Բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գերիշխող տնտեսվարողներից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը կատարել է համապատասխան ուսումնասիրություն՝ պարզելու, թե որքանով են տեղի ունեցած գնային փոփոխությունները համահունչ հարկային դրույքաչափերի փոփոխություններին: ՏՄՊՊՀ մանիտորինգի համաձայն՝ ընթացիկ
տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված
գազի 1խմ-ը 20 դրամով: Հանձնաժողոն անդրադառնում է յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով իրականացված ուսումնասիրություններին։
«Նախ նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային նոր օրենսգիրքը, որով
նախատեսված են մի շարք փոփոխություններ գործող հարկային կարգավորումների դաշտում: Կատարված
փոփոխությունները վերաբերում են նաև որոշ ապրանքատեսակների գծով հարկային դրույքաչափերին: Այդ
ապրանքների շարքում առավել կարևոր և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից են նաև
բենզինը, դիզելային վառելիքը և բնական սեղմված գազը:
Բենզին
2018 թվականի հունվարից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով
15 000 դրամով: Եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում
էր 25 000 դրամ, ապա ներկայում այն կազմում է 40 000 դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային
սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 000 դրամ, իսկ ներկայումս
այն կազմում է 135 000 դրամ:
Դիզելային վառելիք
Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա նշենք, որ մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի
ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1
տոննայի համար ոչ պակաս, քան 35000 դրամ: Արդեն ընթացիկ տարվա հունվարից, դիզելային վառելիքի
համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմելու է 13 000 դրամ, այսինքն այս մասով
տեղի է ունեցել նվազում, սակայն, միաժամանակ դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումը և
իրացումը այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել:
Հաշվի առնելով, որ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաև դիզելային վառելիքի մաքսային արժեքից և իրացման գներից, ուստի հիմնվելով այս ցուցանիշների վրա, հաշվարկները ցույց են տալիս, որ չնայած մաքսային սահմանին ակցիզային հարկի նվազեցում է տեղի ունեցել, որը կազմել է 1 լիտրի հաշվով 14 դրամ, սակայն իրացման
փուլում ԱԱՀ-ով հարկումը ավելացրել է հարկային բեռը: Ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման
և իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով:
Սեղմված գազ
Չնայած այն հանգամանքին, որ սեղմված բնական գազի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, սակայն,
նկատի ունենալով շուկայի կարևորությունը և սոցիալական նշանակությունը, ՀՀ Մրցակցային մարմինը
համապատասխան վերլուծություններ է իրականացրել նաև այս շուկայում: Այսպես. 2018 թվականի հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը կազմում է
1000 խ.մ-ի համար 25 000 դրամ: Նախկինում այն կազմում էր 8330 դրամ: Այսինքն, 2018 թվականի
հունվարից 1000 խ.մ սեղմված բնական գազի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը
ավելացել է 16 670 դրամով: Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն, որը կազմում է
շուրջ 3300 դրամ 1000 խ.մ գազի համար, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի
ավելացումը կազմում է շուրջ 20 000 դրամ 1000 խ.մ-ի համար:
Այսպիսով այս պահին կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2018 թվականի հունվարին բենզինի,
դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet











