևնույն ժամանակ, Բաքվի բողոքները բորբոքում են համաձայնագրի վերաբերյալ վրացական ընդդիմության քննադատությունը: «Իրականում Վրաստանի կառավարությունը համաձայնել է Ռուսաստանի հետ կապիտուլյացիոն դիրքորոշման, որը վտանգի տակ է դնում ոչ միայն մեր ռազմավարական գործընկերոջ ռազմավարական շահերը, այլև լիովին սպառնում է մեր երկրի ինքնիշխանությանը»,- հայտարարել է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման անդամ Խաթիա Դեկանոիձեն: Մինչ այժմ, սակայն, գործարքը մնում է անավարտ: Ռուսաստանը SGS-ի հետ պետք է ունենա իր սեփական պայմանագիրը՝ նախքան որևէ առևտրային միջանցքի բացվելը: Բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական կողմի պահանջները «մեզ համար անընդունելի են»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանին՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու: Պարզ չէ՝ ինչը դա կփոխի։ Միգուցե մնա մեկ այլ տարվա որոշումների ցանկում։ Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում