Բրիտանական The Economist հանդեսն անդրադառնում է վրաց-ռուսական հարաբերությունների ներկա փուլին, վերլուծում վրացիների պրագմատիզմի պատճառները։
Թբիլիսիի հմայիչ Հին քաղաքի փայտե պատշգամբների ներքո գինու համտեսի հրավիրող միջնադարյան ոճի վահանակները հավասարապես կարող են լինել թե՛վրացերեն, թե՛ ռուսերեն կամ անգլերեն։ Նույնիսկ որոշ գրաֆիտիներ կիրիլիկ այբուբենով են։
2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ռուս զբոսաշրջիկները այլևս չէին այցելում Վրաստան, ուստի զբոսաշրջիկների հետ շփումը ավելի շատ անգլերենով էր։ Բայց այժմ ռուս զբոսաշրջիկների վերադարձի հետ վերադառնում է նաև ռուսերենը։
Վրաստանի քաղաքական առաջնորդների նոր սերունդը ևս պրագմատիկ է Ռուսաստանի հետ հարաբերություններում: Երկու երկրները դեռ դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն նրանց պաշտոնյաները երկկողմանի կանոնավոր բանակցություններ են վարում, իսկ գործնական նախաձեռնությունները հեշտացնում են երկկողմ առևտուրը, ճանապարհորդությունն ու տրանսպորտային հաղորդակցությունը։ Լատվիացի քաղաքական գործիչ և դիվանագետ Օյարս Կալնինսը նշում է. «Այս կառավարությունը անում է անհնարինը՝ Ռուսաստանին չհակադրվելու համար»:
Սա շատ է տարբերվում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք Վրաստանի մոտեցումից: Նա սիրում էր հրահրել Վլադիմիր Պուտինին, նրան, ըստ լուրերի, անվանել էր «Լիլի-Պուտին» և անսասան էր ԱՄՆ-ի հանդեպ իր ունեցած հիացմունքի հարցում, որը, իր հերթին, Սաակաշվիլիին համարում էր ժողովրդավարական ճրագ ավտոկրատների տարածաշրջանում: Սակայն Ռուսաստանի հետ լարվածությունը գնալով աճեց և ի վերջո վերածվեց հնգօրյա պատերազմի, որում Վրաստանը պարտություն կրեց։ Սաակաշվիլիի պաշտոնավարման վերջին տարիներին նա համարվում էր ավելի ավտորիտար, և 2012թ. Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը պարտություն կրեց երկրի ամենահարուստ մարդու` Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» շարժման կողմից։
Այպիսով, արդյոք Վրաստանը հեռանում է Արևմուտքի՞ց և վերադառնում Ռուսաստանի ուղեծի՞ր: Ոչ այնքան: «Սաակաշվիլիի օրոք գերիշխում էր առճակատվելու տրամադրությունը, որն այժմ փոխարինվել է ավելի խլացված տոնով: Բայց բովանդակությունն ինքնին շատ տարբեր չէ » - ասում է Սաակաշվիլիի օրոք նախկին արտգործնախարար, այժմ անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանը դեռ ձգտում է դեպի Եվրոպա և նպատակ ունի միանալ Եվրամիությանը: Սահմանների անքակտելիության առանցքային հարցերի շուրջ դիրքորոշման մեջ նա ամուր է մնում։ Եվրամիության և ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի հովանավորյալ Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական շրջանները համարում է բռնազավթված վրացական տարածք:
ԵՄ պաշտոնյաները ողջունում են Ռուսաստանի հանդեպ Վրաստանի կառավարության «պրագմատիկ, բայց սկզբունքային» մոտեցումը: Նրանք հուսով են, որ հանդարտ հռետորաբանությունը, ավելի լավ առևտրային և տրանսպորտային կապերը կբարելավեն մթնոլորտը և տարածքային վեճի լուծման հնարավորությունները: Սակայն Վրաստանի հաշտեցման ջանքերը փոխադարձ չեն: Փոխարենը Աբխազիան և Հարավային Օսիան ավելի են ինտեգրվում ռուսական կառույցներում, սահմանային անցակետերը փակվել են, և անցյալ տարի Ռուսաստանը Հարավային Օսիայի դե ֆակտո սահմանը տեղափոխեց վրացական տարածք:
Միևնույն ժամանակ, Վրաստանը դեռ դանդաղ մոտենում է ԵՄ-ին: Պաշտոնյաները Վրաստանին համարում են ԵՄ անդամության ամենահավանական թեկնածուներից մեկը՝ քաղաքական այնպիսի բարեփոխումների շնորհիվ, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքների բարելավումը և այլն։ 2016թ. ուժի մեջ է մտել «Ասոցացման համաձայնագիրը», որը նպաստում է ԵՄ-ի և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը։ 2017թ. մարտին ԵՄ-ն վրացիներին մուտքի թույլտվություն տվեց: Հետագա առաջընթացը, սակայն, ավելի դժվար կլինի. Վրաստանի համար ավելի դժվար կլինի համապատասխանել ԵՄ բնապահպանական և աշխատողների իրավունքների պաշտպանության չափանիշներին։ Ոմանք էլ անհանգստանում են, որ իշխող «Վրացական երազանքը» ճնշում է ընդդիմությանը։ 2012 թ. ընտրություններից հետո Վրաստանը գովասանքի արժանացավ անկախությունից ի վեր առաջին խաղաղ քաղաքական անցման համար: Սակայն այդ ժամանակ նախորդ կառավարության տասնյակ պաշտոնյաներ, որոնք հաճախ մեղադրվում էին իշխանության չարաշահումների մեջ, ձերբակալվեցին, նրանց թվում՝ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, որը դեռ բանտում է: «Վրացական երազանքը համախմբված ուժ է, սակայն մենք դեռ չենք տեսնում զսպումների և հակակշիռների մեխանիզմ»,- ասում է իրավապաշտպան «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի աշխատակից Վանո Չխիկվաձեն։
Մասնավորապես մտահոգիչ է Բիձինա Իվանիշվիլիին շրջապատող մշուշը, որը դեռ երկրի ամենահզոր մարդն է՝ չնայած 2013թ. լքել է վարչապետի պաշտոնը։ Նախքան քաղաքականություն մտնելը, նա ստվերային ներկայություն ուներ և հայտնի էր էկզոտիկ կենդանիների նկատմամբ իր սիրով ու խոշոր բարեգործություններով: Նա իր հայրենի գյուղի բնակիչների համար տներ էր գնել և հովանավորել Թբիլիսիի նոր տաճարի կառուցումը, երբեմն էլ հովանավորել էր դրամական խնդիր ունեցող մտավորականներին։ Իվանիշվիլին շարունակում է ստվերային դերակատար լինել Թբիլիսիի վերևում խոյացող իր ֆուտուրիստական պալատից, և առատաձեռնությունը նպաստել է նրա ժողովրդականության ու հզորության աճին։
Ոմանք կարծում են, որ Իվանիշվիլին է որոշում «Վրացական երազանքի» քաղաքական գործիչների ավելի մեծ իշխանություն ունենալը: Եթե այո, ապա երկիրը կարող է նոր փուլ անցնել: Այսօր վրացական կառավարությունը չունի տիրապետող գաղափարախոսություն: Մինչ Վրաստանը, դիմակայելով Ռուսաստանի հետ գործակցության մարտահրավերներին, ընտրազանգվածին համոզում է, որ ԵՄ տանող բարեփոխումների ջանքերը ապարդյուն չեն, վատ չէր լինի, որ նա տեսլական կառուցեր՝ մի բան, որի պակասը Սաակաշվիլին, իր բոլոր թերություններով հանդերձ, չուներ։ «Նա խենթ ստեղծարար էր»,- ասում է Զուրաբիշվիլին: Վրաստանին պետք չէ «խենթությունը», բայց ստեղծարարությունը կարող է ողջունելի լինել:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Civilnet











