Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ՀՀ նախագահին ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, զեկուցել է նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվող համակարգային լուծումների մասին:
Վարդան Արամյանն առանցքային մոտեցումների շարքում առաջինը նշել է մակրոտնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ նպատակով 2017 թվականին նպատակադրվել և իրականացվել է հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որպեսզի դանդաղեցվի կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճը, և հիմքեր ստեղծվեն 2018 թվականին մեկնարկելու նույն ցուցանիշի նվազեցման գործընթացը: Նախարարի հավաստմամբ՝ իրականացված աշխատանքի արդյունքում 2017 թվականին հնարավոր է եղել նշված ցուցանիշի աճի տեմպը կրկնակի դանդաղեցնել, իսկ 2018 թվականին այն կնվազի շուրջ մեկ տոկոսային կետով:
Սերժ Սարգսյանը հանձնարարել է տնտեսվարողներին ներկայացնել, թե միջին ժամկետում ինչպիսին է լինելու պարտքի հետագիծը և վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նախագահի համոզմամբ՝ դա ներդրողներին վստահություն կներշնչի՝ ավելի համարձակ լինել իրենց ներդրումային նախաձեռնություններում, քանի որ ընկալելի և կանխատեսելի կլինի այն տնտեսական միջավայրը, որտեղ վերջիններս գործելու են:
ՀՀ նախագահն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները` տնտեսական աճի տեմպերի արագացման և սեփական եկամուտների աճին զուգահեռ ջանքեր գործադրելով տարբեր գործիքակազմով մեծացնելու հատկապես հասարակության այն խմբերին տրվող օժանդակությունը, որոնք ունակ չեն եկամուտ գեներացնելու, իսկ սոցիալապես անապահով, բայց եկամուտ ստեղծելու ունակ մարդկանց համար ստեղծել պայմաններ:
Նա կարևորել է այն հանգամանքը, որ հարկաբյուջետային կայունության ամրապնդման և տնտեսավարողների համար տեսանելի ապագայում կանխատեսելի հարկային քաղաքականության ապահովման առումով պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելու ոչ հեռանկարային գործելաոճից։
Civilnet











