13։40
Ցուցարարներին մոտեցել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը։ Վերջինիս հորդորով գործակալները բացել են ճանապարհը։ Այս պահին Անտոնյանը մաքսատանը խոսում է համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ։
13։32
Ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների մոտ 40 ներկայացուցիչներ փակել են Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը։ Նրանք բողոքում են ընկերություններից մեկին՝ «Թոփ-Սփին»-ին, մենաշնորհ տալու և տեղում գործող 6 ընկերությունների համար անհավասար պայմաններ ստեղծելու դեմ: «Թոփ-Սփին» ընկերությունը, որը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է, տարածք է վարձակալել հենց մաքսատան տարածքում։
ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ՝ քիչ առաջ ցուցարարները Պետական եկամուտների կոմիտեի պետին ուղղված նամակ հանձնեցին, որն ընդունել է պետի տեղակալը։ Նրանք պահանջում են բոլորի համար գործունեության հավասար պայմաններ ապահովել և մենաշնորհ չտալ միայն մեկ ընկերության։ Այս պահին ճանապարհը փակ է։
«Թոփ Սփին» ընկերությունը Բագրատաշենի տարածքում գրասենյակ վարձակալելու իրավունքն ստացել է աճուրդի միջոցով, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ Ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող մյուս ընկերությունների ներկայացուցիչներն ասում են, որ տեղյակ չէին աճուրդի մասին, համացանցում այդ մասին նույնպես տեղեկություն չկա։ Գրասենյակի վարձակալության արժեքն է ամսական 25 հազար դրամ։
Ցուցարարները նամակ են հղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանին։
Civilnet











